Ես մի քիչ վիրավորված եմ. Վահան Թումասյանը՝ հեղափոխության մասին

Գյումրիում գործող «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանն այս օրերին գրեթե ամեն օր ցուցարարների մեջ էր եւ նրանց կողքին: Հանրապետության ամենաաղքատ մարզում տասնամյակներ շարունակ հասարակական գործունեություն ծավալող Վահան Թումասյանը համոզված է, որ նոր կառավարության հետ էլ իրենց գործելաոճը չի փոխվելու, շարունակելու են պահանջել, ինչպես նախկիններից:

«Փառք Աստծո, մինչ այս պահը կարծես թե ամեն ինչ առանց պոռթկումների ավարտվեց:Բուռն օրերից հետո ժողովուրդը շատ արագ մտել է հունի մեջ, երեխաները դպրոց են գնում, աշխատողներն՝ աշխատանքի: Չկան թեժ քննարկումներ, կամ հոգնել են, կամ ուզում են՝ սառի, հետո վերլուծեն: Այս պահին բոլորս լռություն ենք վերցրել, ինչպես ընտրություններից մեկ օր առաջ է հայտարարվում: Ճիշտ է, պարում էին, ուրախանում, բայց բոլորն էլ սթրես էին ապրում, վախենում էին տապալվելուց: Այն էներգիան, որ կար, հիմա պետք է ճիշտ ուղղությամբ օգտագործվի: Այդ էներգիան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանից չէր կախված, ոչ էլ իշխանության ընկրկելուց, այն յուրաքանչյուրիցս էր», -hraparak.am-ի հետ զրույցում, թավշյա հեղափոխությանն անդրադառնալով, ասաց հասարակական գործիչը:

Ինչ վերաբերվում է նոր կառավարությանը, Վահան Թումասյանն իր մտահոգությունն ունի: «Ես մի քիչ վիրավորված եմ, որ այս ընթացքում, թե մեկ, թե մյուս կողմից, նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, այդպես էլ չհնչեց երկրաշարժի 30-ամյա տարելիցին վերաբերող ոչ մի հարց: Աղետի 30 տարին անգամ չհիշատակվեց: Նախորդ իշխանության ամենամեծ սխալը պրոբլեմները սառեցնելն էր, եւ աղետի գոտի ասվածն էլ իրենց համար սառեցված թեմա էր արդեն: Այնպես չի, որ նոր իշխանություններից առանձնակի ակնկալիք ունենք, մինչև չբզենք, չեմ կարծում հարց լուծվի: Բայց իրականում, եթե իշխանությունը ցանկանա, շատ հարցեր կան, որ ի զորու է լուծելու : Կան հարցեր, որոնք համահայկական լուծումներ են պահանջում: Վերադառնալով աղքատությանը՝ նշեմ, որ գաղտնիք չէ՝ Շիրակի մարզում այն ոչ թե 30, այլ 50 տոկոս է հասնում: Իշխանության ցանկության դեպքում, աղետի գոտում գոնե հնարավոր է լուծել բնակարանաշինության եւ տնակներից քաղաքը ազատագրելու խնդիրները, ինչը 30 տարի է՝ լուծում չի ստանում»,-ասաց նա:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X