Սանձել եւ ուղղորդել

Հեղափոխություններն իրենց տրամաբանությունն ունեն, եւ դրանց մեջ օրենք ու օրինականություն, խաղաղ ժամանակների տրամաբանություն փնտրելը, անշուշտ, անիմաստ է։ Բայց բարոյականության, մարդկային հարաբերությունների, լավի ու վատի պատկերացումները ոչ ոք չեղյալ չի հայտարարել, եւ դրանք պետք է գործեն անգամ այս խառնակ օրերին։

Ասենք, բոլոր ժամանակներում եւ միշտ գործել են հավատարմության, նվիրվածության, անձնազոհության, բարեկրթության, բարության կանոնները։ Միայն ստալինյան ժամանակներում էր որդին պատասխան տալիս հոր համար, կինը՝ ամուսնու։ Կոլեկտիվ պատասխանատվության գաղափարը կարող է միայն քաղաքական պատասխանատվության տեսքով լինել, իսկ օրենքի առաջ յուրաքանչյուրը պատասխան է տալիս կոնկրետ իր կատարած արարքի համար։

Կան նաեւ մարդկային շփումների պարզ կանոններ։ Օրինակ՝ մարդուն քննադատել կարելի է, հայհոյել չի կարելի։ Կամ՝ քծնելն ու ճամբարափոխությունը վատ բան են եւ մերժելի են, անգամ եթե դու միանում ես ժողովրդական հեղափոխությանը։ Իսկ ընկածին անգամ կենդանական աշխարհում չեն խփում եւ այլն։

Թվում է՝ այս պարզ ճշմարտությունների շուրջ վիճելու համար մենք շատ հասուն ազգ ենք՝ հետեւում հազարամյակների պատմություն եւ փորձ ունեցող։ Բայց մեր մեջ քիչ չեն նաեւ միջնադարյան մենթալիտետի կրողները։ Նրանց սանձողը, ըստ իս, պետք է հեղափոխության առաջնորդները լինեն, որոնք պետք է մեղմեն ավելորդ կրքերը, ուղղորդեն ափերից դուրս եկած բազմությանը, տոն տան ու օրակարգ թելադրեն։

Հակառակ պարագայում խոսքերը, որ մենք վենդետա ու կադրային ջարդ չենք անելու, կմնան դատարկ բառեր՝ հասարակության գիտակից խավի ականջը շոյելու համար նախատեսված եւ միջազգային հանրությանն ուղղված։ Իսկ հեղափոխականներն այսօր ՀԷԿ-ի ջուրը կկտրեն, վաղը՝ ՀԷԿ-ի տիրոջ վիզը։

Մեկնաբանություն
X