Էյֆորիայից հետո

Եթե հանրապետական մեծամասնությունը մնա խոստմանը հավատարիմ, մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ: Դա խորհրդանշական է՝ Հայաստանը նոր վաչապետ, պետության փաստացի ղեկավար կունենա Շուշիի ազատագրման օրը: Վերջին քսաան տարիներին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը մայիսյան եռատոնն անցկացնում էր Արցախում: Կպահպանի՞ Փաշինյանն այդ ավանդույթը, թե կպատճառաբանի զբաղվածությունը եւ Ստեփանակերտ չի՞ այցելի: Նոր իշխանության ամենալուրջ մարտահրավերը պատերազմի եւ խաղաղության հարցն է, որ հեղափոխական էյֆորիայից հետո կանգնելու է ողջ լրջությամբ:

Որովհետեւ առանց բաց սահմանների Հայաստանը չի կարող տնտեսության թռիչքային զարգացում արձանագրել: Տասնյակ հազարավոր ցուցարարների ինչ ասես՝ կարելի է խոստանալ: Բոլորովին այլ բան է գործ ունենալ իրականության հետ: Եւ որքան էլ Փաշինյանը փորձում է հեղափոխությունը չկապել աշխարհաքաղաքական ընտրության հետ, միեւնույն է՝ արտաքին հիմնական ընկալումը դա է: Հատկապես՝ ռուս փորձագետների եւ քաղաքական մեկնաբանների մոտ: Եւ տպավորություն է, որ եթե նոր իշխանությունը նույնիսկ դա չցանկանա, որոշ ներքին եւ արտաքին խաղացողներ ստիպելու են ընտրություն կատարել:

Ահա հիմնական հարցը դա է՝ իշխանությունից հեռացողները կկարողանա՞ն եկողներին չխանգարել: Մեկ անգամ Հայաստանում այդպես եղել է. առաջին նախագահը տասը տարի քաղաքականությունից հեռացած էր: Որքա՞ն ժամանակ կունենա նոր իշխանությունը, որպեսզի դրսեւորի իրեն: Թվում է, նրան քիչ հնարավորություն է ընձեռնվելու: Որպեսզի այդպես չստացվի, հեռացողները պետք է ուժ գտնեն եւ խոչընդոտներ չստեղծեն:

Առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում: Մյուս խնդիրներն ածանցյալ են, նորերն ու հեռացողները կարող են պայմանավորվել երաշխիքների հարցում: Գլխավորը Հայաստանի պատերազմի եւ խաղաղության հարցն է: Փաշինյանը մտադիր է առաջին իսկ հնարավորության դեպքում ծանոթանալ օպերատիվ իրավիճակին: Մայիսի 9- ին լրանում է Շուշիի ազատագրման 26- ամյակը: Դա Փաշինյանի վարչապետության առաջին օրն է լինելու՝ հեղափոխական էյֆորիայից հետո:

Մեկնաբանություն
X