Այն մասին, թե որտեղից են հայտնվում երեխաները

Երևի շատերն են մանուկ հասակում հարցրել մեծերին, թե որտեղից են հայտնվում երեխաները, ու լսել նույն պատասխանը՝ «Նրանց արագիլն է բերել»։

Իհարկե, ոմանք դա բացարձակ ապուշություն են համարում, նույնիսկ առաջարկում են փոքրիկներին մանրամասն պատմել, թե իրականում որտեղից են հայտնվում երեխաները՝ չգիտակցելով, որ պղտորել փոքրիկների փխրուն հոգեկան աշխարհը չի կարելի։ Ինչևէ, ես միայն կարող եմ ասել, որ այդ ասացվածքը ամենևին էլ ապուշություն չէ, և չի հորինվել ինչ որ մեկի կողմից հենց այնպես՝ երեխաներին խաբելու կամ զվարճացնելու համար: Այն գալիս է դեռևս անհիշելի ժամանակներից ճշմարտությունը այլաբանորեն ներկայացնելու համար ու առնչվում է մեր նախնիների կրոնական պատկերացումներին։ Պատահականություն չէ, որ թռչուններից հենց արագիլն է նորածիններին բերում, այլ ոչ թէ մեկ ուրիշը։ Ըստ մեր նախնիների հավատալիքների, արագիլը Արա Գեղեցիկ աստծո զուգահեռն է (իպոստազ) թռչունների մեջ, ու հենց դրա համար էլ այդ թռչունին այդպես են անվանել՝ արա'գիլ (գիլ–գել–գեղ–գեղեցիկ), այսինքն Արա Գեղեցիկ։

Չէ՞ որ Արա Գեղեցիկը կյանք բերող, հարություն առնող աստվածությունն է, իսկ ամեն մի ծնված մանուկ մի հարություն առած կյանք է, և արագիլը նույնպես գալիս է իր հետ գարուն ու նոր կյանք բերելով` հարություն տալով բնությանը։ Եվ քանի որ հիշեցի արագիլին, իմիջայլոց ասեմ նաև, որ շումերները նույնպես այդ թռչունին արագիլ են անվանել, ու ընդհանրապես նրանց լեզուն շատ քիչ է տարբերվել հայերենից (իհարկե այն ժամանակվա հայերենից), օրինակ շատ գիտնականներ գլուխ են կոտրում շումերների էպիկական հերոսի՝ Գիլգամեշի անունը վերծանելու ուղղությամբ, չգիտակցելով որ դա սովորական հայերեն բառակապակցություն է՝ «գեղեցիկ գոմէշ», այսինքն՝ գիլ(գեղեցիկ) և գամեշ(գոմէշ)։ Շատերը կզարմանան, թե ինչու՞ պիտի առասպելական հերոսին այդպես անվանեին, սակայն երբ մասնագիտական վերլուծության է ենթարկվում այդ հերոսը՝ իրեն բնորոշող հատկանիշներով, և ընդհանրապես ամբողջ էպիկական պատումը՝ իր ստեղծման ժամանակային կոնտեքստի մեջ, ապա պարզ է դառնում, որ այդ անվանման մեջ ոչ մի հակասություն չկա։ Ձեզ չձանձրացնեմ նեղ մասնագիտական վերլուծություններով, ասեմ միայն, որ «գեղեցիկ» բառը, ինչպես իմ նախկին հոդվածներում եմ նշել, հին ժամանակներում խորհրդանշել է կյանքը նյութական աշխարհում, իսկ գոմեշը, ինչպես եզը կամ ցուլը, որոշակի կատեգորիայի աստվածությունների դրսևորում-խորհրդանշան է` իպոստազ է կենդանական աշխարհում:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X