Եթե անհրաժեշտություն լինի, ապա կտապալենք նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը

Ապրիլի 13-ին գրել էի․ «Ներկայումս Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը մեկ անձի իշխանության հավերժացման սպառնալիքն է: Բոլոր մյուս մարտահրավերները՝ Ադրբեջանական ագրեսիայից մինչև էկոլոգիական հիմնախնդիրներ դրա տրամաբանական ածանցյալներն են: Մտքներիցդ հանեք, Հայաստանը երբեք չի կարող դիմակայել Արդրբեջանին, քանի դեռ չունի կենսունակ քաղաքական համակարգ, իսկ մեկ անձի քմահաճույքների և շահերի վրա խարսխված համակարգը չի կարող լինել կենսունակ: Սա թերևս ՀՀ պատմության ամենամեծ արկածախնդրություններից մեկն է, որը վերահաս աղետի պես ծառացել է հայաստանցիների առջև:

Եվ այսպես, հաշվի առնելով պահի լրջությունը, մենք՝ բոլորս, պետք է մի կողմ թողնենք գաղափարական տարաձայնություններն ու անձնական խնդիրները և համերաշխություն հայտնենք ՔՊ-ի պայքարին: Հեղափոխությունից հետո դեռ կհասցնենք Նիկոլենց հետ բանավիճել, գորգոռալ, հայհոյել և այսպես շարունակ, բայց հիմա իրավիճակն այլ է: Մենք պետք է միավորվենք ու ջախջախենք Սերժ Սարգսյանի բուրգի նույնիսկ ամենավերջին քարը:

Մենք Ուզբեկստան վերածելու հայրենիք չունենք, մենք Սերժ Սարգսյանի Հայաստանում ապրելու ցանկություն չունենք, փողոցը մերն է, մենք էլ՝ փողոցինը, #քայլարա ու #ՄերժիրՍերժին»։

Եվ այսպես կարելի է ասել մենք հաղթել ենք, բռնապետությունը հողին է հավասարեցվել, դիցուկ․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, իսկ ՀՀԿ-ն համաձայնել է վարչապետի ընտրություններում աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Վերջին 20 օրերը չափազանց դրամատիկ էին ու զգացմունքային։ Մենք՝ բոլորս, կարողացանք մի կողմ դնել մեր տարաձայնությունները, տարբերություններն ու աշխարհայացքային հակադրությունները, կարողացանք մեկտեղվել մի ընդհանուր նպատակի շուրջ ու նույնականանալ նույն դրոշի ներքո։ Վերոհիշյալը հայաստանցիների և ընդհանրապես հայ հանրության մեծագույն նվաճումն էր։ Հանրապետության հրապարակը պայմանական այն տարածքն էր, որտեղ տարբերները միևնույն ժամին հանդիպելով, նույնանում էին և միաձուլվում։ Սա ֆանտաստիկ հանդիպում էր, իսկ հանդիպման կազմակերպիչը տիկին հեղափոխությունն էր, նրա անուշ հոտն ու հիստերիկ ձայնը, անտեսանելի, բայց՝ շոշափելի։ Այո՛, հեղափոխությունը կին է։

Կարծում եմ, հիմա ժամանակն է մի կողմ դնել ավելորդ, բայց անխուսափելի զգացմունքայնությունն ու անցել լուրջ քննարկման։ Ինչպես դասականն է հաճախ կրկնում․ Եկել է լրջանալու պահը, չնայած այնպես էլ չէ, որ մինչև հիմա լուրջ չէինք, պարզապես խոսքը բոլորովին այլ լրջության մասին է՝ հետհեղափոխական լրջության, որի առաջնային թիրախներն են՝ հեղափոխության արդյունքների անբեկանելի պահպանումն ու նոր համակեցության կառուցումը։

Ամենածանր իրավիճակում թերևս հայտնվել են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կամ՝ ապագա թիմը։ Գրեթե կասկած չկա, որ մայիսի 8-ին Նիկոլը ստանձնելու է Հայաստանի ժամանակավոր վարչապետի պաշտոնը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո։ Սա է ողջ խնդիրը։ Խոստովանենք, որ ծանր պատասխանատվություն է, ծանրաձող, որը Փաշինյանը դեռ պետք է բարձրացնի։

Միանգամից նշեմ, որ հեղափոխական կրքերի և դրամատիզմի հետ միասին ավարտվեց նաև համերաշխությունը։ Մենք այլևս դառնալու ենք ժամանակավոր կառավարության աննահանջ քննադատներն ու ընդդիմախոսները։ Մենք արդեն մեր մաշկի վրա զգացել ենք բռնապետության ծանրագույն գինը և՝ անցյալի դառը փորձից դասեր քաղելով, չենք հանգստանալու, վերահսկելու ենք և սրբություն սրբոցի պես պահպանելու հեղափոխության նվաճումներն ու արդյունքները։ Խոսքը պարզունակ անտագոնիզմի և թիրախավորված հարձակման մասին չէ, այլ՝ քննական ու քննադական մոտեցման։ Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք իշխանության բռնազավթում և միահեծան տնօրինում չի լինելու, քանի որ հանրությունն արդեն իսկ ունի հաղթական ու մարմնացյալ հեղափոխության նախադեպը, ու երաշխավորն է այդ նախադեպի։ Եթե ժամանակավոր կառավարությունը շեղվի հեղափոխության առաջ քաշած ուղեծրից, ապա մենք տապալելու ենք նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այս ամենի հետ միասին մենք նաև օգնելու ենք ժամանակավոր կառավարությանն ու ամեն մեկս ստանձնելու է պատասխանատվության իր չափաբաժինը։

Հայաստանի պես երկրներում ռեֆորմներ իրականացնալեը հեշտ գործ չէ, դրանք ցավոտ են ու հաճախ վիրահատական մոտեցումներից պարզապես հնարավոր չէ խուսափել։ Համաշխարհային պատմության պրակտիկան փաստում է մի շատ անարդար, բայց օրինաչափ ճշմարտության մասին։ Հանրույթները խելագարի պես սիրում են իրենց հեղափոխականներին, բայց՝ նույն ուժգնությամբ ատում ռեֆորմիստներին։ Ասվածի ցցուն վկայությունն է հատկապես հետխորհրդային տարածքը, որտեղ ռեֆորմիստները ատվել են ու արժանացել ժողովրդական բանադրանքին։ Միշտ այդպես է լինում, մարգարեները մերժվում են իրենց քաղաքներում։

Եւ, այսպես կարողանալու՞ է Փաշինյանը դառնալ Հայաստանի ռեֆորմիստը։ Պատրաստ են արդյո՞ք նրանք անցնել վիրահատական մեթոդների և փոխել պետության զարգացման որակական ռելսերը։

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու մյուսները չպետք է կանգ առնեն ոչնչի առջև, պետք է պատրաստ լինեն ամեն ինչի, նույնիսկ ժողովրդի կողմից ատվելու և բանադրվելու հեռանկարին, բայց ռեֆորմները պետք է կյանքի կոչվեց, հակառակ պարագայում ամենն այս իմաստ չի ունենա, այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ հեղափոխությունն այս կարծես չի էլ եղել, ցնորք էր, որը եկավ ու անցավ։

Արևշատություն բոլորիս, կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե հետհեղափոխական Հայաստանը, որը պետք է դեռ ապացուցի, որ ամենն այս պատահականություն չէր։

Ներողություն եմ խնդրում անկեղծ ու մի փոքր էլ չոր տեքստի համար, բայց ես այն մարդկանցից չեմ, որ հանկարծ կեղծավորության կամ էլ հուզմունքի գիրկն ընկնեմ։

Շարունակելի․․․

Մեկնաբանություն
X