ՀՀԿ-ականները միշտ ասում էին՝ մեր դեմը խաղ չկա, հիմա թող տեսնեն, որ ժողովրդի դեմ խաղ չկա (տեսանյութ)

Դասադուլ եւ գործադուլ`1 շաբաթ

Այսօր առավոտյան Հրազդանի թիվ 5, 6, 11, 12 հիմնական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները հայտարարեցին գործադուլ եւ դասադուլ այնքան ժամանակ, մինչեւ ժողովրդի ձայնը տեղ հասնի եւ քայլերթով միացան մյուս ցուցարարներին. «Իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականությունը ժողվրդի նկատմամբ, կոռուպցիան, իշխանության լինելու հանգամանքը մեզ այս քայլի դրդեց: Մենք մեր քայլով ուզում ենք երեխաներին սովորեցնել չհանդուրժել անարդարությունն ու տգիտությունը, որն այսօր մեր կյանքում տեղ է գրավում», -ասում է 11 դպրոցի ուսուցիչներից:

Օրվա ընթացքում Հրազդան քաղաքում ցույցին միացան ՀրազՋԷԿԻ աշխատակիցներ, Կոտայքի մարզային գրադարանի աշխատակիցներ, այլ դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ:

Հրազդանի քաղաքապետը վախեցած էր

Ծաղկաձորի օղակաձեւ խաչմերուկից ցույցի մասնակիցները քայլեցին դեպի Հրազդանի քաղաքապետարան՝ պահանջելով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը: Քաղաքապետարանում տեսնելով հսկա բազմություն՝ քաղաքապետը դիմել էր ոստիկանությանը, որպեսզի պաշտպանեն իրեն ցուցարարներից: Նույն պահին Հրազդանի քաղաքապետարանի դռները կողպվեցին, դրսից եւ ներսից հսկողություն սահմանեց ոստիկանությունը:

Մինչ ցուցարարները պահանջում էին քաղաքապետի հրաժարականը, քաղաքապետը պատուհաններից թաքուն հետեւում էր: Մեր տեղեկություններով՝ քաղաքապետարանում շատ լարված վիճակ է եղել:

Այնուհետև ցուցարարներին միացավ քաղաքապետարանի տարածքային եւ զարգացման պատասխանատու Գագիկ Հարությունյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հունվարի 1-ից:

Նշենք, որ մինչ այդ քաղաքապետի եւ Գագիկ Հարությունյանի հարաբերությունները լարված են եղել: Գագիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը խորհուրդ կտար քաղաքապետին միանալ ցուցարարներին. «Եթե ժողովրդի ընտրյալն է, ապա պետք է գլուխը բարձր ժողովրդի կողքին լինի, ոչ թե գլխիկոր այդ աստիճանները ամոթով պետք ա իջնես: ՀՀԿ-ականները միշտ ասում էին՝ մեր դեմը խաղ չկա, հիմա թող տեսնեն, որ ժողովրդի դեմ խաղ չկա»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Հրազդանը ցնծում է

«Մի քանի օր է Հայաստանում ենք, շատ ոգեւորված ենք: Այս մարդիկ (նկատի ունի ցուցարարներին) երգում, պարում, ուրախանում են, կարծես մի ընտանիքի պես են դարձել: Ոմանք տարբեր խաղեր են խաղում: Ոմանք ուտելիքներ հյուրասիրում, այսպիսի բան չէին տեսել»,- մեզ հետ զրույցում նշեցին ռուս զբոսաշրջիկները, ովքեր Ծաղկաձորի տանող օղակաձեւ խաչմերուկից ստիպված էին ոտքով հասնել հյուրանոց:

Նշենք, որ այս տրամադրությունը Հրազդանում կշարունկավի մինչև ուշ երեկո, որից հետո ավտոերթ կիրականացնեն Հրազդանում. «Մենք չգիտենք, թե ինչպիսի զարգացումները կլինեն, ինչ կփոխվի մեկ գիշերվա ընթացքում: Եթե որեւէ բան չփոխվեց, վաղը ժամը 7:00 փակելու են ՀրազՋԷԿԻ եւ 5-րդ բլոկի ճանապարհը»,-ասացին մասնակից ակտիվիստները:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X