Մտորումներ` պայքարի շուրջ

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը եւ, առհասարակ, դրսից ոչ մեկը չի միջամտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Տա Աստված, որ դա այդպես լինի: Իսկ ի՞նչ են նշանակում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Հայաստանում հավատարմագրված ԵՄ, ՌԴ եւ ԱՄՆ դեսպանների հետ, ի՞նչ է նշանակում ՀՀ արտգործնախարարի հանդիպումը նույն դեսպանների հետ, այցը Մոսկվա եւ հանդիպումը Լավրովի հետ, ՌԴ արտգործնախարարի եւ ՌԴ նախագահի խոսնակների անընդհատ հայտարարությունները, փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի այցը Մոսկվա, Վլադիմիր Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցը՝ վերջապես: Իսկ Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարնե՞րն ինչ գործ ունեն այս պատմության մեջ: Մեր հարցով հայտարարություն չի արել թերեւս միայն Կիմ Չեն Ընը, այն էլ հարգելի պատճառով, որովհետեւ զբաղված է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստություններով: Պատկերացնել, թե բոլորն «ուշիուշով» հետեւում են միայն մեր հանրահավաքներում հնչող ելույթներին եւ Նիկոլից սովորում հեղափոխություն անելու արվեստը, նույնիսկ ծիծաղելի կլինի: Նույն թեթեւությամբ Նիկոլ Փաշինյանը գուցե ասի նաեւ, որ այս օրերին Ալիեւն ու Էրդողանը միայն anadolu գործակալության լրահոսից են տեղեկանում հայաստանյան իրադարձություններին:

Բայց եթե իսկապես՝ օտար միջամտություն այսօր չկա: Իսկ վա՞ղը: Չեմ վախեցնում, մենք հերոս ժողովուրդ ենք, միասնական ենք, մեր դեմ խաղ չկա, բայց ունե՞նք թեկուզ ամենախաղաղ օտար միջամտությունից պաշտպանվելու միջոցներ, եթե պարզվի, որ սահմանադրություն ու օրենք է խախտվել, եթե մի պահի խաղաղ ցույցի տրամաբանությունը մեջտեղից վերանա: Վերջապես, մի՞թե կարելի է անտեսել ռուսական եւ ամերիկյան հետախուզությունների անսահմանափակ հնարավորությունները հարթ գետնի վրա (չասեմ՝ «հեղափոխությունների» ժամանակ) կոնֆլիկտներ հրահրելու գործում:

Այս ամենը մի կողմ` ես ունեմ իմ առաջարկը: Պետք է գիտակցել, որ Հայաստանում իշխանափոխությունն այլեւս իրողություն է, եւ պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Սա այս շարժման հաղթանակն է` բարձրակետը: Այն, ինչ տեղի է ունենում սրանից հետո` բանակցությունների տապալում, հայտարարություններ, որ արդեն ՊՆ զորամասեր են միանում Նիկոլ Փաշինյանի շարժմանը, սիգնալ, փակ փողոց, վրաերթ, ֆեմենի երթեր, աղանդավորության ակտիվացում, սեռական փոքրամասնությունների միացում երթերին (Facebook-ում են գրում), փակ համարներով ավտոմեքենաներ, «կամ ես եմ, չկամ` ես եմ» տիպի հայտարարություններ, շարժումը տանում են դեպի քաղաքական աղբանոց, որ մեկ բառով կոչվում է պարտություն: Ահա իմ առաջարկը` հանդարտվել եւ ի մի բերել շարժման ձեռքբերումները, հաշվել այն առավելությունները, որ ընդդիմությունը ստացավ հասարակությունից, եւ այլեւս չի կարելի ասել, որ առաջիկա ԱԺ ընտրություններում մենք ընդդիմություն չենք ունենա: Ավելին չի էլ կարելի ակնկալել մի շարժումից, որ սկսվել է «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով եւ դեմ առել ՀՀԿ-ին մերժելու խնդրին:

Նիկոլ Փաշինյանը հավատում է (գուցե ինքնաբերաբար), թե միայն ինքը կկարողանա ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպել: Բայց եթե դրան գնալու մեթոդներից մեկն էլ հրապարակում դրված աղբամանն է, որի մեջ ՀՀԿ-ի անդամատոմսեր են նետում, իսկ դա այսօր այնքան էլ ակտուալ տեխնոլոգիա չէ, եթե չասեմ, որ վերցված է ՀՀՇ-ի 90-ականների զինանոցից, երբ աղբամանի մեջ Կոմկուսի անդամատոմսեր էին նետվում, ապա համամասնական ազատ, արդար ընտրությունների այդ ձեւերով չեն գնում: Ի՞նչ է նշանակում` բոլոր քաղաքական ուժերը պետք է պաշտպանեն վարչապետի` «Ելքի» եւ միայն «Ելքի» թեկնածուին, որովհետեւ այս պահին ժողովուրդը դա է ուզում, այլապես Հայաստանում վարչապետ չի լինելու ընդհանրապես: Սա ընտրությունների գնացող մարդու հայտարարություն չէ:

Ի վերջո, հասարակությունը՝ «Ելքի» հետ միասին, ընդունել է 2017թ. երկու ընտրությունների արդյունքներ եւ հայտնվել ԱԺ-ում ու Երեւանի քաղաքապետարանում: Հիմա, մեկ տարի անց, հասկացել են, որ այդ ընտրությունները լեգիտիմ չեն, եւ ուզում են արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ կազմակերպել: Իսկ ինչո՞ւ չպահանջել նաեւ Տարոն Մարգարյանի հրաժարականը (քանի դեռ ժողովուրդ կա փողոցում) եւ «Երկիր ծիրանի»-ին չպարտադրել, որ նա պաշտպանի քաղաքապետի «Ելքի» թեկնածուին: Բայց վստա՞հ եք, որ «Երկիր ծիրանի»-ն կընդունի ձեր կազմակերպած ընտրությունների արդյունքները:

Էն էլ կա, որ եթե ԱԺ արտահերթ ընտրություններում «Ելքն» ընդամենը 2-ով, գուցե 3-ով ավելացնի պատգամավորական աթոռները, հետեւելու է կատարյալ հիասթափություն թե՛ Նիկոլ Փաշինյանից եւ թե՛ շարժումից: Արժե՞, արդյոք, սեփական ամբիցիաների պատճառով անորոշության մատնել հենց քո ստեղծած քաղաքական ուժի ապագան, երբ այդ ուժն ընտրություններից առաջ ունի ընդամենը համակրանք, բայց ոչ ծրագիր ու պլատֆորմ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X