Գյումրեցիները վերջնագիր ներկայացրեցին քաղաքապետին. Ես Հանրապետական չեմ` Սամվել Բալասանյան

Գյումրիում ցուցարարները երեկվանից անցել են գործողությունների: Այսօր առավոտից ցուցարարների կողմից շրջափակված է մարզպետարանի շենքը, կաթվածահար է երթուղին: Քիչ առաջ մի խումբ ցուցարարներ ակտիվիստ Կարեն Պետրոսյանի գլխավորությամբ ներխուժեցին Գյումրու համայնքապետարան՝ պահանջելով աշխատողներին եւ քաղաքապետին միանալ իրենց:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանին նեղը գցեցին, երբ պահանջեցին, որ հայտարարի, թե դուրս է գալիս ՀՀԿ –ից՝ լուծարելով իր ստեղծած Բալասանյան դաշինքը: «Բալասանյան դաշինքը, որ այսօր ղեկավարում է քաղաքը, Խոսրով Հարությանի հետ է, մի մարդ, որ դեմ քվեարկեց երեկ մեզ….»,-ասաց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:

Արդեն մի քանի կուսակցություն փոխած եւ ՀՀԿ –ի քվոտայով քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը շտապեց արդարանալ. «Ես կուսակցական չեմ, ես Հանրապետական չեմ»: Ցուցարարներին այս պատասխանը չբավարարեց. «Կապ չունի, մենք հորդորում ենք ձեզ ձեր աշխատողների հետ միանալ ժողովրդին: Մինչև քաղաքապետը կմտածի ՝ միանա, թե ոչ, մյուսները փակում են բաժնի դռները ու միանում են մեզ»,-պահանջեցին նրանք:

Մինչ համայնքապետարանի աշխատողները ցուցարարներին կմիանային, քաղաքապետին վերջնագիր ներկայացվեց. «5 րոպե ժամանակ կտանք, որպեսզի պարոն քաղաքապետը քննարկի իր թիմի հետ եւ հայտարարի, որ դուրս է գալիս ՀՀԿ-ի դաշինքից»:

Բալասանյանն ակնհայտորեն նեղվեց ստեղծված իրավիճակից. «Դուք ուրիշ բան եք նախապատրաստում արդեն….»,-խոսքն անավարտ մնաց ցուցարարների սուլոցից:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X