Պայքարը շարունակվում է

Երեկ մենք շտապեցինք եզրակացնել, որ ավարտվեց առաջին արարը, եւ մենք այսօր ունենալու ենք ՀՀ վարչապետ՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։ Այլընտրանքային թեկնածու չառաջադրելը, քաղաքական բանակցությունները եւ, վերջապես՝ տրամաբանությունը դա էին հուշում։ Բայց պարզվեց՝ իշխանությունը շատ ավելի քաղցր բան է, քան մեզ՝ իշխանությունից դուրս գտնվողներիս կարող է թվալ։ Դրա համար թեժ, կատաղի պայքար է գնում։

Երեկ ողջ երկիրը, համակ ուշադրություն դարձած, հետեւում էր երկրիս թիվ մեկ քաղաքական մարմնում՝ խորհրդարանում եւ հրապարակում կատարվող իրադարձություններին։ Հիանում էինք Նիկոլ Փաշինյանի հավասարակշիռ պահվածքով։ Հայտնագործում էինք, որ Արփինե Հովհաննիսյանը՝ այդ «անսասան» թվացող ՀՀԿ-ական տիկինը հուզվել էլ գիտի։ Որ Կարեն Բեքարյանը ոչ միայն մոնոտոն ձայնով, ոչինչ չասող ճառեր է ասում, այլեւ կարող է էմոցիոնալ խոսել։ Որ ՀՀԿ մեծամասնությունը նաեւ թերթեր է կարդում, ինչպես նաեւ՝ խեղճանալու, խնդրելու ունակություն ունի։ Նրան բնորոշը միայն ցինիկ ու ինքնավստահ պահվածքը չէ։ Տեսանք, որ իշխանամետ ճառեր ասողները կարող են նաեւ բոցաշունչ ընդդիմադիր ելույթներ ունենալ։ Իսկ «Ելքը», որքան էլ պառակտված լինի, վճռական պահերին ունակ է համախմբվելու։

Բայց ամենակարեւոր հետեւությունը, որ կարելի է անել այս օրերի դեպքերից, այն է, որ հասարակությունը հաղթել է, եւ պայքարն արդյունք է տվել։ Սերժ Սարգսյանի հեռանալն իրական, դարակազմիկ հաղթանակ է։ Եթե անգամ այսօր փողոց ելած երիտասարդները չհասան պլան-մաքսիմումին, պլան-մինիմումը կատարված է, եւ հուսահատվելու պատճառներ չկան։ Հիմա թեւակոխում ենք պայքարի երկրորդ փուլ։ Պետք է պատրաստվել եւ այս հուժկու ալիքն օգտագործել նոր ընտրությունների փուլում՝ ավարտին հասցնելով պլան-մաքսիմումի իրագործումը։

Մեկնաբանություն
X