Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» հիշեցնում է Ռադիշչեւի ճանապարհորդությունը

Չսպասված հեղափոխությունը թակեց ոչ միայն հանրության ակտիվ ու անտարբեր մարդկանց դռները, այլեւ տարբեր մեծ ու փոքր կուսակցությունների, որոնք իրենց առաքելությունը ԱԺ ընտրությունների միջոցով իշխանության գալուն են ապավինել։ Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը հեղափոխության բռնկման պատճառ է համարում Հայաստանում տարիներ շարունակ առկա սոցիալական լարվածությամբ, դրանից ածանցվող արտագաղթով։ Մյուս պատճառը, ըստ նրա, այն է, որ 10 տարի երկրի նախագահ եղած Սերժ Սարգսյանը առաջադրվեց երկրի վարչապետի պաշտոնում։ Իսկ արդյունքում կուտակված ժողովրդի դժգոհությունն օգտագործեց Նիկոլ Փաշինյանը։

Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ սոցիալական խնդիրներ ունեցող բողոքական զանգվածը հույս էր կապում, որ այդ համաժողովրդական շարժումը կարող է հանգեցնել իր խնդիրների լուծմանը։ «Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժումը, որը 215 կմ Գյումրիից մինչեւ Երեւան արշավ էր, ինձ հիշեցնում է ռուս իրականության մեջ Ռադիշչեւին, որը ճանապարհորդություն էր կատարել Սանկտ-Պետերբուգից Մոսկվա եւ նկարագրել էր այն գյուղերի, քաղաքների վիճակը, որում նրանք հայտնվել էին։ Ռուսական իշխանությունները պատժեցին Ռադիշչեւին՝ նրան դատապարտելով սկզբում գնդակահարության, հետո՝ տաժանակիր աշխատանքի։ Երբ ժողովրդին հուզող հարցերը դանդաղ են լուծվում կամ լուծվել են ոչ արդարացի եւ ոչ արդյունավետ, կարող են հանգեցնել նման իրավիճակի»,- մեզ հետ զրույցում նշեց Վազգեն Սաֆարյանը։ Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցությունը երեկ հրավիրել է նախագահության նիստ՝ 25 հոգու մասնակցությամբ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։

Իսկ քննարկման ընթացքում էլ առաջադեմ կոմունիստները մտածել են ներկայացնել գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, ավիացիայի ոլորտներին վերաբերող ծրագրեր։ Վազգեն Սաֆարյանը նշում է․ «Մենք ունենք այդ ոլորտների մասնագետներ, եւ մենք հանձնարարել ենք նրանց ներկայացնելու ծրագրեր, թե առիթի դեպքում ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է իրականացվի, որպեսզի կուտակված տնտեսական, սոցիալական խնդիրները լուծվեն։ Առանց ՀՀ-ի հիմնական ճյուղերի՝ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման այս խոսակցությունները կմնան որպես ձայն բարբառո հանապատի։ Չէ՞ որ ժողովուրդն ինչ արագությամբ ոգեւորվել է, նույն արագությամբ էլ կարող է հիասթափվել, եթե նրա կյանքում չլինեն փոփոխություններ»։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները, լրագրողները ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցախեղդ են անում՝ փորձելով իմանալ նրա դիրքորոշումը ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Բավարարո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի պատասխանները Վազգեն Սաֆարյանին։ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ այդ պատասխանների արդյունքները պետք է տեսնել իրականության մեջ։

«Քաղաքական գործիչները պետական գործիչներից տարբերվում են նրանով, որ առաջիններն իրենց խոսքերի համար չեն կրում պատասխանատվություն։ Բայց պետական գործիչների խոսքերը կամ ամեն մի սխալ քայլը կարող է հանգեցնել այնպիսի հետեւանքների, որոնք ծանր են անդրադառնում երկրի ընթացքի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։ Եվ հիմա Հայաստանի միացյալ առաջադիմական կուսակցության նախագահն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հետեւողական լինի տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու մասին արված հայտարարությունները կյանքի կոչելիս։ Վազգեն Սաֆարյանը հատկապես կարեւորում է ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, քանի որ ՌԴ-ում մեքենաշինության եւ այլ ոլորտների հետ ունեն ձեւավորված հարաբերություններ։ Մեր զրուցակիցը կարծում է, որ կառավարության աջակցության դեպքում կլինեն ներդրումներ մասնավորապես կաուչուկի գործարանը վերականգնելու համար։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից Վազգեն Սաֆարյանն այն տպավորությունն է ստացել, որ այն ցնցումների չի տանելու եւ զերծ է ծայրահեղություններից։

Հարցին, թե ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն նոր վարչապետի ընտրությունից հետո, թե մեկ տարի անց, Վազգեն Սաֆարյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ պետք է ձեռնամուխ լինել նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունմանը։ Այդ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով, խայտառակ ռեյտինգային ընտրական համակարգը, որը քաղաքական դարվինզիմ է, պետք է վերացվի։ Իսկ նոր ընտրությունները, կարծում եմ, պետք է լինեն աշնանը։ Նիկոլ Փաշինյանը, որքան հասկացա, ասում էր, որ պետք է լինի քաղաքացիական համերաշխության ժամանակավոր կառավարություն։ Կարծում եմ, որ այդ ժամանակավոր կառավարության մեջ պետք է ընդգրկվեն գործունյա, կյանքի փորձ ունեցող մարդիկ, որպեսզի կարողանան նրանք այս կամ այն ոլորտի խնդիրները վեր հանել եւ փոխել քաղաքականությունը»։ Այդ առումով էլ ՀՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X