Ինչը լցրեց համբերության բաժակը․ Մի ցինիկ խոսք, մի անզգույշ որոշում, մի փոքրիկ ձախողում

Տասնամյակներ շարունակ ընտրություններ կեղծող, Ընտրական օրենսգիրքն իր շահերին ծառայեցնող, ընտրական ճնշումների, ընտրակաշառք բաժանողների, քաղաքացու քվեն խլողների մասնագիտացված բրիգադներ օգտագործող իշխանությանը մենք շարունակ զգուշացնում էինք, որ դա վտանգավոր ճանապարհ է։ Երբ ընտրական մեխանիզմները չեն աշխատում եւ վստահություն չեն ներշնչում, իշխանության փոխանցման, իշխանության գալու տարբեր, այդ թվում՝ բարբարոսական մեթոդներ են ասպարեզ իջնում։ Նման երկրներում սկսում են հարգել բռնությունն ու տեռորը։ Մարդիկ թաքուն կամ բացահայտ հանգում են այն մտքին, որ միայն զենքով ու զոռբայությամբ է հնարավոր փոխել իշխանությունը։ Այն իշխանությունը, որին չի ընդունում ժողովուրդը, որը կորցրել է հասարակության վստահությունը, որը ոչ մի խնդիր չի կարողանում լուծել եւ այլեւս խանգարում է մեր պետության զարգացմանը։

Այս պայմաններում չեն կարող փրկել ոչ Անվտանգության ուժեղացված ծառայությունը, ոչ ցուցարարներ ցրելու մեջ հմտացած ոստիկանությունը, ոչ էլ ցանկացած հրաման կատարելու պատրաստ բանակը։ Նման պայմաններում ամեն մի ցինիկ խոսք (Շարմազանովի, թե գեներալ Մանվելի), ամեն մի անզգույշ որոշում (կառավարական դաչայի, թե Խորենացու մեդալ տալու), ամեն մի ձախողում (ապրիլյան պատերազմ կլինի, թե հյուսիս-հարավ ճանապարհի վատ շինարարություն) լցնում է ժողովրդի համբերության բաժակը եւ ցանկացած փոքրիկ փաստ կարող է լինել այն վերջին կաթիլը, որը փողոց կհանի մարդկանց, որն էլ հեղեղի նման կսրբի- կտանի իշխանություններին։ Եւ իշխանության կգա մեկը, ով կկարողանա կառավարել ժողովրդի զայրույթը եւ նվաճել նրա սերը։ Ու բոլորովին պարտադիր չէ, որ դա լինի ամենագրագետ, ամենաարժանի ուժը կամ անձը։ Եւ ոչ մի երաշխիք չկա, որ նա կվայելի հանրության մեծամասնության համակրանքը։ Փողոց ելած մարդիսկ միշտ ավելի ուժեղ են, ավելի շատ, ավելի համառ, քան իրենց կաբինետներում աշխատող մտավորականները կամ հանրային ակցիաներին չմասնակցող չինովնիկները, որոնք հնարավոր է՝ դեմ են տեղի ունեցող հեղափոխությանը, բայց իրենց կարծիքը չեն հայտնում, այն հայտնելու հնարավորություն չունեն։

Քաղաքակիրթ աշխարհում հենց հասարակության կարծիքն իմանալու եւ մեծամասնության կամքով ձեւավորված իշխանություն ունենալու համար ստեղծել են ընտրություն կոչվող համակարգ եւ հասել են այն բանին, որ դա տեղի է ունենում արդար եւ թափանցիկ եղանակով։ Որ անգամ փոքրամասնությունը, որի շահերը նույնպես ներկայացված է լինում իշխանության մեջ, չկասկածի, որ իշխանությունը ձեւավորվել է կեղծիքով եւ զիջի մեծամասնության կամքին։ Պարզ ասած՝ եթե դու մերժում ես Սերժին, բայց իրական ընտրությունների ժամանակ պարզվում է, որ նա 50 պլյուս 1 տոկոս ձայն ունի, դու հաշտվում ես այդ իրողության հետ եւ պատրաստվում ես հաջորդ ընտրություններին, որ փոխես ուժերի հարաբերակցությունը։

Իսկ եթե 20 տոկոս ձայն ունեցող անձը կարողանում է նկարել ընտրությունների արդյունքները եւ գալիս է իշխանության, ամեն օր վտանգ կա, որ վրդովված հասարակությունը կընդվզի եւ դու կզրկվես անգամ խորհրդարանում 20 տոկոս ձայն ունենալու հնարավորությունից։ Իրականում պարզ սխեմա է աշխատում, որը մեթոդաբար ոտնահարելն ու ոչնչացնելը հառնեց իշխող ուժի առաջ եւ մեզ բոլորիս դրեց հրապարակում վարչապետ ընտրելու ոչ դեմոկրատական փաստի առաջ։ Ամենաուշագրավն այն է, որ այսօր ոչ ոք՝ ոչ սոցիոլոգները, ոչ լրագրողները, ոչ քաղաքագետները, ոչ քաղաքական ուժերը չեն կարող ասել, թե մեր երկրում ուժերի ինչ հարաբերակցություն է տիրում եւ խորհրդարանն ինչ կազմ պիտի ունենար, որ արտահայտեր հասարակական տրամադրությունները։ Մի բան հստակ է, որ այսօրվա Ազգային ժողովը, որից ածանցյալ են իշխանության մյուս թեւերը, բացարձակապես չի ներկայացնում մեր հասարակությունում տիրող պատկերը։

Հնարավոր է՝ ինձ առարկեն, որ ոչ ոք չէր ստիպում ՀՀ քաղաքացուն ընտրակաշառք վերցնել, կեղծ քվեներ տալ կամ հաշտվել 2017-ի ընտրությունների արդյունքների հետ եւ, ըստ այդմ, այսօրվա խորհրդարանը ձեւավորվել է ընդդիմության ու ժողովրդի լուռ համաձայնության եւ պասիվ մասնակցության պայմաններում։ Բայց ամեն դեպքում ժողովրդի աղքատությունից, խեղճությունից, մասսաների՝ Ազգային ժողովի կազմի եւ իր կենսամակարդակի միջեւ կապը չգիտակցելու հանգամանքից օգտվելն ազնիվ չէ եւ դրանից օգտվելով քվեներ կորզելը մենք տեսանք, թե ինչի կարող է հանգեցնել։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X