Ինչու է սխալ վարչապետ ընտրելը

Հետահայաց նայելով Երեւանում եւ հանրապետությունում երկու շաբաթ ծավալված հանրահավաքային շարժմանը եւ արժանին մատուցելով նրա արձանագրած մեծագույն ձեռքբերմանը` Սերժ Սարգսյանի հեռանալուն, պետք է վերստին արձանագրել աշխարհի չափ հին իրողությունը: Կյանքը ղեկավարվում է քաղաքականությամբ: Քաղաքացիական շարժումները կարող են քաղաքական հետեւանքներ առաջացնել, բայց դրանք երբեք չեն կարող քաղաքականության փոխարինել:

Փաշինյանը որքան էլ լայնածավալ քաղաքացիական շարժում բարձրացրեց երկրում, որքան էլ հեղափոխական պաթոսով հայտարարեց, որ ՀՀԿ-ի կապիտուլյացիայից բացի այլ օրակարգով չի բանակցի իշխանության հետ, ի վերջո՝ պաթետիկան թողեց, անձամբ գնաց խորհրդարան` հանդիպեց քաղաքական ուժերին եւ անհատներին, ոմանց հետ հարցեր քննարկեց, այլոց հարցերին պատասխանեց եւ վերջնահաշվում իշխող ՀՀԿ-ին հավաստիացրեց, որ վարչապետ ընտրվելու դեպքում (ինչը հնարավոր է միայն ՀՀԿ-ի օժանդակությամբ) ինքը չի հակադրվի եւ չի հեռանա ՀՀԿ-ի վարած քաղաքականությունից` առնվազն արտաքին հարաբերությունների, տնտեսության եւ ռազմական ոլորտներում:

Իհարկե, Փաշինյանը կարող էր հայտարարել, որ մի քանի այլ ոլորտներում էլ լիովին կհեռանա, անգամ կհակադրվի ՀՀԿ-ին, դիցուք՝ ընտրությունների կազմակերպման, արդարադատության իրականացման, շուկայական մրցակցության ապահովման, պետական եւ քաղաքացիական ծառայությունները կոռուպցիայից ազատելու եւ այլ հարցերում, բայց այդ մասին հարցեր չհնչեցին, եւ, հետեւաբար, պատասխաններ էլ չհետեւեցին` գոնե հրապարակավ:

Արդյունքում ստացվեց, որ քաղաքացիական շարժման ալիքի վրա առաջադրվելով վարչապետ` Նիկոլ Փաշինյանը դառնալու է այն քաղաքական ուժի վարչապետը, որի դեմ պայքարում էր, եւ իրականացնելու է ՀՀԿ-ի քաղաքականությունը, որը քննադատում էր: Հակատրամաբանակա՞ն է… իհարկե: Բայց եթե փորձում ես քաղաքացիական շարժումից տեղափոխվել քաղաքական հարթություն, հակատրամաբանությունից բացի այլ արդյունքի չես էլ հանգի: Իսկ Նիկոլ Փաշինյանը հենց այդ տրանսֆորմացիան էր փորձարկում Սերժ Սարգսյանի հեռանալու պահից, ինչն իրոք զուտ հայկական երեւույթ է:

Այդուհանդերձ, առկա իրադրությունում հակատրամաբանության ստեղծողը կամ խորացնողը Փաշինյանը չէ, այլ հիմարության մարմնացում ՀՀԿ-ն, որը տարբեր ազդակներ է ուղարկում, թե կարող է Փաշինյանի վարչապետ ընտրվելուն չխոչընդոտել, այլ կերպ ասած` նրա թեկնածությանը կողմ քվեարկել: Նման ցնորամտություն միայն ՀՀԿ-ի նման բովանդակազուրկ ու փտած ուժից կարող է հնչել: Ի դեպ, ասվածը նույնքան էլ վերաբերում է նախկին կոալիցիոն անդամ ՀՅԴ-ին: Եվ այդտեղ հարցն անհեթեթությունը չէ, որ իշխող ուժն ընդդիմության ներկայացուցչին է ձայն տալիս: Դա արտաքին տեսանելի ցուցանակն է:

Այդ քայլի սխալականությունն ու վտանգավորությունը շատ ավելի խորքային է: Ինչո՞ւ:

Իրականությունն այն է, որ իշխանության երեւույթն ու էությունը Հայաստանում չեն հորինվել, ոչ էլ դրանք կարող են Հայաստանում փոխվել: Բռնապետություններից բացի մյուս բոլոր երկրներում, որտեղ գործում են ներկայացուցչական մարմիններ եւ ընտրական ինստիտուտ, պարբերաբար պատահում են իրադրություններ, երբ հասարակական տրամադրությունները փոխվում են, եւ իշխանություն կրող ուժը դադարում է հասարակության մեծամասնությանը ներկայացնելուց` այս կամ այն հարցում կամ առհասարակ: Այլ կերպ ասած` կորցնում է վստահության մանդատը: Իտալիայում, Իսպանիայում, Իսրայելում, տասնյակ ուրիշ երկրներում բացառիկ դեպքերում են կառավարությունները կամ խորհրդարանները լիազորությունների ամբողջ ժամկետով պաշտոնավարում: Հասարակության տրամադրություններն արագ են փոխվում, ինչի արդյունքում էլ անվերջ նոր կառավարություններ են ձեւավորվում կամ արտահերթ ընտրություններ են կայանում:

Սակայն ինչպե՞ս է պատահում, որ այդ գրեթե հաստատուն արբուլենտ վիճակը պետություն չի քայքայում եւ չի վնասում: Շատ պարզ: Այդ երկրներում ոչ ոք չի խելագարվում այնքան, որ կարծի, թե կարելի է խորhրդարանի պատերից դուրս քաղաքական իշխանություն փոխել: Առաջացե՞լ է հակադրություն հասարակության եւ իշխանության միջեւ: Դրա լուծումը իշխանությունն այլ ուժի հանձնելը չէ, եթե նույնիսկ այդ ուժի առաջնորդը լինի Հիսուս Քրիստոսը: Դրա լուծումը իշխանությունը կրող ուժի կողմից երկիրը նոր կամ արտահերթ ընտրությունների տանելն է եւ ընտրության արդյունքում ձեւավորված նոր ուժին իշխանություն փոխանցելը:

Ինչո՞ւ: Որովհետեւ կյանքը չի կառավարվում նորմերով եւ օրենքներով։ Կյանքը կառավարվում է նախադեպերով եւ սովորույթներով: Այսօր Փաշինյանն իդեալում փորձում է բաց ձեռքերով իշխանություն վերցնել կամ փողոցում վերցրած իշխանությունը խորհրդարանում արձանագրել: Հասկանալիորեն՝ հասարակության մի ստվար հատված միայն բաց ձեռքերն ու Նիկոլի դեմքն է տեսնում, դրանից այն կողմ աբստրակցիոն երեւույթը` փողոցից իշխանության հավակնելու նախադեպը չի տեսնում: Գուցե հասարակությունը դա չի տեսնի նաեւ այն ժամանակ, երբ կգա հաջորդ ուժը` արդեն փակ ձեռքերով: Բայց ինչ-որ ժամանակ հետո կգա ուրիշ ուժ` գազազած եւ բռունցքներով, մի օր էլ ամենքը կտեսնեն արդեն զենքով եկող ուժին: Այսօրվա բաց ձեռքերով իշխանություն վերցնելը չի կարող դուռ չբացել եւ ճանապարհ չհարթել վաղը չէ մյուս օրվա զենքով իշխանություն վերցնելու համար: Որքան էլ միանգամից չենք հայտնվի այդ մղձավանջում, անխուսափելիորեն դրան կգնանք ժամանակի մեջ, եթե փողոցից իշխանություն փոխելու նախադեպ ստեղծենք:

Դրա համար էլ ՀՀԿ-ն պարտավոր էր այդ նախադեպը չստեղծել երկրում: Դա Փաշինյանի պարտավորությունը չէ, այլ` իշխանության: ՀՀԿ-ն ճիշտ է վարվել վարչապետի թեկնածու չառաջադրելով, որովհետեւ ՀՀԿ-ական վարչապետը հասարակության բացարձակ մեծամասնության համար անընդունելի է: Մնում է ՀՀԿ-ն կատարի վերջին պարտքը երկրի, պատմության եւ Սահմանադրության առջեւ եւ երկիրը տանի արտահերթ ընտրությունների: Եվ, իհարկե, նոր ընտրության կազմակերպումն էլ ամբողջովին հանձնի Փաշինյանին եւ ընդդիմությանը, որպեսզի հետո ընտրության ընթացքի եւ արդյունքների հանդեպ անվստահություն չձեւավորվի, եւ հարցեր չծագեն:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X