Ենթադրենք՝ իմացաք, թե ես ինչ եմ մտածում, դրանից ի՞նչ է փոխվելու՝ ոչ մի բան․ Ռուբեն Մաթևոսյան

Երգիչ, ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը թեեւ ուշադիր հետեւել է Հայաստանում վերջին շաբաթներին տեղի ունեցող «թավշյա» հեղափոխության ողջ ընթացքին, այնուամենայնիվ ասաց, որ այս պահին բան չունի ասելու․ «Ենթադրություններ անել պետք չէ, վաղն ամեն ինչ կիմացվի»։

Թե ինչպես է գնահատում ժողովրդի միասնական կեցվածքը, ով ոտքի ելավ ու իր պահանջները դրեց, ապա Մաթեւոսյանը ողջունում է երիտասարդներին․ «Կցանկանամ, որ ավելի հավաք մտածեն, ինչպես ասեմ՝ միայն հայրենիքի մասին մտածեն, ուրիշ ոչ մի բանի մասին, որեւէ անձնական շահ չպետք է լինի ոչ մեկի մոտ»։ Դրական փոփոխություններ կլինե՞ն, Մաթեւոսյանը կարծում է, որ մարդիկ ապրում են հենց նրա համար, որ դրական փոփոխությունները զգան, տեսնեն եւ ապրեն։

Վերջին տարիներին ոչ մի քաղաքական շարժում նման արդյունք չէր գրանցել, բայց սա ստացվեց. «Ես այնքան հեռու եմ քաղաքականությունից, գրեթե անգրագետ, ոչինչ չեմ հասկանում։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ նորմալ լինի, ես սիրել եմ պետություն ու պետականություն եւ հիմա էլ նույն ձեւի եմ մտածում, երբեք չեմ կարող փոխվել»։

Այս օրերին շատ մշակութային գործիչներ, մտավորականներ կոչերով հանդես եկան, երգեր նվիրեցին շարժմանը, ինքը պասիվ էր, ինչո՞ւ, մտավախություննե՞ր ուներ։ «Ոչ մի մտավախություն չունեմ, ես չեմ ուզի, որ երկիրը կործանվի»։ Սա կործանմա՞ն ճանապարհ է։ «Աստված ոչ անի, ես ուղղակի չեմ ցանկանա, որ որեւէ մեկի մոտ լինի նման գաղափար՝ երկրի կործանման»։ Ինչ վերաբերում է իր պասիվությանը, ապա․ «Ենթադրենք՝ իմացաք, թե ես ինչ եմ մտածում, դրանից ի՞նչ է փոխվելու՝ ոչ մի բան»։

Ինչպե՞ս է գնահատում մի շարք մտավորականների այն քայլը, ովքեր հրաժարվեցին իրենց ժողովրդական արտիստների կոչումներից։ Մաթեւոսյանն ասաց. «Այդ հարցն ինձ չի հետաքրքրում՝ գիտե՞ք ինչ առումով․ մարդն ինչպե՞ս կարող է թքել իր ապրած կյանքի վրա։ Չգիտեմ՝ դա ինձնից հեռու է, ես չեմ սիրում նման երեւույթներ։ Եթե մարդը գնահատվել է ժամանակին, ուրեմն դա գնահատել է ժամանակը, ժողովուրդը։ Դա ոչ թե երկիրն է տալիս, այլ՝ ժողովուրդը։ Կամ էլ թող ժամանակին չվերցնեին այդ կոչումը»։

Մեկնաբանություն
X