Մինչև չխառնվեցինք, գործը գլուխ չեկավ

>

Այսօր Hraparak.am-ին են դիմել Գյումրու Խրիմյան Հայրիկ 158 հասցեի բնակիչները՝ խնդրելով օգնել իրենց, որպեսզի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն արձագանքի իրենց ահազանգին: Բանն այն է, որ տարածքի բնակիչները պնդում են, որ արդեն 10 օր է ՝ կոյուղու հոսքագծերը վնասվել են, եւ կեղտաջրերը խառնվել են խմելու ջրին, ինչի պատճառով աղիքային ինֆեկցիայով են վարակվել:

«Տանը վիրահատված մարդ կա, փոքրիկ ունենք, արդեն քանի օր է ջրից օգտվել չի լինում, քանի որ կոյուղին բերնեբերան լցված է, զանգեցինք, եկան, ոչինչ չարեցին, գնացին, հիմա կոյուղուց առնետներ են դուրս գալիս, գարշահոտությունն էլ մի կողմից, մենք ի՞նչ անենք»,-ասաց 158/347 տան բնակչուհին՝ Հասմիկը:

Բնակիչների խոսքերով՝ թեժ գծին ոչ թե մեկ, այլ տասը անգամ են զանգել, երբ եկել են, պատճառաբանել են, թե համայնքապետարանը տարածքում շինարարություն է անում, եւ դա իրենց խանգարում է: «Ասացին՝ թող քաղաքագլուխը գա, իր լցրած հողը մաքրի, նոր գանք մաքրենք, բայց ինչ հողի մասին է խոսքը, չգիտենք»:

Բնակիչներին օգնելու նպատակով «Վեոլիա Ջուր » ընկերության թեժ գծին զանգահարեցինք նաև մենք՝ ներկայանալով եւ ներկայացնելով իրավիճակը: Մեր հեռախոսազանգից 20 րոպե անց «Վեոլիա Ջուր» ընկերության տեխնիկան արդեն նշված հասցեում էր, որից րոպեներ անց hraparak.am-ի հետ կապ հաստատեց ընկերության աշխատակցուհին եւ բացատրեց հետևյալը. «Կոյուղու վթար է, խմելու ջրի հետ կապված որևէ խնդիր չկա, այդ տարածքում դիտահորեր կան, որոնք հողով ծածկել են, չեն երևում, մեր աշխատակիցները մեկը արդեն գտել են, իսկ մյուսները դեռ ոչ, բայց վաղը անպայման աշխատանքները շարունակելու են, ընթացքի մեջ են, մեր աշխատողները դեռ 2-3 դիտահոր պետք է գտնեն, որ վնասված գծերը վերանորոգեն»:

Աշխատակցուհին նաև վստահեցնում էր, որ կոյուղաջուրը խմելու ջրին չէր կարող խառնվել, պարզապես վնասված գիծը գտնել չի հաջողվում եւ ընդամենը հարկավոր է մի քանի օր համբերել: Խրիմյան Հայրիկ 158-ի բնակիչները մեզ վստահեցրին. «Իսկ մեզ վրա անգամ բղավում էին, թե չենք մաքրելու ու վերջ, մինչև լրատվամիջոցներին չես դիմում, գործը գլուխ չի գալիս»:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X