Աստվածաշունչն ու թավշյա հեղափոխությունը

Միշտ ասել եմ, որ Աստվածաշունչը կրոնական գիրք լինելուց բացի առաջին հերթին փիլիսոփայական և պատմագիտական չափազանց բարձր արժեք ունեցող ստեղծագործություն է: Եթե կրոնական կրեդոները մի կողմ թողնենք, ապա մեր առջև կբացվի իմաստասիրական յուրօրինակ մի համակարգ, որի միջոցով հնարավոր է դառնում մի կողմից առերեսվել հին աշխարհի փիլիսոփայական, մշակութային, սոցիալական, քաղաքական իրականությունների հետ, իսկ մյուս կողմից էլ տեսնել դրանց բովանդակային դրսևորումները արդի աշխարհում: Պատահական չի, որ մինչ օրս այն չի կորցնում իր արդիականությունը: Պատմագիտություն և փիլիսոփայություն ուսումնասիրողները հաճախ իրենց որոնումները կառուցում են նաև հենց աստվածաշնչյան ճշմարտությունների հիմքի վրա: Օրինակ՝ Համաշխարհային պատմության ամբիոնում Պլատոնի հետ միասին մենք անգիր էինք սովորում նաև Հոբբի գիրքը: Լուրջ արդեն անգիր եմ արել:

Երբ #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը դեռ նոր էր սկսել իր ակցիաները, դրանք չափազանց փոքր ու սակավաթիվ գործողություններ էին: Սպասում էինք Նիկոլ Փաշինյանին, որը Գյումրիից շարժվում էր դեպի Երևան: Ավելացնեմ, որ նույնիսկ մեր վարդագույն երազներում չէինք էլ կարող պատկերացնել, որ անհնազանդության փոքրիկ ձեռնարկները կարող են հարյուր հազարանոց հանարահավաքների վերածվել:

Ահա այդ երթերից մեկի ժամանակ հանդիպեցի իմ շատ լավ ընկեր Սոս Ավետիսյանին: Առաջին հարցը, որ նա տվեց հետևյալն էր. Աստվածաշնչում նկարագրվող ո՞ր քաղաքն է հաջողվել գրավել առանց զենքի, միայն քայլելով, շեփորներով ու աղաղակելով: Իհարկե չէի կարող չհիշել, դե 4 տարի շարունակ Աստվածաշնչի ուսումնասիրությունը մասնագիտական առարկա է եղել ու միանգամից հասկացա, որ խոսքը Երիքով քաղաքի գրավման մասին է: Հիշեցնեմ, որ աստված Յեսուին պատվիրել էր քաղաքի գրավման համար որևէ ռազմական միջամտություն չկիրառել, այլ 6 օր շեփորներով ու աղաղակելով պպտվել դրա շուրը և 7-րդ օրը քաղաքի անառիկ պարիսպները կփլվեն:

Ճիշտն ասած Սոսի այս համեմատությունը մի փոքր թերահավատությամբ վերաբերվեցի, քանի որ Երիքով քաղաքի գրավման պատմությունը ես տարբեր առիթներով օգտագործել եմ Հայաստանի ընդդիմությանը քննադատելու համար: Մասնավորապես «Չորրորդ իշխանություն» թերթում 15.09.2017-ին գրել եմ.

«Ընդդիմադիրների խոսքերը ոչ մի կերպ չեն համապատասխանում նրանց գործունեությանը։ Արդարության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ մինչեւ այժմ նրանց մարգարեական գործունեության գագաթնակետը եղել է ԱԺ ամբիոնից պոպուլիստական ելույթներ ունենալը եւ ոչ ավելին։ Դա նույնն է, ինչ 5.45 մմ-անոց ինքնաձիգով փորձել մի քանի շերտից բաղկացած պատը փոշիացնել։ Բնականաբար, փամփուշտները, դիպչելով պատին, անկանոն կթռչեն այս ու այն կողմ։ Կարծես թե ընդդիմադիր գործիչների վրա մեծ տպավորություն են թողել Աստվածաշնչում պատկերավոր նկարագրված Երիքով քաղաքի գրավման մանրամասները, որտեղ հրեաները Հեսուի առաջնորդությամբ ոչ մի կերպ չդիմեցին ռազմական գործողությունների, այլ յոթ օր շարունակ «երգել-պարելով»` պտտվեցին քաղաքի պարիսպների շուրջը, իսկ յոթերորդ օրը պարիսպները հողին հավասարեցվեցին։

Ամենայն հավանականությամբ նրանք չեն հասկացել, որ վերոնշյալը գեղեցիկ ավանդազրույց է, եւ ՀՀ քրեաօլիգարխիկ համակարգը հնարավոր չէ միայն «երգել-պարելով» հողին հավասարեցնել։ Այսինքն` 5.45 մմ-անոց ինքնաձիգի փոխարեն ընդդիմադիրներին, անշուշտ, անհրաժեշտ են նորագույն արտադրության հրթիռահրետանային համակարգեր։ Փաստենք, որ նմանատիպ համակարգերը ոչ բոլորին են հասանելի, իսկ ձեռք բերելու համար էլ անհրաժեշտ է տեւական ծանրակշիռ աշխատանք»:

Սա հատված է հոդվածից: Եվ հիշելով այս հատվածը Սոսին հարցրեցի մի՞թե Աստվածաշնչում նկարագրվող խաղաղ անհնազանդության այս փիլիսոփայությունը կարող է կիրառելի լինել Հայաստանում:

Իմ ու Սոսի խոսակցությունները դնենք մի կողմ, մենք սենց խառը խուռը բաներից շատ ենք խոսում: Պարզապես այս փոքրիկ ակնարկի միջոցով փորձում էի ցույց տալ, որ խաղաղ անհնազանդության փիլիսոփայությունը առկա է եղել նաև Աստվածանչում և դրանից ելնելով նաև հին աշխարհի իմաստասիրական համակարգերում: Գաղափար, որը օրեր առաջ հաղթող դուրս եկավ Հայաստանում և ժողովուրդը ընդամենը քայլելով և աղաղակելով կարողացավ հողին հավասարեցնել «Երիքովի»՝ Սերժ Սարգսյանի բռնապետության անառիկ պարիսպները:

Կարդացեք Աստվածաշունչ, բայց կարդացեք առանց կրոնական նախապաշարմունքների ու հավատացեք Սպինոզայի աստծուն:

Մեկնաբանություն
X