Հայերի, օձերի ու կոկորդիլոսների մասին

Ես կենսաբանությունից առանձնակի չեմ փայլել երբեք, սակայն, հիշում եմ, շատ վաղուց էր դեռ, երբ կարդացի այդ ասպարեզում մի շատ ճանաչված գիտնականի հոդվածը, որտեղ նա ապացուցում էր, որ մարդկային ուղեղի հիմքը սողունների «рептилия» ուղեղն է։ Դե ես էլ անմիջապես սկսեցի քրքրել մեր առասպելներն, հեքիաթներն ու էլի ինչ որ բաներ, որպեսզի պարզեմ մարդկանց ու մասնավորապես հայության կապերը սողունների հետ։ Պարզվեց, որ օձը, օրինակ, խիստ պաշտելի կենդանի է եղել մեր նախնիների մոտ։ Խորենացին, օրինակ, փաստում է, որ մեր հեթանոս արքաները իրենց դրոշներին օձեր էին պատկերում։ Հանդիպեցի մի տեսակետի, համաձայն որի մեզանում օգտագործվող «որդի» բառը բխում է «որդ» բառից, որը նախկինում օձի ձագ է նշանակել, այլ ոչ թե այն կենդանիները, որոնց այսօր որդ ենք կոչում, սակայն նախկինում ուղղակի ճիճու էին ասում։ Այսինքն մեր նախնիները իրենց օձ են համարել, իսկ իրենց զավակներին՝ օձի ձագ, հանգամանք, որի մասին նաև շատ ուրիշ տեղեկություններ են պահպանվել։ Կամ ասենք Աստղիկ աստվածուհու և Վիշապի նույնականացումները, կամ որոշ գիտնականների կողմից արդարացիորեն շումերական իմաստնության և ստորգետնյա աշխարհի աստված էնկի–Հայայի նույնացումը հայի կամ որ նույնն է Հայկի հետ։ Ի դեպ նրա որդին Մարդուկ էր կոչվում, որին բաբելացիները նույնացնում էին Բելի հետ։ Այդ Մարդուկը հենց հայերեն մարդ բառն է, ի դեպ։ Ահա այս Հայան նույնպես օձ էր, ի դեպ սեմական որոշ լեզուներում օձը մինչև այսօր էլ հայա է կոչվում, ասեմ ավելին, շումերական հնագույն քանդակներում Անունակները, որոցից էր նաև Հայան պատկերված են սողունների գլուխներով։

Առաջավոր ասիայում կան ուրիշ ժողովուրդներ նույնպես, որոնք իրենց համարում են Նակ–երի, այսինքն սողունների ժառանգորդներ, և ոչ միայն ասիայում, նաև ամերիկայի բնիկների մոտ կան շատ աղերսներ այդ նույն թեմաներով, օրինակ մայաների Կուկուլկան չորս տարերքների աստվածը և բազմաթիվ այլ աստվածներ, որոնց պաշտել են ամերիկայի բնիկ ժողովուրդները, նույնպես օձեր ու տարբեր տեսակի սողուններ են, էլ չեմ խոսում Չինաստանի ու ընդանրապես արևելքի երկրների դիցաբանությունների մասին, որոնք ուղղակի պտտվում են Վիշապի պաշտամունքի շուրջը։

Մի բան էլ հիշենք, մարերի՝ այսինքն վիշապների արքան էր, որ Պարույր Սկայորդուն կարգեց Հայաստանի թագավոր։ Այս պատմությունը, որոշ պատմաբաններ ուզում են տեղադրել մոտավորապես մթա 6-րդ դարում տեղի ունեցած անցքերի մեջ, որը իրականում ճիշտ չէ, ինչպես որ ճիշտ չէ, ասենք Հայկի ու Բելի ճակատամարտը մթա 3-րդ հազարամյակում տեղի ունենալու հանգամանքը, կամ Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմության իրական լինելը։ Այդ առասպելները թաքնատեսական այլաբանություններ են, երևույթների մասին, որոնք ունեն իրենց դրսևորումները մեր կյանքում, սակայն քրիստոնյա պատմիչները, որոնցից էր նաև Խորենացին, հետևելով իրենց «մատերիալիստական» կրոնի սուտ դոգմաներին, բոլոր հին աստվածներին դարձրին մարդ, իսկ նրանց հետ կապված առասպելները պատմական եղելություններ, չնայած պետք է ընդունել, որ այդ առասպելները նաև մեր կյանքի և հետևաբար մեր պատմության մասին են, որոնք ժամանակին քրմերն ու այլ հոգևոր այրեր ներկայացրել են այլաբանորեն, իսկ թե ինչու՞, մարդկանցից իմաստնությունները թաքցնելու համար, թե այն պատճառով, որ նրանք այլ կերպ էին ընկալում իրերն ու երևույթները, ու այլ էր նրանց լեզվամտածողությունը, կամ այլ էր մտքի վերացարկումն, չեմ կարող ասել, երևի թե և մեկը, և մյուսը, սակայն շեղվեցի բուն թեմայից, Պարույրի մասին էի պատմում. իմ կարծիքով նա առաջին արարված մարդու նախատիպերից մեկն է, և պատահական չէ, որ նա Սկայորդի է կոչվում, այսինքն հսկայի որդի, իսկ ովքեր էին հսկաները՝ տիտանները, ատլանտները և այլն։

Մենք էլ ունենք հսկաների մեր տարբերակը, օրինակ Տորքը, որը, ուշադրություն դարձրեք Անգեղ էր՝ որը երկնային կյանք է նշանակել։ Ահա այս Տորքը նույն Թորգոմն է՝ (Տ-Թ և Ք-Գ անցումներ) Հայկի հայրը, պատահական չէ, որ պատմական Անգեղտունը և եբրայրերեն Թոհրիգաման կամ հայերեն Թորգոմատունը աշխարհագրորեն համընկնում են։ Ելնելով այս հանգամանքից, կարող ենք ենթադրել, որ Հայկն ու Պարույրը նույն կերպարի տարբեր անվանումներն են, և եթե Հայկի անունը բխում է Անունակ Հայայից, ի դեպ Անունակները նույն Անգեղներն (ангел) են, ապա շատ ավելի հետաքրքիր է Պարույր անվան ստուգաբանությունր, բանը նրանումն է, որ մարդու ԴՆԹ–ի մոլեկուլը հենց պարույր է, շատերը հիմա կմտածեն, որ ես գժվել եմ, սակայն ես պնդում եմ, որ մեր այդ առասպելական նախնու անունըմատնացույց է անում մարդկանց ԴՆԹ–ի կառուցվածքին։

Այսինքն ի՞նչ է ստացվում, անգեղ–անունակները, որոնք երկնքից եկած ինչ–որ սողունանման սարսափելի արտաքինով հսկա էակներ էին, քաղաքակրթության շատ բարձր մակարդակով, հիշենք օրինակ Ատլանտիդան, խաչասերվելով ներ երկրային ինչ–որ նախնիների հետ, կյանքի են կոչել ժամանակակից մարդկանց, որոնց գենետիկ կոդը պարույր է, և այդ ամենը տեղի է ունեցել ըստ երևույթին Հայկական բարձրավանդակում, դա է պատճառը, որ և շումերաաքադական, և հին եբրայական տեքստերում Հայաստան–Արարատն է՝ Եդեմը, որտեղ արարվեց առաջին մարդը։ Եվ ահա առաջին Պարույր մարդուն անգեղ–անունակ–վիշապների առաջնորդը կարգում է Հայաստանի թագավոր։

Հիշենք շումերական առասպելը Հայայի կողմից մարդու արարման մասին, և հիշենք հին կտակարանային այն պատնությունը, որ Եդեմի այգում, հենց օձն էր, որ ստիպեց Ադամին ու Եվային ուտել արգելված պտուղը, որից հետո նրանք սկսեցին ճանաչել ու գիտակցել, այսինքն նրանք դարձան մարդ, և այդ օձը հենց Հայան էր, իմաստնության օձ–աստվածը, որը բաբելոնյան դիցաբանության մեջ զուգահեռվում է Թամուզի հետ, որը Բելի ու Իշտար–Շամիրամի որդին է, մեռնող ու հարություն առնող աստվածն է։ Թամուզ, հասկանում ենք, մաքուր է նշանակում կամ սուրբ, Թամուզի եգիպտական զուգահեռն է Խորը, որի արձանը պահպանվել է առ այսօր՝ Խոր մանուկը մոր՝ Իզիդայի գրկում, ինչպես Հիսուս մանուկը Մարիամի գրկում, նույնն է ամեն ինչ, միայն մի դետալ կա. Խորի գլուխը ծածկում է խույրը, որից օձ է դուրս գալիս, սա ի՞նչ բան է, ամենուր օձ։ Իհարկէ մանուկ հիսուսի գլխին օձի պատկերով գլխարկ չկա, սակայն քրիստոնյաները Հիսուսին Մեսիա են համարում, իսկ Մեսիան եբրայերեն Մաշիաթն է, որն էլ իր հերթին ծագում է հին եգիպտերեն արմատից, որը կոկորդիլոսի ճարպ է նշանակել։ Պարզվում է փարավոններին օծել են հատուկ նյութ–մյուռոնով, որը ստանում էին կոկորդիլոսի ճարպից, դրա համար էլ Մեսիա բառը օծյալ է նշանակում։

Ի՞նչ եմ ուզում ասել, որ այստեղ էլ առանց սողունի չմնացինք, ուղղակի օձին փոխարինեց կոկորդիլոսը։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X