ԱՅԼԵՎՍ ԲԱՎԱԿԱՆ Է

Վաղուց ժողովրդիս այսքան ուրախ չէի տեսել. Վայելեցի: Տասնյակ տարիներով երկրի թալանով զբաղվածներն արդեն այնքան են կտրվել սեփական ազգից, որ կորցրել են իրականության զգացողությունը: Իսկ իրականությունն այս ատելությունն է, ազգի անեծքը, որ եթե այստեղ իր գործը չարեց, կյանքի սահմանից այն կողմ էլ հասնելու է նրանց հետեւից: Նույնը վերաբերում է նաեւ մահակը հայի գլխին բարձրացնող ոստիկաններին, որոնք արդեն անցած սարսափելի տարիների շնչով են ասես նորից լցվել:

Ոստիկանության այդ որակը մեր խայտառակությունն է, ամենամեծ խոչընդոտը՝ ազգի առաջ գնալու ջանքի դեմ: Ոստիկանություն, որն ընդունակ է ջարդելու ողջ ժողովրդի կամքը, չհուզվելու համազգային ցնծությունից եւ չգնահատելու ազատության ընծայված հնարավորությունը:

Ինչ է, պետք է մանկապարտեզային մանուկնե՞րն էլ դուրս գան (ասենք՝ ծնողների գրկում նրանք էլ են դուրս գալիս), որ այդ ինքնաբավ խումբը հասկանա, որ սա համազգային մերժում է, անհանդուրժողականություն: Որ իսկական տերը երկրի՝ ժողովուրդը, ասում է՝ այլեւս բավական է…

Եվ այսքանից հետո ինչպե՞ս կարելի է մտածել, որ դեռ հնարավոր է ճնշել ժողովրդին ու շարունակել կեղեքել նրան նույն թիմով, նույն անմարդկային դաժանությամբ: Այն ժողովրդի, ով ողջ աշխարհին է այսօր հիացրել իր ոգու կորովով։ «Ինձ թվում է՝ Հայաստանն ունի շշմեցնող, քիչ բանի հետ համեմատելի փափուկ ուժ, որի կարիքը չափազանց շատ ունի այսօրվա աշխարհը: Ռազմական ուժ շատ կա, բայց, ահա, փափուկ, մշակութային, ինտելեկտուալ, կրոնական… չկա…»,- ապրիլի 23-ին ասել է քաղաքագետ Նիկոլայ Գլոբինը:

Իսկ մեզ դրսի օրինակներով են ուզում այստեղ ղեկավարել, ուղղորդել, կազմալուծել. ՀՀԿ-ականները՝ իրենց քթի տակից այն կողմ չտեսնողի նույն բութ համառությամբ դեռ կարծում են, որ իրենց թիկունքում էլ ինչ-որ զանգված կա, երեւի թե, իրենց խմբից բացի, մեկ էլ հանգուցյալների հոգիներին նկատի ունեն, ովքեր ամեն ընտրության չեն զլանում իրենց «ձայնը տալ» վերջիններիս: Հետո՝ երեւի նաեւ հույս ունեն, որ 10 կամ այս անգամ ավելի շատ հազարներով դարձյալ կգնեն մեզ այսուհետ էլ տանջելու իրավունքը: Միայն թե, վստահ եմ, որ հայի՝ ընտրակաշառքով գայթակղվողի այդ տեսակն այլեւս անցյալ է:

Բոլոր ուշ հասկացողներին եմ դիմում՝ չկանգնեք մեր ազգի ճանապարհին. «Մի կողմ քաշվեք եւ մի ծածկեք մեր Արեւը»…

Ու մի խորհուրդ էլ՝ ե՛ւ այսօրվա, ե՛ւ հետո եկող անհագուրդ ագահության վիրուսով վարակվածներին․ այդքան մի կերեք՝ հետո հետ տալը դժվար բան է դառնում:

Նանե

գրող, հրապարակախոս

Մեկնաբանություն
X