Նիկոլն ընտրեց մի կարգախոս, որը դարձավ դոմինոյի առաջին ֆիշկան

Ապրիլի 23-ին ՀՀ քաղաքացիների արած «քայլը», ի դեմս շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, իսկ վերջին օրերին բեմահարթակից հնչող սիրո, հավասարության, եղբայրության քարոզը մարդկանց հիշեցրեց 88-ի զարթոնքը։

Ազգագրագետ Լեւոն Աբրահամյանի կարծիքով՝ վերջին տարիներին երբեք այսքան ժողովուրդ դուրս չէր եկել փողոց, հաջողության հասել էր ընդամենը մի երկու քաղաքացիական շարժում, ամենաառաջինը «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում եկեղեցի չկառուցելու շարժումն էր, որը չուներ իր մեջ ազգային կամ նույնիսկ ազգայնական տարրեր․ «Հետո Մաշտոցի պուրակի պայքարը եղավ, էկոլոգիական շարժումներն ինչ-որ բաների հասան, որոնք էլի իրենց մեջ չունեին այդ ազգայնական պահերը։ Ինչու եմ դա ասում, որովհետեւ ազգայնականի շուրջ հեշտ է հավաքել մարդկանց, քան քաղաքացիականի։ Դրանից հետո եկավ 100 դրամի շարժումը, որը կպավ բոլորին ու բերեց հաջողություն, որովհետեւ շարժական էր։ Ի դեպ, Փաշինյանի այս շարժման մեջ էլ ապակենտրոնացած ձեւն սկսեց գործել, բայց այստեղ, ի տարբերություն նախորդի, ոչ թե հրամայված էր կամ մտածված, այլ բնական ձեւով։ Այստեղ արդեն ոչ թե երթուղայինն է, երբ դու քո քայլն անում ես ճանապարհին, այլ անսպասելի բոլորը դառնում են գործող։ Հետո եկավ «Էլեկտրիկ Երեւանը», որը կարող էր զարգանալ նույն ձեւով, ինչպես զարգացավ Փաշինյանի շարժումը, բայց քանի որ գրագետ չարվեց, չեղավ»։

Ազգագրագետը հիշում է 88-ի շարժումը, երբ օր ու գիշեր անցկացնում էին փողոցներում, հրապարակներում, գրանցում այն, ինչ տեղի էր ունենում այդ օրերին․ «Այն ժամանակ էլ այդ ազատարար շարժումն սկսվեց ու հավաքեց այդքան մարդ, մի աննախադեպ բան Սովետական Միության համար։ Կար հասարակ եւ կարեւոր մի բան․ մարդիկ թեեւ դուրս էին գալիս փողոց բազմաթիվ խնդիրներով, բայց նրանց փողոց հանող ամենակարեւոր բանը «Ղարաբաղը մերն է» լոզունգն էր, որը բոլորին հարազատ ստացվեց՝ տարբեր ձեւերով։ Օրինակ՝ դաշնակների համար դա պահանջատիրությունն էր։ Այդ ժամանակ բոլորն ունեին մի պատասխան, մի լոզունգ, դա չափազանց կարեւոր բան է, երբ մարդիկ հավաքվում են։ Նման մի խնդիր, որ բոլորին միացներ, չեղավ, թեեւ մենք՝ ազգագրագետներս, փնտրում էինք, փորձում էինք կազմակերպել մի բան, որ նույն ձեւով կհամախմբեր բոլորին՝ Սփյուռքին, տարբեր խմբերի մարդկանց։ Ի՞նչ կարգախոս կարող էր լինել, որին բոլորը կտային նույնատիպ պատասխան․ այդ ժամանակ միայն ցեղասպանության խնդիրն էր։ Սումգայիթի դատավարությունից հետո դրա մասին կարող էին խոսել արդեն չափազանցրած, որն էլի ուներ մեկ պատասխան բոլորի մոտ՝ թե՛ Սփյուռքի եւ թե՛ տարբեր կուսակցությունների մոտ։ Իսկ դա դոմինոյի սկզբունքն է, որի փորձն արվեց այն ժամանակ, բայց հաղթելուց հետո վերջում մի քանի հարց դրվեց։ Մինչդեռ, երբ դու ունենում ես մի հարց եւ մի պատասխան, դա իրոք համախմբում է եւ գործում է։ Դա նաեւ մեծ մասսաների օրենքներից է։ Համախմբվածությունը գալիս է առաջին հերթին դրանից, հետո կան նաեւ ընդհանուր, մասսայական հավաքների օրենքները, օրինակ՝ համերաշխություն, ինչը բնորոշ է տոնին, եւ պատահական չէ, որ այն, ինչ հիմա տեսնում ենք, շատ լուրջ տոնական դրսեւորումներ ունի։ Նիկոլ Փաշինյանի ճիշտ տեխնոլոգիան դա դոմինոյական սկզբունքն է, ինքն ընտրեց մի կարգախոս, որն արդեն ապրիորի ուներ դրական պատասխան․ «Մերժիր Սերժին», ու ստացվեց, որ բոլորը դրան կարող են մասնակցել, թերեւս Հանրապետական կուսակցությունից բացի»։

Թեեւ մինչ այս շարժումը, Սահմանադրության ընդունման դեմ պայքարը տարվեց ոչ պակաս ուժերով, այդ թվում՝ համացանցային ձեւերով, տարբեր ելույթներով ու տեխնոլոգիաներով, բայց ժողովուրդը դրա համար դուրս չեկավ փողոց, ինչն էլ, Աբրահամյանի կարծիքով, բերեց հենց այս վիճակին․ «Դա ավելի ծանր բան էր, քան թե «Մերժիր Սերժինը», բայց նման բաները չեն համախմբում, դրա համար Նիկոլը շատ ճիշտ տեխնոլոգիական ձեւով ընտրեց մի կոնկրետ կարգախոս, որը դարձավ դոմինոյի առաջին ֆիշկան, բայց նպատակը դա չէր, որն արդեն մենք տեսանք։ Նպատակը հաջորդներն են, ասենք՝ 10-րդը, բայց դու պետք է կարողանաս ամբողջ ուժով այդ առաջինին խփել, որ նա իջնի եւ, մյուսներին շարժելով, հասնի քո ուզածին։ Մենք հիմա տեսանք, որ առաջինը գործեց, որովհետեւ այս մասսայական շարժումն ունեցավ մի հարված, եւ առաջին ֆիշկան ընկավ, եւ հաջորդ օրն արդեն դուրս է գալիս հաջորդ ֆիշկան։ Հիմա փորձում են մեծ ճնշում գործադրել ընտրողների վրա, որ նրանք ընտրեն նրան, ում ուզում է հրապարակում հավաքված ժողովուրդը։ Եվ այն ճանապարհը, որ սկզբում նկարագրեց Նիկոլ Փաշինյանը, դրանք ֆիշկաներ են, իմ ասած դոմինոյի սկզբունքները, եւ երբ դրանցից մեկն ընկնում է, ընկնում են նաեւ մյուսները։ Տեխնոլոգիական առումով դա շատ ճիշտ բան է, օրինակ՝ «Էլեկտրիկ Երեւանը» չկարողացավ դա անել, որովհետեւ ունեին մեկ ֆիշկա, որը գործեց, բայց կազմակերպիչները չունեին փորձ, որովհետեւ դրանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է դա անում, եթե այդ բանը չի ստացվում, «Մերժիր Սերժինը» դեռ այն ժամանակ կարող էր լինել, եթե դուրս գային դրա վրա։ Այդտեղ դոմինոյի հնարավորությունը կար, որը չարվեց։ Իսկ այստեղ գլխավորը հենց նա է, որ դու պայքարում ես մի համակարգի դեմ, որի դեմ պայքարելու սահմանադրական հնարավորություն չեն տվել, որովհետեւ Սերժ Սարգսյանի սահմանադրության խմբագրումը շատ հմուտ է արված եւ արված է հենց այդ նպատակով։ Դրա վրա լուրջ իրավաբաններ են աշխատել, որոնք ստեղծել են իրեն արտադրող համակարգ, որը պահում է միայն իշխանությունը եւ դրանով դառնում է հենց արատավոր։ Իսկ դրա դեմ արդեն չես կարող պայքարել իրավական ձեւերով, եւ դրա համար արվում է պրոտեստային շարժում, որ այդ ֆիշկաները քանդելով՝ կարողանաս գլխավորն անել՝ ընտրություններ, որոնք, 95-ից սկսած, մասսայաբար կեղծվում են, որն ազդում է ընտրությունների արդյունքների վրա, անկախ նրանից, թե ինչ են ասում դիտորդները։ Մեր նոր Սահմանադրությունն իրավական քայլեր թույլ չի տվել անել, այնպես է արված, որ հնարավորություն չունենաս դա անել օրինական ձեւով, դրա համար մեր վերջին հնարավորությունը սա էր՝ անել քաղաքացիական ձեւով, որովհետեւ դրա համար 3 ճանապարհ կա․ մեկը «Սասնա ծռերի» ապստամբությունն էր, որ փորձ արեց զինված հեղաշրջում անելու, ու, բարեբախտաբար, չստացվեց, մյուսը քաղաքացիականն է, որը հիմա տեսնում ենք, իսկ 3-րդը դա միջազգային մասշտաբով ու ամենասարսափելին է՝ տեռորիզմը։ Այսինքն՝ մենք հիմա ունենք այդ հնարավորությունը՝ օգտագործել ամենախաղաղ ճանապարհը, որ շրջանցվեն այն սահմանադրական խոչընդոտները, որ դրվել են ժողովրդի առջեւ»։

Ինչ վերաբերում է շարժման լոզունգներին, ապա դրանք շատ հմուտ են արվում։ Լեւոն Աբրահամյանը նկատում է՝ եթե, օրինակ, հանգավորում չլիներ «Մերժիր Սերժին» կոչի մեջ, միգուցե շատերն այդքան չսիրեին այդ կարգախոսը, նույնը նաեւ՝ «Մերժիր Սերժի Կարենին» կարգախոսի դեպքում, որոնք տրամադրում են վանկարկելու համար։ «Հիմա ինչն է ինձ տխրեցնում․ որպեսզի ամեն ինչ օրինական լինի, պետք է լուծվեն մի շարք հարցեր, եւ խորհրդարանում հանրապետականները պետք է քվեարկեն, որ ամեն ինչ լինի սահմանադրորեն ճիշտ։ Այսինքն՝ հիմա մնում ենք նրանց քմահաճույքին եւ մանիպուլյացիաներին, հույսը դնում ես առնետների վրա։ Դա ամենատխուր բանն է, բայց առանց դրա չի կարող այս պայքարն ունենալ սահմանադրական ձեւ»,- ասում է ազգագրագետն ու անդրադառնում այս շարժման գործուն մասնակիցներին՝ երիտասարդությանը․ «Այս նոր երիտասարդները ծնվել են անկախության ժամանակ, սա, փաստորեն, իրենց քայլերն են, եւ ամենակարեւորն այն է, որ պարզվեց՝ այսքան պայծառ երիտասարդություն ունենք։ Լրագրողներից մեկն ասաց, թե ո՞նց է, որ ասում եք՝ կրթությունը վատ է դրված, բա ո՞նց այսքան պայծառ երիտասարդներ դուրս եկան, ասացի՝ հենց դրա համար էլ դուրս եկան, որովհետեւ եթե այդ կրթության միջով անցնեին, ուրեմն փչացած կլինեին, որովհետեւ հիմա մեր կրթությունը շատ վատն է։ Նրանք չունեն նաեւ այդ վախը, ես դա նկատել եմ նրանց դեմքին։ Բացի դրանից՝ նրանք հիմա անում են այդ ապակենտրոնացման ձեւերը, որը բավականին գործող տեխնոլոգիա է։ Մյուս կողմից էլ՝ եթե դա երկար տեւի, բոլորը դրան դեմ դուրս կգան, որովհետեւ դա խոչընդոտում է բնականոն կյանքին, եւ բոլորը հեղափոխական չեն։ Եվ այդ պատճառով նման բաները երկար չեն կարող տեւել, եւ, բացի դա, այդ խանդավառությունն իներցիա էլ ունի, դա տոների ժամանակ էլ է լինում, եւ դժվար է լինում կանգնեցնել տոնը։ Արխաիկ հասարակություններում տոների հատուկ ծեսեր կան, որոնք թանձրացնում են արդեն ծայրահեղությունների հասած այդ բաները։ Այնպես որ՝ սա անվերջ չի կարող տեւել, դրանք տոնի օրինաչափություններն են»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X