Պատգամավորները պետք է հասկանան, որ ժողովրդի ընտրյալն այսօր Նիկոլ Փաշինյանն է

Դերասան Վիգեն Ստեփանյանի գնահատմամբ Սերժ Սարգսյանը թերեւս ամենախելացի քայլն արեց, ինչը այսօր պետք է լավ հասկանա Հանրապետական կուսակցությունը․ «Եթե իրենք ուզում են կայունություն, խաղաղություն այս երկրում, պետք է հասկանան թե ում են տալիս իրենց ձայնը, միակ թեկնածուն, որն ապացուցեց ազնիվ է, պարզ, մաքուր, թափանցիկ դա՝ Նիկոլն է ու ոչ թե նրա համար, որ կա ժողովրդի ճնշումը։ Երանի չլինի այնպիսի մեկը, որ գա ասի հերիք է ուտեք, հիմա էլ ես եմ ուտում, բայց Նիկոլը շատ հստակ ապացուցեց, որ դա նրա մասին չէ։ Ես նույնիսկ զարմացած եմ նրա այդչափ կշռադատված, խելացի եւ առաջ նայող քայլերով։ Ոզջունելի է նաեւ, որ այդքան մարդ դուրս եկավ փողոց ու մարդիկ վերջապես իրենց ուսերից գցեցին հանրապետականի բեռը եւ չուզեցին այլեւս ապրել անապագա երկրում, իսկ նախկին վիճակով մենք ոչ առաջ կգնայինք, ոչ էլ։ Ես ուղղակի մեծ հույս եմ փայփայում, որ բոլոր մեր պատգամավորները, որոնք ժողովրդի ընտրյալներն են հասկանան, որ ժողովրդի ընտրյալը այսօր Նիկոլ Փաշինյանն է։ Հիմարություններ են, որ գրում են դիպլոմ ունի, թե՝ չունի, տնտեաագետ է, թե՝ ոչ, դա ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ նա չի գալու նստի ու տնտեսությամբ զբաղվի, նա նախեւառաջ պետք է մաքրի հանրապետության ամենաստորին ու վերին օղակները Հանրապետականի կնիքից։ Թող էլի մնան Հանրապետական մարդիկ, բայց նրանք, ովքեր եկել են ազնիվ աշխատելու։ Ես մեծ հույս ունեմ, որ Նիկոլն է լինելու, որովհետեւ դա միակ նախապայմանն է, որ հանկարծ երկիրը նորից չապրի ցնցումներ եւ պաշտոններում լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր գիտեն իրենց գործը, այլ ոչ թե այս կամ այն կուսակցականներ»։

Ստեփանյանը նկատում է՝ իրեն շատ է դուր գալիս Փաշինյանի թիմի եւ անձամբ նրա ամեն մի քայլի թափանցիկությունը եւ որ ամեն պահի պատրաստ են հաշվետվու լինել ժողովրդի առաջ, ինչը հույս է ներշնչում, որ ամեն ինչ կընկնի իր տեղը․ «Իսկ այսպես շարունակվել այլեւս չի կարող, նույնիսկ եթե չլինի ընդիմությունը, այդ երիտասարդների երթը, ժողովուրդը տեսավ, որ այդպես չի կարող շարունակվել եւ դանակը արդեն ոսկորին է հասել։ Ես դատում եմ նրանով, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Առ այսօր ինչ լսել եմ Փաշինյանից ոչինչ չեմ կարող քննադատել, բացի մի նախադասությունից, երբ ասաց, որ մենք կընտրենք հրապարակում, հասկանալի է թե ինչ նկատի ուներ, բայց այդ Ազգային ժողովն էլ ի վերջո պետք է փոխվի՞, թե՞ ոչ։ Դեմքեր ես տեսնում, որ չգիտես սա ով է, ի՞նքն է որոշելու իմ երկրի ճակատագիրը, երբ ոչ խոսել գիտի, ոչ միտք ունի։ Պետք է մաքրել բոլոր այդ օղակները, մարզպետարանները, թաղապետարանները, բոլոր պետարանները։ Նիկոլը ապացուցեց, որ բոլոր իր քայլերը ոչ միայն կշռադատված են, այլ նաեւ՝ չափված- ձեւած եւ հենց այնպես չէր, որ դուրս եկավ փողոց ու ստացվեց։ Կա ծրագիր եւ կոնկրետ ճանապարհ, որն ուզում են իրագործել, կարծում եմ այդպես էլ կլինի, ի վերջո Հանրապետականներն էլ հայ են, քաղաքացիներ եւ եթե ուզում են կայուն, բարգավաճ Հայաստան, բայց ոչ Ծառուկյանի բարգավաճը, իրենք պետք է հասկանան այսօրվա խաղի կանոներն ու պայմանները»։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X