Մենք կրնանք անկախ երկիր ունենալ

Գյումրու Վարդանանց հրապարակում երեկ ասեղ գցելու տեղ չկար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին ողջունելու, հանրահավաքին մասնակցելու էին եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Փաշինյանից 4 ժամ պահանջվեց, որ Գյումրի հասնի, քանի որ ճանապարհին նրան շարունակ կանգնեցնում էին: Չնայած հորդառատ անձրեւին՝ Շիրակի մարզի համայնքների բնակիչները նույնպես միացել էին գյումրեցիներին՝ ոտքով հասնելով մարզկենտրոն: Գյումրիում այս օրերին հանրահավաքներ կազմակերպվում էին ամեն օր: Սակայն այս հանրահավաքն աննախադեպ էր Գյումրու պատմության մեջ: Նախորդ օրը հանրահավաքին էին միացել քաղաքական այլ ուժեր, գործիչներ, նախկին քաղաքապետ, այժմ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վարդան Ղուկասյանը նույնիսկ ցույցն էր առաջնորդում, ինչն այնքան էլ ցուցարարների սրտով չէր:

Երեկ արդեն հանրահավաքի կազմակերպիչները թույլ չտվեցին ո՛չ Ղուկասյանին, ո՛չ մյուսներին հարթակ բարձրանալ: Ինչպես սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի կողքին երեկ հարթակում միայն «հավատարիմներն» էին՝ Սասուն Միքայելյանը, Լեւոն Բարսեղյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Սանասարյանը եւ գյումրեցի երկու ակտիվիստներ Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանը, ինչպես նաեւ դերասանուհի Արսինե Խանջյանն ու Կարգին Հայկոն: «Շատ եմ եկել Գյումրի, բայց այսքան գյումրեցի չի եղել, որ բռնացնեմ մի տեղում, որ ասեմ՝ շնորհակալություն քեզ, քո թասիբին: Երկար ժամանակ է՝ նույն ճանապարհն ես անցնում, այսօր դու նորից կանգնած ես ու գիտես՝ ինչի համար ես պայքարում: Օրհասական պահ ենք ապրում, ազատվելու ենք բռնապետությունից, ամսի մեկին՝ սայլով կլինի, ոտքով, պիտի հասնեք Երեւան»,-ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Դերասանուհի Արսինե Խանջյանը ոչ մի կերպ չէր կարողանում զսպել հիացմունքը՝ Գյումրին տեսնելով այդքան բազմամարդ: «Ես հոս եմ, որ մարմնիս վրա զգամ այն գործը, որ արած եք: Մենք կրնանք անկախ երկիր ունենալ՝ առանց օտար ուժերի միջամտության»,-նշեց դերասանուհին՝ ասելով, որ սա իր կյանքի ամենագեղեցիկ դրվագն էր, հեղափոխություն, որ պատկերացնել չէր կարող:

«5-ամյա աղջիկս, որ ինձ հետ երթերին էր մասնակցում, ասում է՝ պապ, Նիկոլն ի՞նչ է արել, որ այդքան սիրում ենք իրեն, պատասխանեցի՝ քայլ»,-ասաց գյումրեցի ակտիվիստ Ղարիբ Հարությունյանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթին գյումրեցիներն առանձնահատուկ էին սպասում, իսկ մինչ այդ երիտասարդները, միմյանց հերթ չտալով, բեմ էին բարձրանում՝ սելֆի անելու:

Արեւիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X