Տասնամյակներ ապրում էինք ստի մեջ

Ճարտարապետների միությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժմանն աջակցող հայտարարություն չի տարածել, միության նախագահ, ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն ասում է, որ իրենց միության մեջ բոլորը շատ կազմակերպված մարդիկ են, եւ ամեն մեկն առանձին արտահայտում է իր կարծիքը․ «Ծիծաղելի կլինի, եթե ես հանդես գամ մի ամբողջ խումբ ճարտարապետների անունից, ավելի ճիշտ է, որ իրենք իրենց կարծիքները հայտնեն։ Հետո՝ իրենք էլ չեն ուզում, որ իրենց անունից խոսեն»։

Մինասյանը նկատում է՝ շատ կարեւոր է, որ հիմա հետագա պայքարը շարունակվի առանց որեւէ միջադեպի, քանի որ շատ կարեւոր սահմանագծի ենք հասել։ «Ես ուզում եմ լավատես լինել ու հավատալ, որ վերջապես կկարողանանք օրենքի երկիր ստեղծել, որտեղ օրենքի գերակայություն կլինի, մարդիկ զբաղված կլինեն իրենց աշխատանքով։ Մեր միակ ապագան դա է, իհարկե՝ միանգամից չի լինի այդ ամեն ինչը, բայց կամաց-կամաց կլինի։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր իշխանությունների մեջ են, տեսան, որ տասնամյակներ ի վեր ստի մեջ էինք ապրում, ինչից վախենում էինք, հենց դրա մեջ էինք ապրում, չէ՞ որ օրենքի գերակայություն չկար, բազմաթիվ դեպքեր եղան, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակն ուղղվի, բայց չէին լսում, եւ կարծում եմ, որ վերջը այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ ամեն ինչ զսպանակի նման է՝ սեղմվում, հետո բաց է թողնվում։ Այդպես էլ եղավ, որովհետեւ դա մի քանի հոգու խնդիր չէր»,- ասում է Մինասյանն ու հավելում, որ այս շարժման ուժը, անխոս, երիտասարդներն են, մեծահասակները դժվարանում են դուրս գալ փողոց, թեեւ նրանք էլ ակտիվ մասնակցություն ունեն։

Մկրտիչ Մինասյանը չէր համեմատի 88-ի շարժումը 2018-ի այս օրերի շարժման հետ․ «88-ը բոլորովին ուրիշ արտահայտություն էր, նա խորհրդային կարգերի դեմ ուղղված ազատություն ձեռք բերելու համընդհանուր պահանջն էր, հիմա արդեն ամեն մեկն իր երկիրը կանոնակարգելու խնդիր ունի, որը մենք չկարողացանք այս 3 տասնամյակում անել։ Բոլորն էին դժգոհ ու բոլորն էին դա ասում, թեեւ երբեմն տարօրինակ բաներ էին գրվում, որ ամեն ինչ լավ է, բայց ինչի է այդքան վատ, ես չեմ կարողանում հասկանալ։ Այսինքն՝ հույս ունենանք, որ սա կհանգնեցնի նրան, որպեսզի կարողանանք ինչ-որ ձեռքբերում ունենալ եւ արյունահեղությունը բացառենք։ Պետք է շատ զգույշ լինել, որպեսզի թե՛ շարժման առաջնորդները եւ թե՛ շարժման երիտասարդները հանկարծ չհայտնվեն նույն ճահճում․ դա շատ նուրբ բան է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X