Սամվել եւ Կարեն Կարապետյանների գլխավորությամբ՝ ոմանք խաղում են ժամանակի վրա

Հանրապետության երկրորդ քաղաքում ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն աննախադեպ էր մարդկանց քանակով: Հանրահավաքից հետո Փաշինյանը գյումրեցիների հետ երթ անցկացրեց Գյումրու փողոցներով: Իր ելույթում համաժողովրդական ընդվզման առաջնորդը հիշեց, որ ուղիղ 28 օր առաջ իր մեկնարկային քայլը Գյումրիից արեց եւ չսխալվեց:

«Հայ ժողովրդի հաղթանակը արձանագրելով՝ ասում եմ, որ այս ժողովուրդը այլևս երբեք չի պարտվելու: Որևէ կասկած չկա, որ այս հզոր ժողովուրդը հաղթելու է Ղարաբաղյան հակամարտությունը, հաղթելու է կոռուպցիան, աղքատությունը, դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը եւ դառնալու է իր անզուգական հայրենիք: Շատերին թվում է ՝ թե հարցն այն է, թե ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այդպես մտածողները չեն հասկանում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները: Այսօր ՀՀ քաղաքացիության ինստիտուտը հաղթանակել է: Հաղթանակը երաշխավորված դարձնելու համար ժողովրդի թեկնածու վարչապետ ընտրելն է: Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որ չի կորելու ՀՀ քաղաքացու հաղթանակը, նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից, բայց քաղաքական լրջությունն ինձ ստիպում է արձանագրել հետևյալը՝ ժողովուրդը հաղթել է , եւ այն դե ֆակտո պետք է արձանագրվի մայիսի մեկին:

Այս ճգնաժամը հաղթահարելու համար կա մի պարզ գործողություն՝ բացատրել Կարեն Կարապետյանին որ ինքը չի կարող ՀՀ վարչապետ լինել, որովհետև այն երկիրը, որտեղ Հանրապետականը կարող է լինել վարչապետ, այլևս գոյություն չունի: Սա ուրիշ Հայաստան է: Կարապետյանի փորձը կնշանակի տեղատարափ անձրևների տակ ժամերով կանգնած այս հերոս ժողովրդին թշնամություն : Դու որոշիր, ուզում ես այսպիսի թշնամի ունենալ, եթե այո, քեզ սպասում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանինն էր: Մեզ ասում են՝ կտրուկ գործողությունների ժամանակն է, պետք չէ ժամանակ կորցնել: Ես ասում եմ՝ կտրուկ գործողությունները վաղուց ավարտված են: Սամվել եւ Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, ոմանք խաղում են ժամանակի վրա: Ձեր եզրափակիչ սուլիչը սուլելու է շատ շուտով: Ես չեմ ուզում ասել, որ մենք Ռուսաստանի թշնամին ենք, ամենևին, առավել ևա մեր սեփական երկրի թշնամին չենք, որ երկիրը տանենք արկածախնդրության ճանապարհով: Ասել եմ ու կասեմ, որ մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու»,-իր խոսքում ընդգծեց շարժման առաջնորդը:

Մեկնաբանություն
X