Համաժողովրդական հանրահավաքը՝ առանց Վարդան Ղուկասյանի

Գյումրու Վարդանանց հրապարակում այսօր ասեղ գցելու տեղ չկար: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին ողջունելու, հանրահավաքին մասնակցելու էին եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Փաշինյանից 4 ժամ պահանջվեց, որ Գյումրի հասնի, քանի որ ճանապարհին նրան շարունակ կանգնեցնում էին: Չնայած հորդառատ անձրևին Շիրակի մարզի համայնքների բնակիչները նույնպես միացել էին գյումրեցիներին՝ ոտքվ հասնելով մարզկենտրոն : Գյումրիում այս օրերին հանրահավաքներ կազմակերպվում էին ամեն օր: Այս հանրահավաքն աննախադեպ էր Գյումրու պատմության մեջ:

Նախորդ օրը հանրահավաքին էին միացել քաղաքական այլ ուժեր, գործիչներ, նախկին քաղաքապետ, պատգամավոր վարդան Ղուկասյանը նույնիսկ ցույցն էր առաջնորդում, ինչը այնքան էլ ցուցարարների սրտով չէր: Երեկ արդեն հանրահավաքի կազմակերպիչները մերժեցին թե Ղուկասյանին, թե մյուս նորահայտ մասնակիցներին հարթակ բարձրանալ: Ինչպես սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի կողքին այսօր հարթակում միայն «հավատարիմներն» էին՝ Սասուն Միքայելյանը, Լևոն Բարսեղյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Սանասարյանը եւ գյումրեցի երկու ակտիվիստներ Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանը, ինչպես նաև դերասանուհի Արսինե Խանջյանն ու Կարգին Հայկոն :

«Շատ եմ եկել Գյումրի, բայց այսքան գյումրեցի չի եղել, որ բռնացնեմ մի տեղում, որ ասեմ՝ շնորհակալություն քեզ՝ քո թասիբին: Երկար ժամանակ է նույն ճանապարհմն ես անցնում, այսօր դու նորից կանգնած ես ու գիտես՝ ինչի համար ես պայքարում: Օրհասական պահ ենք ապրում, ազատվելու ենք բռնապետությունից, ամսի մեկին սայլով կլինի, ոտքով, պիտի հասնեք Երևան»,-ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանը: Դերասանուհի Արսինե Խանջյանը ոչ մի կերպ չէր կարողանում զսպել հիացմունքը՝ Գյումրին տեսնելով այդքան բազմամարդ: «Ես հոս եմ, որ մարմնիս վրա զգամ այն գործը, որ արած եք: Մենք կըրնանք անկախ երկիր ունենալ առանց օտար ուժերի ուժի միջամտության»,-նշեց դերասանուհին՝ ասելով, որ սա իր կյանքի ամենագեղեցիկ դրվագն էր, հեղափոխությունը, որ պատկերացնել չէր կարող: «5-ամյա աղջիկս, որ ինձ հետ երթերին էր մասնակցում, ասում է՝ պապ, Նիկոլն ինչ է արել, որ այդքան սիրում ենք իրեն,պատասխանեցի՝ քայլ»,-ասաց գյումրեցի ակտիվիստ Ղարիբ Հարությունյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթին գյումրեցիներն առանձնահատուկ էին սպասում, իսկ մինչ այդ երիտասարդները միմյանց հերթ չտալով բեմ էին բարձրանում՝ սելֆի անելու:

Մեկնաբանություն
X