Ազատ խոսքը հաճելի խոսքը չէ․ «Հրապարակը» հրապարակ է բոլորի համար

Մեզ՝ լրագրողներիս համար միշտ է բարդ եղել աշխատելը։ Մենք ճնշումների ենք ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, հիմա էլ ճնշումների ենք ենթարկվում Նիկոլի վերելքի շրջանում։ Տարօրինակ զուգադիպությամբ լրագրողներին «պրեսսի» տակ առնելու փորձերը, մամուլի նկատմամբ վերաբերմունքը երեւի միակ ասպարեզն են, որտեղ մեր իշխանությունն ու ընդդիմությունը համակարծիք են, միասնական եւ իրար շատ նման։ Բայց եթե իշխանական ճնշումներին մենք սովոր ենք եւ դրանց դեմն առնելը շատ հեշտ է՝ պարզապես ճնշումների փորձեր անողներին ուղարկում ես գրողի ծոցն ու շարունակում քո աշխատանքը, ապա ընդդիմության դեպքում իրավիճակն այլ է։

Նախ, քաղաքացիական խիղճդ թույլ չի տալիս գրողի ծոցն ուղարկել, որովհետեւ, ըստ էության, մամուլն ու ընդդիմությունը նույն գործն են անում՝ իշխանություններին ուղղված պահանջների, քննադատության առումով եւ մենք ավելի շուտ նույն ճամբարում ենք, քան տարբեր։ Բացի այդ շատ դժվար է դիմակայել հոգեբանական ճնշումներին՝ երբ քեզ մեղադրում են իշխանական լինելու, ՀՀԿ-ի պատվերը կատարելու, ժողովրդի կամքին դեմ գնալու մեջ։ Բայց աշխարհը սեւ ու սպիտակի մեջ տեսնող հանրությունը մոռանում է, որ մենք, որպես լրատվամիջոց, ունենք որոշակի պարտականություններ հասարակության առաջ։

Նախ՝ հնարավորինս անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու, անկախ այն հանգամանքից, թե այդ տեղեկատվությունը ում օգտին է կամ ում է վնասում։ Բացի այդ՝ որպես հարթակ, որպես «հրապարակ» հնարավորություն տալու, որ հասարակության բոլոր շերտերն ունենան արտահայտվելու հնարավորություն։ Իհարկե, այսօր էյֆորիկ իրավիճակ է երկրում, հեղափոխական գաղափարներն ու հեղափոխականների խոսքն ավելի ընկալելի է, սիրելի ու սպասված եւ մենք վերջին մեկ ամսում, կարելի է ասել, անդադար ներկայացրել ենք այդ խոսքն ու տեղեկատվությունը, նաեւ դրանով նպաստելով մարդկանց իրազեկվածությանը, ի վերջո՝ նաեւ հեղափոխության հաղթանակին։ Բայց մենք չենք կարող բացարձակապես չներկայացնել հասարակության մյուս շերտերի կարծիքը։ Չէ որ այս հասարակության անդամներ են նաեւ ՀՀԿ-ականներն ու անկուսակցականները, մտավորականներն ու զինվորականները, պաշտոնյաներն ու գործազուրկները, հեղափոխականներն ու հակահեղափոխականները։

Եթե 10 հոդվածում հնչում է հեղափոխության մունետիկների կարծիքը, մի հոդվածում էլ կարող է հնչել հեղափոխականների կողմից մերժված ՀՀԿ-ի, հեղափոխության հաղթանակին կասկածողների, Սերժին եւ Նիկոլին համարժեք «մերժողների», պարզապես անտարբեր կամ հիասթափված մարդկանց կարծիքը։

Մենք տարիներ շարունակ գրել ենք, որ իշխանությունը ոչնչացրեց հեռուսատեսություն կոչվող հզոր գործիքը՝ նրան զրկելով ազատությունից եւ կեղծ ու զտված ինֆորմացիա հաղորդելով էկրանից։ Եւ դրա արդյունքում մարդը սկսեց տեղեկատվություն փնտրել սոցցանցերում, կայքերում, փողոցում։ Չընկնենք հակառակ ծայրահեղության մեջ եւ այս զգայուն օրերին օրնիբուն աշխատող լրագրողներին դնենք ծանր վիճակում։

«Հրապարակը» անաչառության եւ միայն ճշմարտությանը ծառայելու սկզբունքն է որդեգրել ի սկզբանե, կարողացել է կատարել բուն լրատվամիջոցի իր առաքելությունն այս 10 տարիներին, մի ստիպեք, որ մենք հրաժարվենք կամ նահանջենք այդ դիրքերից՝ տուրք տալով պոպուլիզմին, հրապարակի պահանջներին եւ հեղափոխականների ճնշումներին։

Մենք մեր գործն ենք անում։ Անում ենք ամեն ինչ, որ մեր էմոցիաները հնարավորինս չխանգարեն մեր աշխատանքին։

Մենք ոչ մեկին վարկաբեկելու, խանգարելու կամ օգնելու առաքելություն չենք ստանձնել եւ չենք ուզում գործիք դառնալ որեւէ խմբի կամ խավի ձեռքում։

Եւ կարծում ենք, որ այս կեցվածքն ազնիվ է, ճիշտ է, պատիվ է բերում լրատվամիջոցին եւ դա կգնահատի ոչ միայն մեր ընթերցողը, այլեւ քաղաքական ուժերը, հեռացող եւ մոտեցող իշխանությունները։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X