Նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից շատ լավ վարչապետ դուրս կգա

Թերթի խմբագրությունը նման է պետության կամ կարելի է ասել այն հենց մակրո պետություն է պետության ներսում։ Երկուսն էլ չափազանց բարդ ու անկասելի ընթացքի մեջ գտնվող համակարգեր են։ Ասվածի տրամաբանությունից պետք է ենթադրել, որ թերթի առօրեական աշխատանքի կազմակերպումը բովանդակային տեսանկյունից նույնական է պետության կառավարմանը։

Առաջին հայացքից միտքը կարող է աբսուրդային թվալ, բայց եթե խորանանք իրերի մասնրամասների և էության մեջ, ապա ամեն ինչ պարզ կլինի։

Տեսեք, թերթը տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտ է, պայմանականորեն ասած, այն ունի իր ֆինանսական համակարգը, տարանջատված է իրար հավասարակշռող կառուցվածքների և կառավարվում է կոնսենսունսային հստակ նախաշված սկզբունքով ու տրամաբանությամբ։ Ունի իր բյուջեն, որի հիմնական աղբյուրներն են տպաքանակն (եկամուտները) ու գովազդը (ներդրումները)։

Այս ամենից զատ թերթը նաև տեղեկատվական, սոցիալական, քաղաքական ու գաղափարական խնդիրներ առաջադրող ու լուծող համակարգ է և նրա բնականոն կենսագործունեությունը չի կարող ինքնաբավ լինել, քանի որ խմբագրությունը պատասխանատվություն է կրում հանրության առջև կամ այլ խոսքով ասած վերահսկվում է հանրության կողմից։

Թերթի կառավարման գործում վճռական դերը պատկանում է գլխավոր խմբագրին, որը պետք է ըստ պատշաճի կարգավորի ոչ միայն վերևում նշված ֆինանսական ու քաղաքական խնդիրները, այլ նաև համակարգի խմբագրության աշխատողների բնականոն աշխատանքը։ Այսինքն՝ խմբագիրը թերթի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Լրագրողների հետ աշխատելն ու նրանց աշխատանքի համակարգումը հեշտ գործ չէ։ Խմբագիրը պետք է կարողանա ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել, մասնագետներ գտնելուց զատ նաև սկսնակ լրագրողներին սովորեցնել ու պատրաստել աշխատանքի։ Եվ այս ամենը պետք է կազմակերպվի պլյուրալիզմի պահպանման սկզբունքով, այսինքն խմբագիրը չպետք է սահմանափակի իր աշխատողների ազատությունն ու ստեղծագործական անհատականությունը։ Լինում են նաև դեպքեր, երբ լրագրողները ներգրավվում են կոռուպցիոն գործարքների մեջ և զբաղվում են քողարկված պրոպագանդայով։ Գլխավոր խմբագիրը պետք է կարողանա վճռականություն դրսևորել և չեզոքացնել օրինազանց աշխատակցին։ Թերթի ղեկավարը նաև պետք է կարողանա մոտիվացնել իր աշխատողներին՝ կանխելով նրանց բնական ծուլությունն ու բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։

Չնայած շատ կոպիտ համեմատություն ստացվեց, բայց կարծում եմ կարողացանք հստակ ցույց տալ համեմատության բուն էությունը։ Ինչպես տեսաք թերթի աշխատանքի կազմակերպումը չափազանց բարդ գործ է և խմբագրությունը իսկապես մակրո պետություն է պետության ներսում։

Օրինակ՝ եթե իմ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ինչ-որ մի օր առաջադրվի վարչապետի պաշտոնում, ապա ես կպաշտպանեմ նրա այդ ձեռնարկը, քանի որ խմբագրություն ղեկավարողը հաստատապես կարող է նաև պետություն կառավարել։

Կարծում եմ հասկացաք, թե այս երկար նախաբանի միջոցով ես ինչ էի փորձում ապացուցել։ Ներկայումս հասարակական-քաղաքական շրջանակներում անպտուղ բանավեճ է ծավալվում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ աշխատել, թե՞ ոչ։ Վստահաբար կարող է, քանի որ նա ժամանակին թերթի գլխավոր խմբագիր է եղել և այդ աշխատանքն իրականացրել է պատվով և մեծագույն արդյունավետությամբ։

Մեր միջավայրում տիրապետող է դարձել այն մտայնությունը, թե վարչապետի պաշտոն անպայման պետք է զբաղեցնի տնտեսագիտական կրթություն ունեցող ինչ-որ մեկը։ Սա իսկապես չհիմնավորված տեսակետ է՝ հատկապես սահմադրական փոփոխություններից հետո, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը առաջին հերթին քաղաքանություն մշակող և քաղաքական պատասխանատվություն կրող պաշտոն է, այլ ոչ թե զուտ տնտեսության մենեջմենթ իրականցնող չինովնիկ։

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի անհամատեղելիության վերաբերյալ խոսակցությունները իրենց էությամբ անհիմն են ու հետադիմական։ Պարզապես մենք սովոր ենք պատասխանատու պաշտոններում տեսնել ծանրաշարժ, հասարակությունից կտրված, լուրջ դեմքի արտահայտությամբ, շախմատիստի հորինված համբավ ունեցող և արքունական ինտրիգների սիրահար վտանգավոր դեմքերի։ Մեր գլխի մեջ չի տեղավորվում այն պարզ ճշմարտությունը, որ վարչապետ կարող է լինել նաև պարզ ու հասարակ հեղափոխականը, որը միգուցե շախմատ խաղալ չգիտի, բայց լավ հեղափոխություն անել գիտի։

Մի՞թե վարչապետի պաշտոնը այդքան աստվածային է կամ էլ՝ մարգարեական, ինչու չէ նաև վերբնական և այն աստիճան, որ հասարակ մահկանացու Նիկոլը չի կարող աշխատել։ Այո՛, մենք սովոր ենք փողկապով կարիերիստ բյուրոկրատների, մնացյալը խորթ են ու անհասկանալի։

Մի օրինակ բերեմ։ Ռուսաստանի նախկին վարչապետ Եգոր Գայդարը բավականին խոշոր տնտեսագետ էր, բայց, երբ վարչապետ նշանակվեց կոպտագույն սխալներ թույլ տվեց հենց տնտեսության ոլորտում։ Ասվածը լավագույն վկայությունն է այն բանի, որ վարչապետ լինելու համար տնտեսագետի մասնագիտություն ունենալը պարտադիր պայման չէ։ Բացի այդ կարող ենք տասնյակ օրինակներ բերել, երբ ոչ տնտեսագետ առաջնորդների կառավարման ժամանակաշրջանում տարբեր պետություններ բավականին լուրջ զարգացում են արձանագրել։

Կրկնենք այն միտքը, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետի պաշտոնն իր էությամբ առաջին հերթին քաղաքական է և ասվածից ելնելով Նիկոլ Փաշինյանի առաջին խնդիրը պետք է ոչ թե տնտեսագիտական հաշվարկներ իրականացնելը լինի, այլ կենսունակ ու միասնական թիմ ձևավորելն ու դրա աշխատանքի համակարգումը։ Բացի այդ Փաշինյանն ու նրա կողմնակիցները բազմիցս հայտարարել են, որ կադրային ջարդ չեն իրականացնելու և որակյալ մասնագտները շարունակելու են աշխատել պետական կառավարման համակարգում։

Նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից շատ լավ վարչապետ դուրս կգա։

Մեկնաբանություն
X