Ա պլան, Բ պլան, իսկ կա՞ Գ-ն

«Այսպես, սակայն, երկար չի կարող շարունակվել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրականության եւ օրենքների շրջանակներում» (ՀՅԴ): Կա՞ առարկություն: Եթե կա, ապա առաջարկեք ձեր տարբերակը:

Ժողովուրդ ջան, զինվորականին կամ ոստիկանությանը շարժման շարքերն անցկացնելը մեծ խելքի նշան չէ: Այդպես կարելի է մեկ-երկու օրում մսխել ու ոչնչացնել այն ամենը, որ ձեռք ենք բերել տասնամյակներով՝ երազելով ազգային ոստիկանության ու բանակի մասին: Հավատացեք, փողոցներում մի հատուկ ցուցադրականությամբ իր դիրքը լքած եւ «ժողովրդին միացած» զինվորն ու ոստիկանը ոչ թե ուժեղացնում են ժողովրդին, այլ թուլացնում նրան: Այդ նույն ոստիկանն ու զինվորն իրենց դիրքը լքելու են նաեւ վաղը, երբ Նիկոլ Փաշինյանը կամ մեկ ուրիշը լինի աթոռին: Վաղը նրանք մեկը կամ երկուսը չեն լինի, ամբողջ դասակներով ու գումարտակներով կանցնեն ում կողմը պատահի: Ասում են՝ վատ օրինակը վարակիչ է:

«Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ» (ՀՅԴ): Հուսամ՝ հայերեն է ասված, եւ խոսքն էլ խանութներից երշիկի անհետացման մարտահրավերի մասին չէ: Ամբողջ աշխարհի լրատվական լենտայում մենք առաջ ենք անցնում Սիրիայից: Օտարերկրյա դեսպաններն իրար են անցել, կարմրել են բարձրաստիճան աշխատասենյակների հեռախոսները: Հանկարծ չմտածեք, որ սեփական հեղափոխությունն եք արել եւ հաղթել: Այս ամենի օգտատերը կարող է դառնալ պատահական յուրաքանչյուր անցորդ: Եթե կա մեկ հայ, որ դույզն-ինչ մտավախություն ունի այս կապակցությամբ, պետք է հայտարարի այդ մասին, այլապես մենք բոլորս արժանանալու ենք այսօրվա երիտասարդների եւ ապագա սերունդների անեծքին:

«Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ, որի ձեւավորած կառավարության մշակած՝ պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ներառող ծրագիրը պետք է նպատակ հետապնդի՝

ա) լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը

բ) հաղթահարել քաղաքական ճգնաժամը

գ) հստակ առաջնահերթություններ նախանշելով՝ երաշխավորել կուտակված խնդիրների լուծումը

դ) լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ» (ՀՅԴ): Ճանապարհային քարտեզ տեսած կա՞ք: Սա ճանապարհային քարտեզ է: Բայց կարիք չկա այդ թիթիզ ձեւակերպումը տալու: Պետք է ասել՝ սա ելք է: Սա ելք է փողոցներում սիգնալ տալու, ճանապարհները փակելու, հու-բու անելու, միմյանց նկատմամբ անվստահությունը խորացնելու այս անիմաստ վազվզոցից: Սիրելիներս, մի ոգեւորվեք օտար պետությունների՝ մեր ժողովրդավարության մասին հիացական բացականչություններից: Ժողովրդավարական երկրների սանդղակում մենք այս օրերին առանձնապես առաջ չենք գնացել, իսկ եթե ԱՄՆ դեսպանին լսենք, ապա փողոցում տեղի ունեցողն այլեւս անօրինական է՝ հակասահմանադրական: Մեր մասով՝ շարժումն իր անելիքն արել է՝ խաղաղ ընթացքով հասնելով մտածված հանգուցալուծման: Մեզ վերապահենք հանգուցալուծման իրավունքը, այլապես մեր փոխարեն դա կանեն ուրիշները, ընդհուպ՝ մեզ համար աննկատ, սակայն ո՛չ երկրի եւ ժողովրդի համար մեր՝ հայերիս սրտացավությամբ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X