Զգոն, խոհեմ

Այս պահին ամենակենսական ու կարեւոր դրսեւորումը զգոնության պահպանումն է. զգոնություն՝ հույզերում, մտքերում, արարքներում, արտաբերված խոսքերում, որքան էլ դժվար լինի, որքան էլ հախուռն լինի արտաքին ու ներքին տրամադրությունը: Ավտոմեքենաների համարները թղթերով, լաթի կտորներով փակած վարորդներ, դուք դրա կարիքը բնավ չունեք․ վերստին հիշենք՝ սա սքողման ու վախի հեղափոխություն չէ, այլ սիրո եւ համերաշխության: Հասկանալի է՝ տարիներ շարունակ ամեն քայլափոխի վարորդների իրավունքները ոտնահարվել են, վարորդները հետապնդվել են, անհարկի տուգանվել, ինչը, սակայն, չքմեղանք չէ։ Նման պահվածքը դժգունացնում է հրապարակում տիրող այն ըմբռնողականության ու հանդուրժողականության սքանչելի եղանակը, որն անվերապահ հաղթաթուղթ է դարձել, պիտի բացառել դժբախտ պատահարների հավանականությունը:

Փողոցներում պատանիներ շատ կան, մարդիկ իրենց մանկահասակ երեխաների հետ են դուրս գալիս, որեւէ անգամ աննշան պատահարն ուղղակի անթույլատրելի է: Զգալով սիրո եւ համերաշխության անվտանգ, հուսադրող մթնոլորտը՝ դիմակավորված ոստիկանները հանեցին իրենց սեւ ծածկույթները, իրենք իրենց կապանքները հաղթահարելով՝ ժպտացին ժողովրդին, եւ բաց ճակատով, բաց սրտով մեր ժողովուրդը պատասխանեց փոխադարձ ժպիտով ու ջերմ ողջույնով:

Ահա, հրապարակի բացությունն ու անգաղտնապահությունն արժեքներ են, որոնց կենսականության ուժի վրա ոչ մի վայրկյան չպետք է կասկածել: Գերցենն ասում էր․ «Ժողովուրդներին առաջ է տանում ոչ թե բանականությունը, ոչ թե տրամաբանությունը, այլ հավատը, սերը եւ ատելությունը»:

Ի սկզբանե հրապարակում ատելությունն ամբողջապես մերժվել է, Նիկոլը եւս մեկ անգամ փաստեց, որ ատելության էջը մեր երկրում այլեւս փակ է: Սա խիստ կարեւոր ընդգծում է, լիարժեք սերը, փոխադարձ հարգանքը, հոգածությունը միմյանց հանդեպ հեղել են Հայաստանի փողոցները. փայփայենք այս մեծ արժեքները, որոնցով զարմացրել ենք աշխարհին:

Փողոցներում շրջանառվող ծայրահեղացված ու անհավաստի տեղեկատվության հոսքը հնարավոր է պատնեշել միայն անհատապես՝ ամեն մեկն ինքն իր վրա աշխատանք տանելով: Յուրաքանչյուրն իր մեջ խոհեմությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով պիտի լռեցնի չճշտված, կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկատվությունն ընկերոջը, անծանոթին փոխանցելու հրապուրանքը: Վստահաբար՝ հախուռն իրավիճակներում մտքի զգոնությունը, մտքի պաղությունը գիտակցության հերոսական վիճակ է, որն ի զորու է կառավարել ու հաղթահարել վերահաս վտանգները: Եվ այլ տարբերակ չկա, քան այս ընթացքում լինել չափից դուրս գիտակցական, չափից դուրս ընկալունակ:

Տարատեսակ վտանգները քիչ չեն, սակայն մինչ այս պահը դրանք հրաշալիորեն հաղթահարվել են, հայ ժողովուրդն ապացուցել է, որ լիարժեքորեն վերահսկում է իրավիճակը, լիարժեքորեն գիտի, թե ինչ է ուզում, լիարժեքորեն սիրո եւ համերաշխության շողքի մեջ է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X