Հերոս ժողովուրդ

Աշխարհը հիանում է մեզնով, մենք էլ հպարտ ենք մեզնով։ Արեցինք մի բան, որն անսպասելի էր, գեղեցիկ էր, հրաշալի էր։ Ընդամենը մեկ տարի առաջ գառների հոտի նման Հանրապետականին կողմ քվեարկած հանրությունը հանկարծ հասկացավ, որ երկիրը մտել է փակուղի, եւ 10 տարի իշխած նախագահի հեռանալու ժամանակն է՝ անգամ եթե Սահմանադրությունը դա չի արգելում, եւ հանրապետական մեծամասնությունն էլ միաձայն ու աղեկտուր պահանջում է նրան մնալ։ Որոշեց ու իրականացրեց։ Եվ դա արեց անարյուն, խաղաղ, սիրով եւ գեղեցիկ՝ աշխարհին ցույց տալով, որ մենք ոչ միայն հնամենի մշակույթ ունեցող ազգ ենք, այլեւ անսպասելի դրսեւորումների, ներքին մեծ ազատության, վճռական պահին համախմբվելու, գաղափարին ծառայելու ունակ հանրույթ ենք։

Վերջապես, մենք պետություն ունենալու, ազատ ու բարեկեցիկ ապրելու եւ, ամենակարեւորը՝ մեր իշխանությունը ձեւավորելու իրավունք ունենք։ Ոչ ոք՝ ոչ մի գերտերություն, ոչ մի գերհզոր կուսակցություն կամ ազգի առաջ վաստակ ունեցող անհատ իրավունք չունի մեր փոխարեն մեր ճակատագիրը կերտել եւ մեր փոխարեն որոշումներ կայացնել։ Մենք կարողացանք ապացուցել, որ մեր հասարակությունը շատ ավելի լավն է, քան մեր իշխանությունը, քանի որ մեր կողմից, մեր ազատ կամարտահայտությամբ չի ձեւավորվել այդ իշխանությունը, այլ զարտուղի ճանապարհներով։ Համենայնդեպս՝ մինչ օրս այդպես էր։

Հիմա եկել է այն պահը, երբ մենք պետք է մեր քվեին տեր կանգնենք եւ մեր ազատ կամքով ու սթափ ուղեղով ձեւավորենք մեր իշխանությունը։ Իշխանություն, որը ծառայելու է մեզ, որը վախենալու է մեզնից եւ ջանք չի խնայելու մեր բարեհաճությանն արժանանալու համար, քանզի ցանկացած պահի, երբ նա գերազանցի իր լիազորությունները եւ կորցնի ժողովրդի վստահությունը, կարող է հրաժեշտ տալ աթոռներին։

Մեկնաբանություն
X