Լրացուցիչ կոնֆլիկտներից խուսափելու համար հարթակը մի քիչ բաց թողեցինք, բայց այլևս չի կրկնվելու. գյումրեցի ակտիվիստ

Եթե մայրաքաղաք Երևանում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունների սկիզբը դրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որին միացան հազարավոր մարդիկ, ապա Հանրապետության երկրորդ քաղաքում պայքարի սկիզբը դրեցին անկուսակցական, տարբեր մասնագիտությունների տեր ակտիվ քաղաքացիներ, ովքեր Գյումրու Թատերական հրապարակը դարձրեցին շարժման հարթակը: Նրանցից մեկը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանն է:

Նրան այս օրերին իրավապահները հասցրեցին մի քանի անգամ բերման ենթարկել, ձերբակալել եւ քրեական գործ հարուցել, բայց ակտիվիստը շարունակում է պայքարը: «Մենք բոլորս անկուսակցական ենք, ընդամենը տեսանք, որ Հայաստանում սկսվել է բարեփոխման գործընթաց եւ ցանկություն հայտնեցին մաս կազմել այս գործընթացին՝ հաշվի առնելով բազմաթիվ ռիսկեր: Աշխատում ենք տարբեր վայրերում, ունենք կորցնելու շատ բան, բայց ռիսկի գնացինք եւ արդեն աննախադեպ բազմահազարանոց երթ եւ ցույցեր են լինում քաղաքում: Եթե վերջին տարիների Գյումրիում տեղի ունեցած հավաքները ուսումնասիրենք, սա կարելի է ասել՝ գագաթնակետն էր»,-լրագրողների հետ զրույցում ասում է ակտիվիստը՝ միաժամանակ անդրադառնալով երեկվա Գյումրու հանրահավաքին, որը նախորդներից էականորեն տարբերվում էր: Տարբերվում էր նրանով, որ հարթակ էին բարձրացել քաղաքական գործիչներ, որոնց ներկայությունը շատերի համար տհաճ էր ու հիասթափեցնող եւ հիմք տվեց մտածելու, որ պայքարի ոգին փոխվել է:

«Իհարկե եղան անձիք, որ ցանկություն հայտնեցին իրենց խոսքն ասել ժողովրդին: Մենք դեմ ենք որևէ կոնֆլիկտային գործընթացի, գոնե այս պահին: Մեր գերխնդիրն է միանալ երևանյան օրակարգին եւ զորակցություն հայտնել: Լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար այս հարթակը մի քիչ բաց թողեցինք, բայց այլևս չի կրկնվելու: Այստեղ լինելու են միայն մտավորականներ, քաղաքացիներ ու երիտասարդներ, ովքեր իրենց լուման ունեին հեղափոխության մեջ, եւ չպետք է դառնա քաղաքական շահարկման տեղ»,-ընդգծում է շարժման կազմակերպիչը:

Մեկնաբանություն
X