Գյումրու քաղաքապետը պաշտոնապես արտոնում է ցույցը. փոխքաղաքապետ

Այսօր առավոտից Գյումրիում բազմամարդ ցույցերը շարունակվում են: Ցուցարարների պահանջը նույնն է՝ «Մերժել ՀՀԿ-ին, Նիկոլ վարչապետ»: Հանրահավաքը մեկնարկեց Գյումրու Թատերական հրապարակից: Ցուցարարները վանկարկումներով հասան մինչև քաղաքապետարան եւ անակնկալ կերպով ներխուժեցին համայնքապետարանի շենք:

Ի տարբերություն նախորդ անգամվա, երբ ոստիկանները ամեն գնով ներս չթողեցին ցուցարարներին, այս անգամ նույնիսկ չընդդիմացան: Ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Սամվել Բալասանյանին միանալ իրենց: Սակայն ցուցարարների հետ հանդիպեց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը՝ Բալասանյանի քրոջ ամուսինը, եւ ցուցարարների բողոքին, թե աշակերտներին դպրոցներում արգելում են միանալ իրենց, ի պատասխան ասաց, որ իրենց կողմից ոչ մի արգելք չի կարող լինել. «Թե եղավ, եկեք….. պաշտոնապես հայտարարում եմ քաղաքապետի անունից»,-ընդգծեց փոխքաղաքապետը: Ի դեպ, Սամվել Բալասանյանը հասցրել է իր դիրքորոշումը հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված: Մի քանի կուսակցություն փոխած քաղաքապետն այս անգամ էլ շատ դրական է տրամադրված հեղափոխականների նկատմամբ, մինչդեռ քաղաքապետ էր ընտրվել ՀՀԿ-ի քվոտայով: «Գիտե՞ք ինչ, ասում են թավշյա հեղափոխություն է, սա ազնվության, սիրո, համախմբման հեղափոխություն է, ամեն ինչ կարելի է որակել։ Ճիշտն ասած՝ ես պարծենում եմ հայ ազգով, իմ տրամադրությունը շատ լավ է: Համազգային շարժումը չի կարող որեւէ մեկի սրտով չլինել: Եթե ազգն ուզում է, ուրեմն բոլորիս սրտով է: Իմ համար զարթոնք է»,- ասել է նա:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X