Երեխեքը գոռում էին կանգնի, ինքը չէր կանգնում. ինչպես է ոստիկանը վրաերթի ենթարկել երիտասարդին

>

Ապրիլի 21-ին ոստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված, Քաղսի գյուղի բնակիչ 17-ամյա Ժորա Դանիելյանը դեռ գտնվում է Հրազդանի ԲԿ-ում: Ժորան մանրամասներ պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել. «Մենք հանգիստ քայլում էինք, մեկ էլ հետևից հարված ստացա: Ես ընկա դիմացիս կանգնած օպել ավտոմեքենայի վրա: Տեսա, որ հարվածող մեքենան ոստիկանության ՊՊՍ-ի վիլիս է: Դրանից հետո դեռ ավտոմեքենան գալիս էր իմ վրա: Երեխեքը գոռում էին կանգնի, ինքը չէր կանգնում: Վարորդը ոչ մի օգնություն ցույց չտվեց: Երեխեքը գոռում էին կանգնի, ինքը չէր կանգնում: Ինձ հիվանդանոց են բերել ցուցարարները: Միայն ես վարորդին հարցրեցի, որ խփեցիր ինչո՞ւ չիջար, ասաց, որ իջնեի, ինձ կծեծեին»:

Ըստ Ժորայի՝ վարորդը ասել է, որ արգելակները չէին աշխատում, սակայն Ժորան այդ վարկածին չի հավատում. «Վարորդ ոստիկանը եկավ հիվանդանոց, անգամ ներողություն չխնդրեց, միայն ասավ, հալալ ա, որ կարացել եմ բալնիքը անջատել: Ես ուզում եմ, որ վարորդ ոստիկանը օրենքով սահմանված պատասխան տա»,-ասաց 17-ամյա երիտասարդը:

Ի դեպ, տեղեկացանք, որ այսօր Ժորային դուրս կգրեն հիվանդանոցից: Նա տանը դեռ 1 ամիս պառկած վիճակում կմնա: Այնուհետեւ՝ 1 ամիս էլ հենակներով կքայլի: Հիշեցենք, որ ոստիկանությունը հերքել էր այն տեղեկությունը, որ կատարվածը միտումնավոր է եղել: Ըստ ոստիկանության` կատարվածի պատճառ է հանդիսացել ճանապարհի երթևեկելի մասում հավաքի մասնակից քաղաքացիների, ինչպես նաև ավտոմեքենաների արհեստական, միտումնավոր և հակաօրինական կուտակումը: Ճանապարհահատվածը երթևեկելի դարձնելուն ուղղված աշխատանքների ընթացքում ոստիկանության ավտոմեքենայի վարորդը չի հասցրել արգելակել այն պատճառով, որ երեխան երթևեկելի հատվածում անօրինական հավաքի մասնակիցների շարքում պարզապես վազքով անցնելիս ինքն է հայտնվել մեքենայի դիմաց, ինչին նպաստել է նաև առջևից ընթացող ավտոմեքենայի անակնկալ և ոստիկանի պահանջներին հակառակ արգելակելը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X