Տոն, որը միշտ մեզ հետ է լինելու

Ապրիլյան սովորական օր: Լավ է՝ անձրեւ չի գալիս: Չէի ուզենա, որ նրանք թրջվեին, մրսեին, խանգարվեր…

Ասենք՝ նրանք կարկուտից էլ վախեցողը չեն: Բայց դե…

Օդում տագնապ կա: Ի՞նչ է լինելու: Նիկոլի ու Սերժի հանդիպումը մեկը համեմատեց նեղ կամրջին հայտնված երկու այծերի հետ: Փաստորեն, օրերս միապետ կարգված նախկին նախագահը սպառնաց նոր Մարտի 1-ով: Նիկոլն էլ ասաց, որ վախեցող չկա: Ու՝ վերջ:

Ինտրիգներում անմրցելի Սերժ Սարգսյանը ճակատագրական սխալ թույլ տվեց: Մարտի 1-ի հիշատակումը ոտքի հանեց երկիրը: Մարդը «մոռացավ», որ դրսում մեծ մասամբ ապրիլյան պատերազմում հերոսացած սերունդն է, նրանց կրտսեր սերնդակիցները…

Հաղթանակ

Զանգողը Ռոլանդն է։

  • Շնորհավորո՜ւմ եմ,- ասում է,- տեսա՞ր ինչ եղավ:

  • Փոխադարձաբար,- ասում եմ,- տեսա:

Ռոլանդը վերջերս ծանր վիրահատություն է տարել, բայց ոչ մի հանրահավաք բաց չի թողնում:

  • Հիմա էդ մարդուց պրծա՞նք:

  • Հա, պրծանք, պրծանք,- հանգստացնում եմ նրան:

  • Հլա տես ինչ ա կատարվում դրսում,- ձայնը դողում է ուրախությունից:

Իսկ դրսում «ամբոխները խելագարվել» են: Ծանոթ-անծանոթ գրկախառնվում են: Մեքենաները ձայները գցել են գլուխները:

Քիչ հետո Ռոլանդի հետ արդեն մետրոյում ենք: Այստեղ ասեղ գցելու տեղ չկա: Գնացքը երկար ազդանշանով ողջունում է «Հա՜ղ-թա՜-նա՜կ», «Հա՜-յա՜ս-տա՜ն» վանկարկող ջահելներին: Մի կերպ խցկվում ենք վագոնում: Հիմնականում պատանիներ ու երիտասարդներ են:

  • Ախպերներ, էս ի՜նչ արինք,- վագոնով մեկ բղավում է ուսիս թիկնած երիտասարդը,- ձեր ցավը տանեմ, հա՜ղ-թա՜-նա՜կ…

  • Հա՜ղ-թա՜-նա՜կ, հա՜ղ-թա՜-նա՜կ,- վանկարկում են բոլորը:

Խեղդոց է, օդը չի հերիքում: Հաջորդ կանգառներում էլի մի քանի «պնդերեսների» համար հրաշքով տեղ է բացվում:

  • Շնուրոկս արձակվել է,- բղավում է մեկը,- թողեք կապեմ:

Վագոնը պայթում է ծիծաղից:

Երջանիկների մեր գնացքը, այս ու այնտեղ ուրախ ազդանշաններ տալով, սուրում է առաջ:

Աստվա՜ծ իմ, էս ինչ լուսավոր սերունդ ունենք:

Հուզմունքը խեղդում է կոկորդս:

Հուշեր, մտորումներ

Հուշեր արթնացնող Հանրապետության հրապարակ: Հարթակին մոտ լինելու համար ճարպկություն է պետք: Ժպիտներ, ժպիտներ, պարող խմբեր… Օդում արդեն ճախրում են նկարահանող թռչող սարքերը:

Հուշերս ինձ տանում են նաեւ Ազատության հրապարակ: Զարթոնք: Լեւոն Տեր-Պետրոսյանի կախարդող, սիրտ ու հոգի տակնուվրա անող ելույթներ: Հետո եկավ համընդհանուր թալանի, կաշառակերության, հովանավորչության «բնական, անցումային շրջանին բնորոշ» փուլը:

«Մեր դեմ խաղ չկա»-ն դարձավ յուրօրինակ կարգախոս:

Փոխվեցին նախագահները, չփոխվեց միտումը: Ժողովրդի ողնաշարը ող առ ող կոտրեցին:

…Հերթական ելույթից հետո հրապարակը թնդում է ծափերից: Հանրահավաքի «մեխը»՝ Նիկոլի ելույթը, թողել են վերջում: Մյուսները մի տեսակ ասես զբաղեցնում են ժողովրդին: Չգիտեմ՝ իրենց լավ չե՞ն պահել, թե՞ այդպես էլ չունենք հեղինակություն վայելող մտավորականներ: Լավ, բա ո՞ւր են այն համարձակ, երթի առջեւով հպարտ քայլող հոգեւորականները (աննախադեպ բան մեր նորօրյա իրականությունում), որոնց խոսքը շատ կուզեի լսել:

Էլի հարցեր են ծագում գլխումս: Օրինակ, ի՞նչ էր ուզում նախորդ օրն ասել անճարակ հարթակ մագլցող Զարուհի Փոստանջյանը, ով մինչ այդ Նիկոլին մեղադրում էր ծախվածության մեջ:

Մերթընդմերթ հրավառությունը տոնական է դարձնում հանրահավաքը:

Վերջապես հերթը Նիկոլինն է: Ժողովուրդը նրան սիրում ու հավատում է: Խոսում է հստակ՝ խզված ձայնով շեշտելով ամեն բառը: Պարզ երեւում է, որ իրեն է տեսնում վարչապետի աթոռին: Եվ հավաքվածներն էլ դա են ուզում:

Ինչո՞ւ խիյարը թարս բուսնեց

Շատերը կհիշեն Սերժ Սարգսյանի այս հանրահայտ «աֆորիզմը»: Տարեց գյուղացու «թարս» հարցին նրա պատասխանը սա էր: Հիմա՝ ինչո՞ւ տապալվեց «Կարթագենը»:

Նախ ասեմ, որ ոչ ոք (կարծում եմ՝ բացի Նիկոլից ու իր մի քանի թիմակիցներից) չէր հավատում, որ կարող են «կոտրել» Սերժ Սարգսյանին: Հիշո՞ւմ եք՝ պերճախոս Է. Շարմազանովն այս ընդվզման արդյունքը 0-ական էր համարում (եւ, կարծում եմ, համոզված էր դրանում):

Ամեն անձրեւից հետո ծնվող քաղտեխնոլոգները նույնպես դա համարում էին ֆանտաստիկայի ոլորտից: Իսկ ՀՀԿ-ականներն իրենց անառիկ թվացող ամրոցից քամահրանքով էին հետեւում մաշված ուսապարկով հանրապետությունը չափչփող անթրաշ Նիկոլին ու իր փոքրաթիվ խմբին: Կարծում եմ՝ արկածախնդրություն էին համարում նաեւ «Ելք»-ի գործընկերները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Բայց Նիկոլը համառ էր ու հավակնոտ եւ լավագույնս ապացուցեց, որ մի ծաղկով էլ կարող է գարուն գալ:

Ինչո՞ւ հլու-հնազանդ ժողովուրդը «հանկարծ» ոտքի կանգնեց: Պատճառները բազմիցս են նշվել: Բայց կան նաեւ աննշան թվացող «մանրուքներ», որոնք կարող են հունից հանել մարդկանց: Իմ կարծիքով, դա նախկին վարչապետի եւ իր թիմակիցների սին խոստումներով մարդկանց կերակրելու ֆոնին՝ իրենց ինքնագոհ-ինքնավստահ-հեգնական-ամբարտավան կեցվածքն է: Ոչինչ չի փոխվել՝ մեր դեմ խաղ չկա եւ վերջ: Սահակյանները, շարմազանովները, ֆարմանյանները, բաղդասարյանները, սարոյաններն ու շմայսներն արջի ծառայություն են մատուցում իշխանությանը: Լրագրողները նրանց համար ընդամենը «էրեխեք ջան» են, ընդդիմադիր պատգամավորները՝ էժան հումորի թիրախ: Մարդիկ հոգնել, ձանձրացել, ներեցեք՝ զզվել են էս կերպարներից:

Սկզբունքը՝ նախահարձակ լինել, արդարանալ, գովել, փառաբանել: Չեղավ մի դեպք, որ նախկին վարչապետը կամ սրանցից մեկն ասեր՝ կներեք, մարդիկ, սխալ ենք թույլ տվել:

Ժողովրդի հաջողության գաղտնիքներից մեկն էլ ինքնակազմակերպման բացառիկ բարձր մակարդակն էր, պրովոկացիաներին չտրվելը, ոստիկանների նկատմամբ ընդգծված ջերմ վերաբերմունքը:

«Դուք ի՞նչ սիրելու բան եք, որ ձեզ սիրենք»

Հանրահավաքն ավարտվեց: Մի կերպ գտնում եմ իմ ընկեր Ռոլանդին, ու մենք փողոցներում խելահեղորեն ցնծացող մարդկանց հետ գնում ենք դեպի տուն: Նույնիսկ 88-ի հետ անհամեմատելի է այն ոգեւորությունը, որ տիրում է փողոցներում: Մանկավարժական համալսարանի մոտ մի երիտասարդ գալիս, փարվում է մեզ:

  • Կրեցի՜նք,- ձայնալարերի ողջ կարողությամբ բղավում է նա,- կը՜-րե՜-ցի՜նք, ցավներդ տանեմ:

Քիչ հետո մի տաքսի արգելակում է մեզ մոտ.

  • Երրորդ մաս,- առաջարկում է միակ ուղեւորը:

Չենք մերժում:

  • Շնորհավոր,- ձեռքը մեկնում է երիտասարդը,- հիմա էլ հավատալս չի գալիս:

  • Տղա ջան, հլա ամեն ինչ չի վերջացել,- ասում է տարեց վարորդը,- էս ՀՀԿ կոչվածն ըտենց շուտ հանձնվողը չի,- մի պահ լռում է,- ախպեր, երկիրը քանդեցին դրանք…

  • Վարպետ ջան,- ասում է երիտասարդը,- կարեւորը՝ ապացուցեցինք, որ մեր արժանապատվությունը չենք կորցրել:

Ռոլանդն էլ է խոսքին խառնվում.

  • Հա, տղա ջան, մեզ հոտի տեղ էին դրել:

Ամենուր հրավառություն է: Խաչմերուկի մեջտեղում աղջիկ ու տղա պար են բռնել, մեքենաների ձայնային ազդանշանները չեն լռում:

  • Էսքա՜ն էլ հակաժողովրդական իշխանություն,- մեր կողմն է շրջվում երիտասարդը,- ախպեր, հալալ ա Նիկոլին:

  • Էն օրը Մարուքյանը լավ ասեց, չէ՞,- վարորդն է,- ասեց՝ ախր դուք ի՞նչ սիրելու բան եք, որ ձեզ սիրենք:

  • Բա էդ Դաշնակցությունը,- ասում է Ռոլանդը,- ոնց որ ասում են՝ ո՛չ ձուկ է, ո՛չ միս:

  • «Բարգավաճից» էլ բան չես հասկանա,- ասում է վարորդը: Տեսավ իշխանության բանը բուրդ է, հիմա թե՝ միանում ենք ժողովրդին:

  • Վարպետ ջան, էդ ես ասում,- ժպտում է երիտասարդը,- քիչ առաջ բժշկականի ուսխորհրդի նախագահը փաթաթվել ինձ, շնորհավորում է: Չհամբերեցի՝ բա մինչեւ հիմա ասում էիր՝ Սերժը իմ պապան ա… էստեղ կանգնիր, վարպետ ջան,- շրջվում է,- անունս Գուրգեն է, գնանք, լահմաջո հյուրասիրեմ:

Հաջողություն քեզ, երկրի հոգսով ապրող արժանապատիվ Գուրգեն ջան:

Ռոլանդի հետ գնում ենք եղբորս տուն: Տոնական սեղան է արդեն գցված: Քիչ հետո փայլող աչքերով հանրահավաքից վերադառնում են նաեւ եղբորս գեղեցկուհի աղջիկները՝ Սիրանուշը, Աստղիկը, Սոնան:

Շնորհավո՜ր ոգուդ հաղթանակը, սիրելի հայեր:

ՀԳ. Այս օրերին մտածում էի՝ ինչո՞ւ մեր բախտը չի բերում հանրապետության ղեկավարների հարցում: Չէ՞ որ ունեցել ենք Մացակ Պապյան, Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, ովքեր ԽՍՀՄ-ի ծանր մամլիչի տակ անգամ ամեն հնարավորն արել են մեր ժողովրդի համար: Թվում էր, թե անկախության տարիները պիտի ծնեն առավել մարդասեր, առավել ազնիվ իշխանավորներ: Ավա՜ղ: Ղեկավարների անփառունակ, ամոթալի հրաժարականներ, խղճալի ավարտ:

Այսօր էլ ցուցարարները հրապարակներում են, գործադուլներ, դասադուլներ… փողոցներում՝ մարդկային հեղեղ: Պարզ է, ինչպես տաքսու վարորդն էր ասում՝ Հանրապետականը շուտ հանձնվողը չի: Ակնհայտ է մի բան՝ այս հզոր ալիքի դեմ ոչ ոք չի կարող կանգնել:

Վերջին տողը գրելիս ռադիոեթերից հնչում է անգերազանցելի Գոհար Գասպարյանի թովիչ ձայնը՝ Հա՜-յա՜ս-տա՜ն, երկիր դրախտավայր:

Աստված ձայնդ լսի:

Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանություն
X