Հիմա կա՛մ ցատկ ենք կատարում ապագային ընդառաջ, կա՛մ գահավիժում ենք անդունդը

Հարցազրույց արձակագիր Լեւոն Ջավախյանի հետ

- Պարոն Ջավախյան, բոլորս ականատես եղանք, որ 11 օր տեւած պայքարի այս փուլը հաջողությամբ պսակվեց, եւ, ի վերջո, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Ի սկզբանե պատկերացնո՞ւմ էիք, որ իրավիճակն այսպես կփոխվի, հատկապես որ վերջին տարիներին բազմաթիվ քաղաքացիական եւ քաղաքական շարժումներ չկարողացան ժողովրդին ոտքի հանել։ Ձեզ համար կանխատեսելի՞ էր այսպիսի ընթացքը։

Իմ մեջ սկզբում ավելի շատ տագնապ կար, քան ոգեւորվածություն։ Մտածում էի, որ շարժումը չի ստացվի, եւ խայտառակ ձեւով կցրեն ժողովրդին ու նոր Մարտի 1 կլինի․ մի խոսքով՝ Սերժի նման էի մտածում։ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ինքը ոչ միայն տաղանդավոր գրող է, լրագրող, այլեւ տաղանդավոր քաղաքական գործիչ։ Այն, ինչ ինքն արեց, չեմ կարծում, թե որեւէ մեկն աներ։ Քաղաքականության մեջ ինքն այն կրիտիկական կետն էր, որից կարող էր այսպիսի մեծ շարժում սկսել։ Այն էներգիան, որ ինքն ունի ու կարողացավ վարակել ժողովրդին, ոչ ոք չունի։ Պատահական չէ, որ ասում էին՝ իր մեջքի ուսապարկի մեջ միջուկային ռեակտոր կա, որն անընդհատ սնուցում է այդ մարդուն։ Դա «մեկ քայլ» չէր, դա գործ էր։ Ժողովրդի մեջ կար համապարփակ ատելություն առ այս իշխանությունները, դա հարկավոր էր ջրի երես բերել, բայց չկար այդ մարդը, ու հանկարծ՝ եղեւ Նիկոլ Փաշինյան։ Ժամանակին ես մի հոդված էի գրել՝ «Քաղաքականության սիրտը» վերնագրով։ Այնտեղ մեջբերել էի Նապոլեոն Բոնապարտի խոսքը, որտեղ ինքն ասում էր՝ քաղաքականությունը սիրտ չունի։ Բոնապարտը նկատի ուներ անցյալի ու ներկայիս պոռնիկներին, որ նստում են ԱԺ-ում ու կառավարական աթոռներին, բայց ես դեռ էն ժամանակ ասել եմ, որ կա նաեւ շիտակ քաղաքականություն, եւ ցույց էի տալիս Նիկոլ Փաշինյանին՝ ասելով․ ահա՛ քաղաքականության սիրտը։ Այս պահին Նիկոլ Փաշինյանը քաղաքականության սիրտն է, եւ Աստված ոչ անի, որ ես հիասթափվեմ ու ասեմ, որ Բոնապարտն ավելի ճիշտ էր, քան՝ ես։ Այսօրվանից կաղոթեմ հանուն այն բանի, որ, այնուամենայնիվ, շիտակություն լինի քաղաքականության մեջ։ Ու այդ սիրտը բազում երակներով, զարկերակով բաբախում է ամբողջ ժողովրդի մեջ, առանց այդ արյունատար անոթների սիրտը չէր բաբախի, եւ այս շարժումը կապացուցի, որ, բացի ոտքերից, ունի նաեւ գլուխներ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների։ Միայն մի Նիկոլով գարուն չի գա, եւ թող չմտածեն, որ այս շարժումը մի ծաղկի գարուն էր։

- Ի վերջո, ի՞նչ եք կարծում՝ ո՞րն էր այս շարժման հաջողության գրավականը։ Շարժման լոզունգները, սիրո քարոզն ինչքանո՞վ դեր խաղացին այդ հարցում։

Նախ այդ շարժման համար հող կար։ Այս հողը ժողովուրդն էր, այդ թույնը, ատելությունը, կոռուպցիան, դա թարախի պալար էր, որ պատրաստ էր պայթելու, եւ չկար այն ասեղը, որ պետք է դա բլացներ։ Նիկոլ Փաշինյանը եղավ այդ ասեղը, բայց ինչումն է Նիկոլի առավելությունը մյուս քաղաքական գործիչներից, հատկապես որ էլի կային քաղաքական գործիչներ, էլի կար ատելություն, էլի էին ուզում բարձրացնել դա, բայց Նիկոլը գործ արեց՝ շարժում։ Ոտքով այդքան քայլեց, բզբզաց, իսկ այդ ամբողջն աշխատանք էր, քաղաքական գործունեություն։ Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնում էր ու առավել խելոք ու պաթոսով, ջերմագին ելույթներ էր ունենում, ժողովուրդը չէր գնում, որովհետեւ քաղաքական գործունեությունը չկար, այդ աշխատանքը չկար։ Նիկոլն ինչպես «Ելքի» քարոզարշավի ժամանակ տուն առ տուն, փողոց առ փողոց քայլեց, այնպես էլ այս դեպքում նույնն արեց։ Ամեն գործ մեծագույն աշխատանքի արդյունք է, ես ապշած եմ նրա աշխատանքով, նրա ֆիզիկական պատրաստականությամբ։ Այս ամենն աշխատանքի արդյունք էր, նա տեր դարձավ ժողովրդի դարդին ու ցավին։

- Այս օրերին շատերն էին համեմատություններ անում 88-ի, 2008-ի շարժումների հետ, հատկապես 88-ի շարժման զարթոնքի հետ, որն այս օրերին ապրեցինք։ Դուք մասնակցել եք 88-ի շարժմանը, գիրք ունեք այդ օրերի մասին գրված։ Ինչո՞վ են նման ու տարբեր այս շարժումները։

Այն սերունդն արեց իր գործը, եւ փառք ու պատիվ այդ սերնդին։ Հիմա, որ նայում եմ իմ սերնդի մարդկանց, ովքեր ամբողջ ղարաբաղյան շարժման միջով անցել են, նրանց դեմքերը կա՛մ ճմրթված թաշկինակի են նման, կա՛մ հաշմանդամության սայլակին գամված մարդիկ են, հոգնած, բեզարած։ Հիմա եկել է մի նոր սերունդ, որ իսկապես այդ սերնդի ժառանգությունն է, նրանք չեն տեսել ղարաբաղյան շարժումը, նրանք նոր սերունդ են, որոնք նոր Հայաստան են ուզում։ Նա համազգային շարժում էր, որտեղ բոլորը կային, իսկ այս շարժման մեջ ավանգարդը երիտասարդությունն է, եւ դա է ամենամեծ առավելությունը։ Այս քայլը հիմա անում է երիտասարդությունը ու քայլ է անում դեպի ապագա, դեպի նոր Հայաստան։ Ուրեմն արժե ապրել՝ թեկուզ այս օրը տեսնելու եւ այս երջանկությունն ապրելու համար։ Ժողովուրդը պայքարող ոգով, բաց ձեռքերով ու տաք սրտերով դեպի ապագան է գնում։ Նրանք ստեղծում են նոր Հայաստան, եւ Աստված չանի՝ ինչ-որ բան խաթարի դա։

- Սերժ Սարգսյանի պահվածքը, այնուհետ՝ նաեւ հրաժարականը ինչպե՞ս եք գնահատում։ Մեծ շախմատիստի միֆը կարծես ցրվեց։

Այս շարժման մեջ, Նիկոլ Փաշինյանից բացի, որոշ չափով ներդրում ունի նաեւ Սերժ Սարգսյանը։ Ինչ առումով։ Այս բանը, որ կատարվեց եւ կատարվում է, չկատարվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որովհետեւ 96-ին ճնշվեց։ Բայց Սերժ Սարգսյանն իր գործունեությամբ 2 առումով հող ստեղծեց այս շարժման համար։ Առաջինը դա կոռուպցիան, կաշառակերությունը, անարդարությունն էր, երկրորդը՝ ինչ-որ չափով իր դեմոկրատիկ կեցվածքը։ Նա ինքն իր քայլով ներքայլ կատարեց, եւ դրանով նախադեպ ստեղծվեց, որ ինքը կամովին, առանց արյունի թողնի իշխանությունը։

- Բայց տեսանք նաեւ, որ սպառնաց Մարտի 1-ով։

Բայց նաեւ ասաց՝ ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր։ Ոչ ոք այդ խոսքը չէր ասի։ Ինչում է Սերժ Սարգսյանի մեծագույն վաստակը․ նա հետագայի համար նախադեպ է ստեղծում, ժողովուրդը կարող է ըմբոստանալ, իսկ ձայն բազմաց կդառնա ձայն Աստծո։ Եթե այդպես լինի, ուրեմն կարող է իշխանությունը շամպանսկու խցանի նման ղեկավարին դուրս շպրտել։ Ինքն ստեղծեց այդ նախադեպը։ Մինչեւ այդ այդպիսի բան չի եղել։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը գա, ու նույն մախինացիաներն ու անարդարությունները լինեն, նա էլ կմատնվի այդ ճակատագրին։

- Այդ նախադեպը Լեւոն Տեր-Պետրոսյանը չստեղծե՞ց իր հրաժարականով։

Նա ներիշխանական հեղաշրջում էր, եւ 96-ին ժողովուրդը չկարողացավ այդ բանին հասնել։ Սա համաժողովրդական ցասման, պայքարի արդյունք է, որը ես, այնուամենայնիվ, հեղափոխություն չէի անվանի, որովհետեւ հեղափոխությունը ենթադրում է սոցիալական կարգերի փոփոխություն։ Մենք ո՛չ ֆեոդալիզմից կապիտալիզմի ենք անցնում, ո՛չ կապիտալիզմից սոցիալիզմի։ Մենք ընդամենը իշխանության փոփոխություն ենք անում՝ եղբայրություն, արդարություն, հավասարություն վերստին հաստատելու համար։

- Պայքարի 2-րդ փուլն ենք թեւակոխել, ի՞նչ կանխատեսումներ կան, արդյոք ՀՀԿ-ն նո՞ւյնպես հրաժարական կտա։

Էլի տագնապը եկել՝ սեւ ամպի պես չոքել է իմ սրտի վրա, ինչո՞ւ, որովհետեւ Սերժ Սարգսյանը գնացել է, բայց ոչինչ չի փոխվել։ Այս «Մերժիր Սերժին» շարժումը հո Սերժի՞ն դեմ չէր․ դա ամբողջ համակարգին դեմ էր։ Իսկ հիմա ամբողջ համակարգը մնացել է, եւ Կարեն Կարապետյանը սոսկ Սերժ Սարգսյանի ժիլետի մի թեւն է, որ մնացել է։ Հիմա ժամ առ ժամ, րոպե առ րոպե քաղաքական իրավիճակ է փոխվում, եւ այստեղ մարգարեանալ ու կոնկրետ բան ասել, շատ դժվար է։ Մարգարեանալու պահով մի բան եմ ուզում ասեմ․ մի 10 տարի առաջ, երբ առաջին պատմվածքներս տպագրում էի Նիկոլ Փաշինյանի «Հյակական ժամանակ» թերթում, այդ ժամանակ Նիկոլին ասացի՝ Նիկոլ, լավ իմացիր, դու վաղը, մյուս օրը դառնալու ես Հայաստանի նախագահը։ Չգիտեմ՝ ինքը հիշում է այդ խոսքերը, թե չէ, բայց ես դա ասել եմ իրեն։ Հիմա դա մոտ է իրականությանը, ու ոչ թե նախագահ, այլ հնարավոր է վարչապետ դառնա։ Ես տեսել եմ այդ էներգիան, որ այն ժամանակ ճակատին էր, աչքերի մեջ։ Իսկ Կարեն Կարապետյանի դեմքն ուղղակի սկսեց փայլել, հենց դարձավ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այ մարդ, ինչքան քաղցր է այդ պաշտոնաբաղձությունը, որ անգամ վառոդի տակառի վրա ըմբոշխնում է իշխանության վայելքը։ Իմ հիմնական տագնապը ո՞րն է՝ մեր Հայաստանն ինչ-որ տեղ պայքարի թատերաբեմ է, եւ կարծես բախվելիս լինեն Ամերիկայի ու Ռուսաստանի շահերը։ Աստված չանի, որ այդ շահերի բախման մեջ մենք ոտնատակ լինենք։ Դրա համար ես ողջախոհություն եմ ցանկանում շարժման անդամներին, ժողովուրդը պետք է իր ձեռքը վերցնի իշխանությունը, սա բարեպատեհ պահ է, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը իշխանությունը, եւ իշխանական ուժերը հաղթանակեն, ապա Հայաստանն առնվազն 25 տարով հետ կմնա քաղաքակրթությունից։ Հիմա կա՛մ ցատկ ենք կատարում ապագային ընդառաջ, կա՛մ գահավիժում ենք անդունդը։ Այս պահին դեռեւս հաղթանակ չկա, պետք է դա գիտակցել, իշխանություններն ամեն կերպ կառչած են աթոռներին, քաղցր բան է աթոռը, երբ աթոռի վրա նստած են, գլխով չեն աշխատում, այլ ավելի շատ իրենց հետույքով, իսկ հետույքի տված միտքը ընդամենը ռեգրես է։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X