ժողովուրդը կարծես թե խառնում է Կարեն Կարապետյանի ծրագրերը

Թվում էր թե, 1917 թ․ Փետրվարյան հեղափոխությունով ամեն ինչ պետք է ավարտվեր, բայց ո՜չ, հեղափոխությունները երբեք հենց այդպես չեն ավարտվում, այն դեռ նոր պետք է սկսեր, փողոց դուրս եկած քաղցած ժողովրդին հնարավոր չէր տուն ուղարկել, նա այլևս ժողովուրդ չէր, այլ՝ քաոսի մեջ անկանոն շարժվող մի գորշ զանգված, որն իր առջև խնդիր էր դրել խորտակել ինքնակալությունը:

Նույն տրամաբանությամբ թվում էր, թե Սերժ Սարգսյանի հեռացումով պետք է ամեն ինչ ավարտվեր, բայց ո՛չ, հեղափոխությունը դեռ նոր է սկսում, տասնամյակների ժողովրդական ցասումը պայթել է և «դժոխքի» դարպասները այլևս հնարավոր չէ փակել, ուշ է։ Տևական ժամանակ բռնության զսպաշապիկի մեջ պարփակված ժողովուրդն արդեն զգացել է ազատության շունչը։ Նա չի հանգստանալու, հսկայական էներգիա է կուտակվել և այն ուղղվելու է ՀՀԿ-ի դեմ, մինչև որ այդ քաղաքական գոյացությունը վերջնականապես արմատախիլ արվի։

«Փետրվարին» պետք է միշտ հաջորդի «Հոկտեմբերը»։

Ընդհանրապես նախադեպի ինստիտուտը սոցիումի կյանքի ամենակարևոր գաղափարական միավորներից մեկն է: Մենք հաղթանակած հեղափոխության նախադեպ (ԽՍՀՄ-ի փլուզումը հաշիվ չի) երբևէ չէինք ունեցել, իսկ հիմա ունենք: Այդ կարևորագույն համահասարակական բաղադրիչի առկայությունը պետք է հուշող տարբերանշանի գործառույթ ստանձնի, որն իր անտեսանելի, բայց ծանր ներկայությամբ կհիշեցնի պետության հաջորդ ղեկավարներին, որ Սերժ Սարգսյանի անփառունակ վախճանը սպառնում է բոլորին, եթե նրանք համարձակվեն ընթանալ դեսպոտի և միահեծան իշխանության ճանապարհով: Ասվածի համատեքստում Կարեն Կարապետյանի իշխանություն վերցնելու հավակնություններն անհեռանկար են ու անհույս, քանի որ հանրույթն արդեն տեսել է Սերժ Սարգսյանի նախադեպը։

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չափազանց մեծ ու վտանգավոր, բայց միևնույն ժամանակ անկայուն և ավազի վրա կառուցված ժառանգություն է թողել։ Իրականում նրա հրաժարականի տեքստի մեջ չարախնդություն կար: Նա զգուշացնում էր, որ իրենից հետո ավելի վատ է լինելու: Եվ իսկապես այդպես էլ կլինի, եթե հեղափոխությունը կանգնեցվի, հակահեղափոխություն լինի և իշխանության գան Կարեն Կարապետյանն ու իր թիմը: Ռեժիմը պետք է անմբողջությամբ արմատախիլ արվի, դատական գործընթացներ պետք է սկսեն և այսպես շարունակ: Հանկարծ այնպես չստացվի, որ ժողովուրդը պայքարում էր ընդամենը մի մարդու հեռանալու համար: Չի կարելի թույլ տալ մի նոր «Սերժի» ստեղծումը։

Վերադառնանք Սարգսյանի ժառանգությանը։ Վերջինս Հանրապետությունում գոյություն ունեցող տարատեսակ օլիգարխիկ կլանների գոյության և շարունակականության երաշխավորն էր ներկայացուցչական առաջնորդը։ Բայց համաժողովրդական ճնշման արդյունքում կլաններն եկան այն գիտակցմանը, որ Սերժ Սարգսյանն այլևս սպառել է «պատրոնի» իր գործառույթները և նոր պատրոնի անհրաժեշտություն կա։

Իրավիճակը քաոսային է։ Արդյունքում կլաններից յուրաքանչյուրը փորձում է իր հերթին գերակայող դիրքեր զբաղեցնել և բռնազավթել իշխանությունը։ Այսինքն՝ հեղափոխական ալիքի վրա «թավշյա» հակահեղափոխություն իրականացնել, հպատակեցնել մնացյալ բոլոր խմբավորումներին և ստանձնել «պատրոնի» կարգավիճակը։

Ահա այդ կլաններից մեկի ներկայացուցիչն է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ Օլիգարխների մի խմբի, որոնք ամենավճռական պահին չեն աջակցել Սերժ Սարգսյանին՝ հույս ունենալով զբաղեցնել նրա տեղը։

Հեղափոխությունների պատմական պրակտիկան մեզ հուշում է, որ հեղափոխություններից հետո իշխանության գալու հատկապես մեծ շանսեր ունեն կապիտալիստ բյուրոկրատները կամ էլ նրանք, ովքեր կարողանում են տիրապետել իշխանական բյուրոկրատիային ու փողին: Սա չափազանց ազդեցիկ լծակ է, որի համակարգային ներգործությունը ի զորու է ստվերել հեղափոխության նույնիսկ ամենախարիզմատիկ գործիչներին՝ ճանապարհ հարթելով հակահեղափոխականների համար: Կարեն Կարապետյանը հենց այդ բյուրոկրատն է՝ կապիտալիստների ներկայանալի դեմքը:

Բայց ժողովուրդը կարծես թե խառնում է Կարապետյանի ծրագրերը։ Նշենք նաև, որ կապիտալիսների ոչ պակաս ազդեցիկ խումբ էլ միացել է հեղափոխական շարժմանը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։

Այս պահի դրությամբ ամբողջ Հանրապետությունը հեղափոխական ցնցումների ու կրակի մեջ է, երթևեկությունն ու բնականոն կյանքը պարալիզացված են։ Սպասենք հետագա զարգացումներին՝ կանխատեսելով, որ Կարապետյանը նույնպես, ամենայն հավանականությամբ, նահանջելու է։ Հեղափոխական ժողովուրդը չի հանդուրժի օլիգարխիկ կլանի տիրապետության փոխարինումը մեկ այլ կլանի տիրապետությամբ։ Մարդիկ պահանջում են կարգերի ամբողջական փոփոխություն և հեղափոխության արդյունքերի պահպանում։

Նշենք նաև որ Կարապետյանի դիրքերը ամուր չեն նաև այնքանով, որ նա դեռևս չունի ուժային կառույցների վերջնական աջակցությունը։ Վերջիններս նույնպես դեռևս սպասողական իրավիճակում են։ Բացի այդ կոտրված է նաև շարքային ոստիկանների հավատարմությունն ու վճռականությունը, քանի որ արդեն մեկ անգամ զինաթափված ոստիկանը, երկրորդ անգամ դժվար թե կարողանա վերագտնել նախկին հավատարմությունը «գահի» նկատմամբ։

Մեկնաբանություն
X