Իսահակյանի «անհամության» եվ հարակից բաների մասին

««Ճի՞շտ էր» Սեւակի մահը» հրապարակման մեջ գրող-հրապարակախոս Մհեր Արշակյանը ներկայացնում է Պարույր Սեւակի ոճի «տոտալիտարության» իր ըմբռնումները, եւ հենց միայն նրանով, որ սովորական ու հաճախ կաղապարված ընկալումներից դրանք հեռու են, Մհերի հրապարակումը դառնում է արժեքավոր ու հետաքրքիր։

Այս արձագանքում (որ կարող է նաեւ բանավեճի վերածվել) կփորձեմ իմ տարակարծությունը ներկայացնել այդ հրապարակման մեջ շոշափված մեկ-երկու հարցի շուրջ։

Մհերը գրում է, որ Իսահակյանի սրտով էր Արամայիս Սահակյանի լեզուն։ Չգիտեմ՝ որտեղից է այս պնդումը, բայց եթե նույնիսկ Իսահակյանը հավանում էր Ա. Սահակյանի լեզուն, դրա մեջ հեգնելի ոչինչ չկա։ Ա. Սահակյանի պարզունակ խոսքը, որ նաեւ բնականության ինչ-ինչ երեւույթ ուներ, Իսահակյանին կարող էր եւ դուր գալ, բայց որ Իսահակյանը «անոճ գրող էր», այդ մեկը, ահա, շատ անսպասելի պնդում է։ Եվ զարմանալի։ Զարմանալի այնքան, որ կասկած է հարուցում՝ Մհերն ի՞նչ նկատի ունի ոճ ասելով կամ՝ գիտե՞, թե ինչ է ոճը։ Հայտնի խոսք է՝ ոճն ինքը մարդն է, այսինքն՝ ոճը մարդու անհատականության կնիքն է։ Եվ եթե Մհերն Իսահակյանի ստեղծագործություններից եւ մանավանդ արձակից ոճի «համ» չի առնում, գուցե պետք է ստուգի իր գրական քի՞մքը։ Բայց Մհերը չի նկատում «գրող» Իսահակյանի ոճը, այսինքն՝ անոճ է համարում Իսահակյանի արձակը։ Հիմա ինչպե՞ս չզարմանաս այս պնդման վրա. «Լիլիթը», ուրեմն, անո՞ճ գործ է։ Անոճ է «Աբու-Լալա Մահարի՞ն»։ Անոճ է «Հավերժական սե՞րը»։ Այս երկերի երկու հարեւան բառից նույնիսկ Իսահակյան է երեւում, այդ ինչպե՞ս եղավ, որ Իսահակյանն անոճ գրող է։ Ոճն ամենից առաջ այն է, ինչն ավելի կամ պակաս հստակությամբ «մատնացուցում է» հեղինակին։ Եվ Իսահակյանին Թումանյանի «հավելված» համարող Մ. Արշակյանին ուզում եմ հարցնել՝ պատկերացնո՞ւմ է ինքը, որ «Աբու Լալա Մահարու» հեղինակը լիներ… Թումանյանը։ Անպատկերացնելի բան է, չէ՞։ Անպատկերացնելի է, որովհետեւ հեղինակը կարող էր լինել միա՛յն Իսահակյանը։ Այսինքն՝ դա նրա՛ ոճն է։

Հնարավոր է այն առարկությունը, թե Իսահակյանի ողջ ստեղծագործությունը չէ յուրահատուկ-ոճային, այլ որոշ գործեր, օրինակ՝ նշված գործերը։ Իհարկե։ Իսահակյանն Իսահակյան է նաեւ դրանցով։ Բայց գրողը ոճային զարգացում է ապրում, եւ չի կարելի նրանից պահանջել հավատարմություն իր ոճին ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Նույն Սեւակը, որի ոճը Մհերը տոտալիտար է համարում, ոճային այնպիսի կերպափոխումներ է ունեցել, որ շատ դժվար է, ասենք, «Անմահները հրամայում են» առաջին գրքի մեջ «Եղիցի լույս»-ի Սեւակի ստվերն էլ տեսնել (հետեւաբար՝ Մհերը, Սեւակի ոճը տոտալիտար համարելով, պիտի նախ հստակեցնի, թե ո՛ր շրջանի Սեւակին նկատի ունի։ Նույն «Անմահների» Սեւակի ոճը ոչ միայն տոտալիտար չէ, այլեւ նույնիսկ ոճ էլ չէ․ անգույն, տաղտկալի մի բան է, որի հետեւում հեղինակ չկա։ Կամ՝ ո՛վ ասես կարող էր հեղինակ լինել։ Դժվար է ոճ ու առավել եւս տոտալիտարություն տեսնել նրա հաջորդ ժողովածուներում նույնպես, ընդհուպ մինչեւ «Անլռելի զանգակատուն» եւ «Մարդը ափի մեջ»-ի որոշ շարքեր)։

Հիմա դառնանք այս արձագանքի բուն ասելիքին։

(Սեւակի տոտալիտար ոճին ու նրա մահվան «ճշտությանը» գուցե անդրադառնանք առանձին եւ հետո, մանավանդ որ Մհերի տեքստում շատ են վիճելի պնդումները)։

Մհերը Թումանյանի ոճը համարում է «ընդգծված»։

Հա՞ որ։

Իսկ ինձ, ահա, թվում է, որ Թումանյանի ոճը ոչ միայն ընդգծված չէ, այլեւ, ոճի ժամանակակից ըմբռնումով, չկա էլ։ Եվ Թումանյանի մեծությունը, նրա «ամենայն հայոց բանաստեղծ» լինելու ընկալումը հենց անհատական եւ, առավել եւս, ընդգծված ոճի բացակայությամբ է պայմանավորված։ Թումանյանի լեզուն եւ լեզվամտածողությունը խորապես ժողովրդական-վիպական են, էպոսային, որ բացառում են անհատականացման հանգամանքը. այն ժողովրդական լեզու է, հետեւապես՝ ո՛չ անհատական, հետեւապես՝ ո՛չ ոճային։ Այդ ոճն այնքան է ժողովրդական, որ բանաստեղծը կենդանության օրոք մեղադրվել է ժողովրդական բանահյուսության նմուշները (հեքիաթ, առակ, բանաստեղծություն եւն) յուրացնելու մեջ (տխրահռչակ Դրամբյանը)։ Անշուշտ, անհեթեթություն է, բայց այս դեպքում կարեւորը Թումանյանին՝ ժողովրդական ստեղծագործություններն իբր թե սեփականելու մեջ «մեղադրելն» է՝ այնքա՛ն ժողովրդական է նրա ոճը։

ՀԳ. Իսահակյանի ոճի «համը» ես զգում եմ համարյա անսխալ կերպով, մինչդեռ, օրինակ, Մհեր Արշակյանի եւ իր հարյուրավոր սերնդակիցների բանաստեղծությունները ոչ մի կերպ չեմ տարբերի մեկը մյուսից, եթե նույնիսկ տակը նրանց անուն-ազգանունը լինի։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սոնա Քոչարյանի

Մեկնաբանություն
X