Այդ ոհմակից շատերն էլ կհեռանան, բայց գնալուց առաջ պետք է իրենց գողացածը հետ տան

10 օր տեւած «Իմ քայլը» նախաձեռնության եւ ՀՀ քաղաքացիների իրականացրած թավշյա հեղափոխությանն այս օրերին բազմաթիվ սփյուռքահայեր միացան, որոնք հատուկ եկել էին՝ իրենց մասնակցությունն ունենալու շարժմանը։ Քիչ չէին նաեւ նրանք, ովքեր հեռվից ամենատարբեր ձեւերով ու միջոցներով աջակցեցին նախաձեռնությանը։

Ամերիկահայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանն ասում է, որ մի քանի օրից ավելի պարզ կդառնա, թե ինչպես է անդրադառնում այս փոփոխությունը մեր երկրի հասարակական, տնտեսական կյանքի վրա․ «Ամեն դեպքում, դրական բան էր, որ հրաժարական տվեց ու հեռացավ, դա ժողովրդի սրտով էր։ Մինչեւ հիմա ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, բոլորի դրական աջակցությունն է ստացել, հիմա կան մի շարք կարեւոր հարցեր հատկապես միջազգային հարաբերություններում, եթե ինքը դառնա վարչապետ։ Վարչապետ դառնալուց բացի, էլի տարբեր հարցեր կան․ 6-7 մլրդ պարտքը թողեցին եւ մեր ու մեր սերունդներին վզին փաթաթեցին, հիմա պետք է թողնի, որ այդպես գնա՞։ Նույնքան դրամ առնվազն Սերժ Սարգսյանը դրեց գրպանն ու հեռացավ։ Դրա համար ինքը պետք է վճարի, նոր թողի գնա, ժողովուրդն ինչպե՞ս դա կների։ Դեռ շատ լուրջ գործեր կան անելու։ Պետք է լյուստրացիա լինի»։

Պալյանը չգիտի, թե Սփյուռքից այս ընթացքում ինչքան մարդ է եկել, բայց ինքն արդեն 10 ամիս այստեղ է, այս ընթացքում նույնիսկ հասցրել է մեկ օր մասնակցել «Իմ քայլը» քարոզարշավին, անցնել 15 կմ, բայց «հետո մեջքս, ոտքերս բռնվեցին, էլ չկարողացա մասնակցել։ Ես դեռ քայլարշավի ժամանակ ասեցի, որ Սերժ Սարգսյանը, որպես երկրի նախագահ, պաշտոնապես հայտարարել էր, որ 3-րդ անգամ չի առաջադրվելու, եւ ճիշտ էլ չէ, որ որեւէ մեկը 3-րդ անգամ ղեկը ձեռքը վերցնի։ Եվ, ահա, այդպիսի հայտարարությունից հետո նման խաղերով փոխել իր խոսքը՝ դա կարող է անել միայն ջեբկիրը, շառլատանը, բայց ոչ երկրի համար մեկ մարդը։ Մինչդեռ Եվրոպայում, զարգացած երկրներում, երբ մեկին ուզում ես վիրավորել, ասում ես ստախոս՝ դրանից մեծ վիրավորանք չկա։ Դա ավելի մեծ վիրավորանք է, քան որ այստեղ մայր կամ հայր են հայհոյում։ Երկրում մարդ չէր մնացել, որ չզզվեր, բացի նյութապես բավարար եկամուտ ունեցողներից, բայց նրանք էլ սխալ էին, որովհետեւ, ենթադրենք, մի խանութ ունի, լավ հաճախորդներ եւ իրեն պահում է, դա դեռ չի նշանակում, որ երկրում ամեն ինչ արդար է»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինել- չլինելուն, ապա այստեղ դարձյալ պետք է գուշակություններ անել։ «Շատ հավանական է, որ ժողովուրդը կշարունակի եւ պետք է շարունակի իր աջակցությունը Փաշինյանին, բայց նա էլ պետք է ճիշտ կողմնորոշվի։ Այս ընթացքում նա երկու անգամ Մարիա Զախարովային գովեց, այն դեպքում, երբ մեր ռազմավարական դաշնակիցը մեր թշնամուն 10-20 մլրդ-ի զենք է տվել՝ մեզ ջարդելու համար։ Նրան կանգնում գովում ես, իսկ այն երկիրը՝ Ամերիկան, որ 4 մլրդ-ի անփոխադարձ օգնություն է տվել, ոչ մի դրական բան։ Ես դա չեմ ընդունում, դա մեծ սխալ է, եւ ինձ համար արդեն անհավասարակշիռ վերաբերմունք է»,- ասում է Զարեհ Պալյանն ու հավելում, որ այդ հարցերին շատ նրբազգաց է վերաբերվում եւ հիմա ոչ թե որպես Ամերիկայի քաղաքացի է խոսում, այլ՝ որպես հայ մարդ։

Այս շարժումն այն քիչ դեպքերից էր, որը ժողովրդին համախմբեց, ոտքի հանեց, հնարավո՞ր է այս ֆոնին Սփյուռքից ներգաղթի նոր ալիքներ լինեն, մարդիկ վերադառնան Հայաստան եւ այստեղ մնան։ Պալյանը նկատում է, որ այդ լավատեսությունն ունի, եթե ամեն ինչ շարունակվի ճիշտ այնպես, ինչպես որ մինչ այս պահն էր։

Իր 4 բիզնեսները կորցնելու համար, ամիսներ առաջ ինքը քննադատել էր Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանք նպաստավոր պայմաններ չեն ստեղծում բիզնեսի զարգացման համար։ Այս փոփոխություններն ինչ-որ չափով կնպաստե՞ն, որ դրսից ներդրումներ արվեն եւ համապատասխան դաշտ ստեղծվի։ Ամերիկահայ գործիչն ասաց․ «Դրա համար շատ լավ հող կա, եւ պետք է ճիշտ վարվել, եւ այդ ներդրումները հիմնականում պետք է ազատ աշխարհից գան՝ Արեւմուտքից։ Պետք է նրանց չվանել, ես այդպես եմ կարծում։ Այս պահին շատ լավ տրամադրություն կա, եւ եթե ինքը պետք է գա ու չգիտեմ ինչ պատճառներով մեկի կողմն անցնի, դա ճիշտ բան չէ եւ երբեք ոչ մի լավ բանի չի բերի մեզ։ Ամերիկային, Եվրոպային պետք է առնվազն հավասար վերաբերվենք եւ կոնկրետ գործով՝ ով մեզ ավելի օգտակար է եւ ավելի լավ է վերաբերվում, պետք է շնորհակալություն ասենք։ Հիմա չգիտեմ՝ այս ամենը որքանով իրականություն կդառնա, ամեն դեպքում՝ դրա նախադրյալները կան, դա Սերժ Սարգսյանի հեռանալն էր, իր ոհմակից շատերն էլ կգնան, ես վտահ եմ, բայց գնալուց առաջ պետք է իրենց գողացածը հետ տան, նոր գնան, որովհետեւ նրանք պատճառ դարձան 6-7 մլրդ պարտք ունենալու։ Այդ գումարը պետք է վերադարձնեն, որպեսզի համալրենք մեր ռազմական զինատեսակները ժամանակակիցներով»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X