Ոչ թե ցեղասպանված, այլ՝ հեղափոխական ժողովուրդ

Հեղափոխական համառ ու անզիջում պայքարից հետո այսօր Հայաստանի քաղաքացիները հիշում եւ ոգեկոչում են ցեղասպանության հերթական տարելիցը։ Ասվածի համատեքստում թերեւս տեղին կլինի մի պահ կտրվել հաղթական այս իրականությունից եւ խորանալ ցեղասպանության հիմնախնդրի ընկալման առանձնահատկությունների մեջ։

Ընդհանրապես, Հայոց ցեղասպանության հասարակական ընկալումների վերաբերյալ մոլորությունները բավականին շատ են: Չի կարելի ասել, թե էթնիկական խումբը կուրորեն մորթվել է, առանց դիմադրության: Վերոհիշյալը հայոց պատմության չիմացության արդյունք է: Վանի, Շապին Գարահիսարի, Սուետիայի, Ուրֆայի եւ այլ վայրերի հերոսամարտերն ասվածի վառ ապացույցն են: Հատկապես տպավորիչ է Վանի հերոսամարտը, որտեղ հայկական ուժերը կատաղի դիմադրություն են ցույց տվել:

Զենք չկար, կռվելու ցանկություն չկար, եւ դրա համար ազգը հլու-հնազանդ մորթվեց: Չկա նման բան: Զենք էլ կար, եթե չկար էլ, ապա գտնելու մեխանիզմներ հաստատապես կային, իհարկե՝ նաեւ կռվելու ցանկություն կար: Պարզապես քաղաքականություն չկար, քաղաքական կազմակերպվածությունը, համապատասխան մոտեցումները, գործիքները բացակայում էին: Իհարկե՝ ներողություն, բայց տեղափոխվենք այլ դաշտ:

Հիմա անհաշվելի քանակությամբ կիսագրագետներ ասում են` քաղաքականությունը՝ մի կողմ, քաղաքականությունը պոռնկություն է, կարեւորը սահմանն ու զինվորներն են: Ստում են: Անկեղծ չեն: Եթե Հայաստանում քաղաքական այս իդիոտիզմը շարունակվի, ապա այդ սահմաններն ու զինվորները կործանվելու են: Ինձ ճիշտ հասկացեք, զինվորը սահմանի պաշտպանության գործում ռոմանտիկ, բայց երկրորդական դեր է խաղում: Այդ սահմանները կարող են պաշտպանված լինել միայն մայրաքաղաքում մշակված վճռական եւ ճշմարիտ քաղաքական մոտեցումների արդյունքում: Կարծես թե հաղթանակած հեղափոխական ալիքից հետո վերոհիշյալ ճշմարտությունն աստիճանաբար սկսում է տիրապետող դիրքեր զբաղեցնել մարդկանց գիտակցության մեջ:

Այսպիսով ցեղասպանությունը քաղաքական մարտահրավեր էր: Հայ ազգը դրան պետք է տար քաղաքական պատասխան եւ չկարողացավ տալ: Օսմանյան կայսրությունը մեկ օրում անկում չի ապրել: Այդ գործընթացը տեւել է հարյուրամյակներ: Կայսրությունների կործանման երկարաժամկետ ակտերը սահուն ընթացք ունենալ չեն կարող: Բոլոր դեպքերում պրակտիկան փաստում է, որ լինում են խորը ցնցումներ, իսկ դրանց հաջորդում է կործանումը, որի փլատակների տակ մնում է ամենաանպաշտպան միավորը: Այս դեպքում՝ հայերը:

Համիդյան կոտորածներից եւ բալկանյան երկրների անկախացման գործընթացներից հետո պետք է ակնհայտ լիներ, որ թուրքական իշխանությունները փորձելու են կանխել Հայաստանի անկախացումը: Եթե կայսրությունը փորձում է փոխակերպվել ազգային պետության, ապա ակնհայտ է, որ էթնիկ զտումներն անխուսափելի են:

Չխորանանք պատմական փաստերի մեջ եւ միայն ավելացնենք, որ ցեղասպանությունը պետք է դաս լինի արդեն 26 տարեկան Հայաստանի համար: Ի՞նչն է հիմա խանգարում: Թերեւս՝ ոչինչ:

Տգիտության եւ իդիոտիզմի բարձրագույն դրսեւորում է, երբ ցեղասպանությունը փորձում են դիտարկել իսլամ-քրիստոնեություն քաղաքակրթական համակարգերի անհամատեղելիության համատեքստում: Չկա նման բան: Ղուրանն արգելում է քրիստոնյաներին սպանել, վերջիններս դիտարկվում են որպես գրքի ժողովուրդ՝ զիմմի: Նույնիսկ Մեքքայի շարիֆը, իսկ Մեքքան իսլամի գլխավոր սրբավայրն է, դատապարտել է հայերի կոտորածները: Իսկ արաբ մուսուլմանները սիրով եւ հոգատարությամբ փրկել են բազմաթիվ հայերի ու ապաստան տվել: Կրոնի պոստուլատների աղավաղման արդյունքում ֆանատիկ, մոլեռանդ զանգվածներին դեպի համապատասխան թիրախներ ուղղելն ամենեւին էլ չի ենթադրում, որը իսլամում այդպիսի տրամաբանություն կա:

Ամենավիճահարույցը: Դա հայերի եւ թուրքերի միջեւ գոյություն ունեցող ենթադրյալ անտագոնիզմն է, որի բարձրակետն իբրեւ թե եղավ ցեղասպանությունը: Ես կասկածում եմ այս փաստի ճշմարտացիության վրա: Բանն այն է, որ հայերն ու թուրքերն իրար հետ հարյուրամյակներ շարունակ ներդաշնակ ապրել են: Թեկուզ ծանրագույն պայմաններում, բայց ապրել են: Այսինքն՝ ազգերն իրար դեմ որեւէ խնդիր չունեին: Սկզբնական շրջանում հայերը խնդիր չունեին նաեւ թուրքական իշխանությունների հետ: Օտարերկրյա հետազոտողներից մեկը նույնիսկ հայերին անվանել է քրիստոնյա թուրքեր: Ընդհանրապես, Օսմանյան կայսրության առեւտրական կապիտալի մի զգալի հատվածը խարսխված է եղել հայ առեւտրականների կապիտալի վրա: Խնդիրն առաջացել է քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով: Անկում ապրող կայսրությունը, որը փորձում էր ամեն կերպ պահպանել առավելագույնը, իր արեւելյան գավառները փրկելու համար ընտրել է հայերին բնաջնջելու ռազմավարությունը: Հայերը չեն կարողացել դիմադրել այս մոտեցմանը, եւ դրանից ելնելով կարելի է պնդել, որ ցեղասպանության առաջնային պատճառը ներքին է:

Ասվածից որեւէ կերպ չի կարելի ենթադրել, որ թուրքական կառավարությունն իր հանցանքների համար կարող է խուսափել պատասխանատվությունից: Երիցս ոչ: Նրանք հանցավոր են, իսկ այդ հանցավոր կեցվածքը մարդկության պատմության մեծագույն հանցագործություններից մեկի պատճառն է: Բայց մյուս առաջնային պատճառն էթնիկական խմբի եւ նրա քաղաքական վերնախավի անպատրաստ լինելն է, գիտակցության բացակայությունը, քաղաքական որեւէ կենսունակ մեխանիզմների չտիրապետելը, ինստիտուցիոնալ պայքարի բացակայությունը եւ այսպես շարունակ:

Վերջաբանի փոխարեն միայն ավելացնենք, որ ապրիլի 23-ին հաղթական հեղափոխություն կերտած հանրույթն ապացուցեց, որ ինքն էլ իր տեղն ունի արեւի տակ եւ չի պատրաստվում ապրել տարտամ անցյալականությամբ, այլ անցյալի վերարժեւորման եւ վերագնահատման միջոցով պատրաստ է կառուցել իր արժանապատիվ ներկան՝ անցյալի եւ ապագայի հետ երկխոսող ու ներդաշնակ։ Հայաստանի ժողովուրդն այլեւս ցեղասպանվածի ինքնությամբ ինչ-որ տարերային բազմություն չէ, այլ հեղափոխություն տեսած եւ մարմնավորած, քաղաքացիական կոդեքսով ամրագրված հանրույթ։ Վերեւում շարադրված սխալներն այլեւս երբեք չեն կրկնվելու, քանի որ ժողովուրդն այլեւս ոչ թե ցեղասպանված է, այլ՝ հեղափոխական։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Մեկնաբանություն
X