Կատարսիս

Այն ուսանողները, երիտասարդ մարդիկ, որոնք օրեր շարունակ քայլեցին Երեւանի փողոցներով, խարկվեցին արեւի տակ, շունչ առնելու, ջուր խմելու համար նստեցին տաք ու թաց ասֆալտին, տրորեցին կանաչ խոտածածկը, իրենց հետեւից հետքեր թողեցին, ահա, տոպրակները ձեռքներին՝ կաթիլ առ կաթիլ հավաքում են, մաքրում քաղաքը, աշխարհի ամենագեղեցիկ հրապարակի մակերեսը։

Մայթեզրերին, ճանապարհներին, մարդկանց առջեւ կանգնած շարքային ոստիկանները՝ գլխարկավոր, սաղավարտավոր, վահանավոր, դիմակավոր, հանկարծ խոնջանքով ժպտում են, սեղմվում մարդկանց, ողջագուրվում են, հանում սեւ դիմակները, ցուցանում իրենց պայծառ, գեղեցիկ դեմքերը, ձեռքով ողջունում են հայրենակիցներին՝ փոքր-ինչ ամոթխած, չիմանալով, թե ինչպես են ձեռքով ողջունում, քանի որ հենց ողջույնն է որոշում հայտնության պահը։

Տատիկներն ու պապիկները՝ դանդաղընթաց քայլքով, մաշված մարմիններով, ցածրաձայն շշնջում են՝ «ապրեք, երեխեք, ապրեք դուք»… ու երեխեքն ապրում են՝ վերցնելով մաշված մարմիններից փոխանցվող այդ մեղմ ու հարազատ օրհնությունը։

Մանկասայլակներով մայրերը՝ ամենահոծ շարքերի մեջ, անձրեւի ու արեւի տակ, մանկիկներին փաթաթած փափուկ ծածկոցների մեջ, շարունակում են իրենց հաղթարշավը։

Ինչ-որ մեկը բղավում է, մյուսը՝ շչակում։ Գրկախառնվում են քյառթերն ու մարգինալները, ուսուցիչներն ու աշակերտները։ Մի տղա իր շանը գրկել՝ պարացնում է․ գրկելը ո՞րն է՝ շալակել է։ Շունն էլ հո շուն չէ՝ հորթուկի չափ, հորթուկի քնկոտ աչքերով մի չքնաղ արարած։

Մի տեղ խնձորով են կիսվում, մի տեղ՝ շալով ու գլխարկով, թխվածքաբլիթն ու կոնֆետն էլ՝ անպակաս: Եթե վատ ես զգում՝ գլխապտույտ, առիթմիա, ուշագնացություն, չմտածես՝ ճերմակ խալաթներով, կարմիր խաչ թեւկապներով բժշկականի երեխեքը կմոտենան, ամեն ինչ կանեն քեզ համար, կօգնեն քեզ, հոգ կտանեն քո մասին։ Եթե մենակ ես կանգնած, մենակ ես դուրս եկել փողոց, ոչ մի վայրկյան քեզ մենակ չես զգա՝ մեկը կգա, կողքդ կկանգնի, կնստի մոտդ, շչակով, ժպիտով, լուռ ներկայությամբ կսեղմի ուսդ, ինչ-որ բան կհարցնի, ինչ-որ բան կպատասխանես։

Նորվեգիայից ժամանած՝ հեղափոխությունը լուսաբանող լրագրողն արտասվում ու արտասվում է, մարդիկ նրան գրկում են, անձեռոցիկ ու ջուր են տալիս։ Անձեռոցիկով սրբում է արցունքները, ջուր է խմում ու նոր թափով արտասվում։

Սրճարաններում մատուցողները շփոթում են ամեն ինչ՝ ուտելիքները, խմելիքները, մարդկանց, դուրսն ու ներսը։ Ամեն անգամ, երբ սկուտեղները ձեռքներին ներսից դուրս են գալիս, Հայաստանը փոխված է լինում։ Հայաստանն արդեն ակնթարթից ակնթարթ է փոխվում։ Դրսում բոլորն են նույնիսկ անհետացած, նեղացած, ինքնամփոփված, լքված ու անտարբեր մարդիկ, քայլում են դեպի հրապարակ, ուր վաղուց տեղ ու դադար չկա, բայց նրանք քայլում են, նույնիսկ՝ տեղում կանգնած, եւ սա իսկական կատարսիս է, մեծ ապաքինում։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X