Գարեգին Չուգասզյանը դուրս է եկել ընդհատակից, որովհետեւ Սերժ Սարգսյանն արդեն բուրգի գագաթին չէ․ Լեւոն Չուգասզյան

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ երեկ, 2016թ․ հուլիսից, «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը դուրս է եկել ընդհատակից եւ մասնակցել ընդդիմադիր շարժման հանրահավաքին։ Գարեգին Չուգասզյանի եղբայրը՝ ԵՊՀ դասախոս, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը, հաստատեց, որ իր եղբայրը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը դուրս է եկել ընդհատակից։

«Երկիրը կամայականություններով լցրած, իշխանությունը բռնազավթած անձի՝ իշխանությունը լքելուց հետո պետք է վերացվեն նրա կամայականությունների հետեւանքները։ Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի նման անձանց, որոնք ոչինչ չեն արել, փակել են բանտերում։ Նրա՞նք պետք է վախենան դուրս գալուց»,- ասաց Լեւոն Չուգասզյանը։ Հարցին, թե ինչպես են ընդունել երկար ժամանակ ընդհատակում գտնված Գարեգին Չուգասզյանին նրա համախոհները, Լեւոն Չուգասզյանն արձագանքեց․ «Ես չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ, թե նա ում է հանդիպել, ում է բարեւել, ում հետ է խոսել»։

Նա հավելեց, որ եթե արդեն բուրգի գագաթին ապօրինի հրահանգներ կատարող անձը չի գտնվում, նրա բոլոր ապօրինի որոշումներով, հրահանգներով անազատության մեջ գտնվող անձինք էլ պետք է ազատ արձակվեն։

Մեկնաբանություն
X