Ոչ թե ցեղասպանված, այլ հեղափոխական ժողովուրդ

Հեղափոխական համառ ու անզիջում պայքարից հետո այսօր Հայաստանի քաղաքացիները հիշում և ոգեկոչում են ցեղասպանության հերթական տարելիցը։ Ասվածի համատեքստում թերևս տեղին կլինի մի պահ կտրվել հաղթական այս իրականությունից և խորանալ ցեղասպանության հիմնախնդրի ընկալման առանձնահատկությունների մեջ։

Ընդհանրապես Հայոց ցեղասպանության հասարակական ընկալումների վերաբերյալ մոլորությունները բավականին շատ են: Չի կարելի ասել, թե էթնիկական խումբը կուրորեն մորթվել է, առանց դիմադրության: Վերոհիշյալը հայոց պատմության չիմացության արդյունք է: Վանի, Շապին Գարահիսարի, Սուետիայի, Ուրֆայի և այլ վայրերի հերոսամարտերը ասվածի վառ ապացույցն են: Հատկապես տպավորիչ է Վանի հերոսամարտը, որտեղ հայական ուժերը կատաղի դիմադրություն են ցույց տվել:

Զենք չկար, կռվելու ցանկություն չկար և դրա համար ազգը հլու հնազանդ մորթվեց: Չկա նման բան: Զենք էլ կար, եթե չկար էլ, ապա գտնելու մեխանիզմներ հաստատապես կային, իհարկե նաև կռվելու ցանկություն կար: Պարզապես քաղաքականություն չկար, քաղաքական կազմակերպվածությունը, համապատասխան մոտեցումները, գործիքները բացակայում էին: Իհարկե ներողություն, բայց տեղափոխվենք այլ դաշտ:

Հիմա անհաշվելի քանակությամբ կիսագրագետներ ասում են քաղաքականությունը մի կողմ, քաղաքականությունը պոռնկություն է, կարևորը սահմանն ու զինվորներն են: Ստում են: Անկեղծ չեն: Եթե Հայաստանում քաղաքական այս իդիոտիզմը շարունակվի, ապա այդ սահմաններն ու զինվորները կործանվելու են: Ինձ ճիշտ հասկացեք, զինվորը սահմանի պաշտպանության գործում ռոմանտիկ, բայց երկրորդական դեր է խաղում: Այդ սահմանները կարող են պաշտպանված լինել միայն մայրաքաղաքում մշակված վճռական և ճշմարիտ քաղաքական մոտեցումների արդյունքում: Կարծես թե հաղթանակած հեղափոխական ալիքից հետո վերոհիշյալ ճշմարտությունն աստիճանաբար սկսում է տիրապետող դիրքեր զբաղեցնել մարդկանց գիտակցության մեջ:

Այսպիսով ցեղասպանությունը քաղաքական մարտահրավեր էր: Հայ ազգը դրան պետք է տար քաղաքական պատասխան և չկարողացավ տալ: Օսմանյան կայսրությունը մեկ օրում անկում չի ապրել: Այդ գործընթացը տևել է հարյուրամյակներ: Կայսրությունների կործանման երկարաժամկետ ակտերը սահուն ընթացք ունենալ չեն կարող: Բոլոր դեպքերում պրակտիկան փաստում է, որ լինում են խորը ցնցումներ, իսկ դրանց հաջորդում է կործանումը, որի փլատակների տակ մնում է ամենաանպաշտպան միավորը: Այս դեպքում հայերը:

Համիդյան կոտորածներից և Բալկանյան երկրների անկախացման գործընթացներից հետո պետք է ակնհայտ լիներ, որ թուրքական իշխանությունները փորձելու են կանխել Հայաստանի անկախացումը: Եթե կայսրությունը փորձում է փոխակերպվել ազգային պետության, ապա ակնհայտ է, որ էթնիկ զտումները անխուսափելի են:

Չխորանանք պատմական փաստերի մեջ և միայն ավելացնենք, որ ցեղասպանությունը պետք է դաս լինի արդեն 26 տարեկան Հայաստանի համար: Ի՞նչն է հիմա խանգարում: Թերևս ոչինչ:

Տգիտության և իդիոտիզմի բարձրագույն դրսևորում է, երբ ցեղասպանությունը փորձում են դիտարկել Իսլամ-Քրիստոնեություն քաղաքակրթական համակարգերի անհամատեղելիության համատեքստում: Չկա նման բան: Ղուրանը արգելում է քրիստոնյաներին սպանել, վերջիններս դիտարկվում են որպես գրքի ժողովուրդ՝ զիմմի: Նույնիսկ Մեքքայի շարիֆը, իսկ Մեքքան Իսլամի գլխավոր սրբավայրն է, դատապարտել է հայերի կոտորածները: Իսկ արաբ մուսուլմանները սիրով և հոգատարությամբ փրկել են բազմաթիվ հայերի ու ապաստան տվել: Կրոնի պոստուլատների աղավաղման արդյունքում ֆանատիկ, մոլեռանդ զանգվածներին դեպի համապատասխան թիրախներ ուղղելը, ամենևին էլ չի ենթադրում, որը Իսլամում այդպիսի տրամաբանություն կա:

Ամենավիճահարույցը: Հայերի և թուրքերի միջև գոյություն ունեցող ենթադրյալ անտագոնիզմն է, որի բարձրակետը իբրև թե եղավ Ցեղասպանությունը: Ես կասկածում եմ այս փաստի ճշմարտացիության վրա: Բանն այն է, որ հայերն ու թուրքերը իրար հետ հարուրամյակներ շարունակ ներդաշնակ ապրել են: Թեկուզ ծանրագույն պայմաններում, բայց ապրել են: Այսինքն ազգերը իրար դեմ որևէ խնդիր չունեին: Սկզբնական շրջանում հայերը խնդիր չունեին նաև թուրքական իշխանությունների հետ: Օտարերկրյա հետազոտողներից մեկը նույնիսկ հայերին անվանել է քրիստոնյա թուրքեր: Ընդհանրապես Օսմանյան կայսրության առևտրական կապիտալի մի զգալի հատվածը խարսխված է եղել հայ առևտրականների կապիտալի վրա: Խնդիրը առաջացել է քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով: Անկում ապրող կայսրությունը, որը փորձում էր ամեն կերպ պահպանել առավելագույնը, իր արևելյան գավառները փրկելու համար ընտրել է հայերին բնաջնջելու ռազմավարությունը: Հայերը չեն կարողացել դիմադրել այս մոտեցմանը և դրանից ելնելով կարելի է պնդել, որ ցեղասպանության առաջնային պատճառը ներքին է:

Ասվածից որևէ կերպ չի կարելի ենթադրել, որ թուրքական կառավարությունը իր հանցանքների համար կարող է խուսափել պատասխանատվությունից: Երիցս ոչ: Նրանք հանցավոր են, իսկ այդ հանցավոր կեցվածքը մարդկության պատմության մեծագույն հանցագործություններից մեկի պատճառն է: Բայց մյուս առաջնային պատճառը էթնիկական խմբի և նրա քաղաքական վերնախավի անպատրաստ լինելն է, գիտակցության բացակայությունը, քաղաքական որևէ կենսունակ մեխանիզմների չտիրապետելը, ինստիտուցիոնալ պայքարի բացակայությունը և այսպես շարունակ:

Վերջաբանի փոխարեն միայն ավելացնենք, որ ապրիլի 23-ին հաղթական հեղափոխություն կերտած հանրույթն ապացուցեց, որ ինքն էլ իր տեղն ունի արևի տակ և չի պատրաստվում ապրել տարտամ անցյալականությամբ, այլ անցյալի վերարժևորման և վերագնահատման միջոցով պատրաստ է կառուցել իր արժանապատիվ ներկան՝ անցյալի ու ապագայի հետ երկխոսող ու ներդաշնակ։ Հայաստանի ժողովուրդն այլևս ցեղասպանվածի ինքնությամբ ինչ-որ տարերային բազմություն չէ, այլ՝ հեղափոխություն տեսած և մարմնավորած, քաղաքացիական կոդեքսով ամրագրված հանրույթ։ Վերևում շարադրված սխալներն այլևս երբեք չեն կրկնվելու, քանի որ ժողովուրդն այլևս ոչ թե ցեղասպանված է, այլ՝ հեղափոխական։

Մեկնաբանություն
X