Գյումրիում բազմամարդ հավաքը շարունակվում է. գյումրեցիների ոգևորությունը գագաթնակետին հասավ

>

Երեկվա երևանյան դեպքերից հետո Գյումրիում պայքարն առավել սրվեց: Այսօր առավոտ կանուխ Գյումրու տարբեր ծայրամասային թաղամասերից մարդիկ երթերով ուղղություն էին վերցնում դեպի Թատերական հրապարակ:Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Գյումրիում համընդհանուր գործադուլ եւ դասադուլ է: Ուսանողներին եւ աշակերտներին միացել են մանկավարժներ, պետական կառույցների եւ մի քանի ֆաբրիկաների աշխատակիցներ, առևտրականներ եւ անգամ հոգևորականներ: Ցուցարարները խաղաղ երթով անցնելուն են քաղաքի մի ծայրից մյուսը, երեկոյան կրկին հավաքվելու են թատերական հրապարակ: Ցուցարարների պահանջ ու կոչը շարունակում է նույնը մնալ՝ իշխանափոխություն, ազատ արձակել բերման ենթարկվածներին: Հիշեցնենք, որ երեկ բազմամարդ ցույցը Գյումրիում ճնշելու նպատակով՝ ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստ, ցույցի կազմակերպիչ Ղարիբ Հարությունյանին, ով ի դեպ, «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» տնօրենն է: Նրան մեղադրանք էր առաջադրվել քր. Օրենսգրքի 258.1 մասով ՝ խուլիգանություն. դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով։ Սակայն մինչև ուշ երեկո ցոցարարների ճնշմամբ եւ փաստաբանների միջնորդությամբ Ղարիբ Հարությունյանին ազատ արձակեցին: Նա այսօր առաջնորդում էր հավաքը: Երեկ Ոստիկանները բերման էին ենթարկել նաև ակտիվիստ, դասախոս Կարեն Պետրոսյանին, ում երեկոյան նույնպես ազատ արձակեցին: Գյումրեցիների ոգևորությունը գագաթնակետին հասավ, երբ լսեցին ազատ արձակված պատգամավորների լուրը:

Մեկնաբանություն
X