Սերժը մենակ է մնացել

Տեղեկություններ են շրջանառվում, որ 5-րդ բանակային կորպուսի Մայրաքաղաքային գնդի զինվորները դուրս են գալիս տեղակայման վայրից՝ զորամասից: Չգիտեմ տեղեկությունը որքանով է հավաստի, բայց նույնիսկ դրա շուրջ չհաստատված խոսակցություններն արագորեն տարածվելու են ամբողջ բանակում և զորքերը պարզապես կարող են շարքից դուրս գալ: Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, կամ նրան պետք է առնվազն ստիպեն անելու այդ քայլը, քանի որ ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է:

Հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը աջակցություն չի կարողանում գտնել ո՛չ ՌԴ-ում և ո՛չ էլ ԵՄ-ում ու ԱՄՆ-ում: Բայց չաջակցել Սերժ Սարգսյանին դեռ չի նշանակում սատարել հեղափոխական շարժմանը: Ընդհակառակը՝ բոլոր կողմերը չեզոք կեցվածք են ընդունել և սպասում են իրադարձությունների վերջնական հանգուցալուծմանը, որպեսզի հասկանան, թե ում հետ ի վերջո պետք է պայմանավորվեն, հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանության, թե՞ Սերժ Սարգսյանի ռեժիմի: Վերջինս բոլոր կողմերին փորձում է հավաստիացնել, թե տիրապետում է իրավիճակին և շուտով կկարողանա կարգավորել ներքաղաքական այս հիմնախնդիրը:

Իրավիճակը չափազանց բարդ է ու փակուղային: Սերժ Սարգսյանի միակ փրկությունը արտակարգ դրությունն է և դրա արդյունքում բանակի միջամտությունը: Նա մի կողմից հասկանում է, որ չի կարող արյունահեղության գնալ, մյուս կողմից սպառնում է արյունահեղությամբ և վերջապես փորձում է առանց արյունահեղության սադրանքի արդյունքում արտակարգ դրություն մտցնել: Ցավոք սրտի արտակարգ դրության պայմաններում բանակը դժար թե աջակցի ժողովրդին, որովհետև Սարգսյանը հետևողական քաղաքականության արդյունքում ԶՈւ-ից չեզոքացրել է բոլոր այն գեներալներին, որոնք կկարողանային ըմբոստություն գործել:

Բայց արտակարգ դրության համար զանգվածային անկարգություններ են պետք, իսկ ցուցարարները ամեն կերպ խուսափում են համանման գործելաոճից, ավելին՝ շարժման բուն փիլիսոփայության առաջնային հիմնադրույթը զանգվածային անկարգությունների ու բռնության բացառումն է: Մնում է միայն արհեստական կերպով անկարգություններ սանձազերծելու ելքը, ինչի համար էլ լուրջ պատրաստություններ են նախատեսվում: Օրինակ չի բացառվում, որ այս գիշեր համանման օպերացիա կազմակերպվի:

Սերժ Սարգսյանն իր առջև խնդիր է դրել մինչև ապրիլի 24-ը խնդիրը կարգավորել կամ էլ ժամանակավորապես սառեցնել, հակառակ պարագայում դեպի Ծիծեռնակաբերդ նախատեսվող սգո երթը փոխակերպվելու է հեղափոխական հաղթարշավի:

Սերժը մենակ է մնացել: Իրավիճակին ամբողջությամբ չի տիրապետում և ոչ ոքի չի վստահում: Նույնիսկ նրա վերահսկողության տակ գտնվող ներիշխանական-օլիգարխիկ կլանները սկսել են կասկածել ռեժիմի գոյության ճշմարտացիությանը: Վերջիններս նույնպես սպասում են, անորոշ իրավիճակ է:

Չենք տրվում սադրանքներին, հանգիստ, առանց լարվելու այսօր քնում ենք, իսկ վաղը՝ պաղշունչ առավոտից վերսկսում ենք պայքարը: Ես որպես ուսանող լինելու եմ ԵՊՀ-ում, որպեսզի մասնակցեմ դասադուլին:

Հաղթանակը մոտ է, կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին:

Մեկնաբանություն
X