Քաղսիի դպրոցականները բողոքի ցույց են սկսել` վրաերթի ենթարկված Ժորայի համար (ֆոտո, վիդեո)

>

Ապրիլի 21-ին Հրազդանում ոստիկանական մեքենայի կողմից ցույցի ընթացքում վրաերթի ենթարկված 17-ամյա Ժորա Դանիելյանի համադասարանցիներն այսօր բողոքի ցույց են սկսել Կոտայքի մարզի Քաղսիի միջնակարգ դպրոցում: 11-րդ դասարանցիներին են միացել դպրոցի բոլոր աշակարտներն ու ուսուցիչները, որպեսզի ճանապարհին ապահովեն աշակերտների անվտանգությունը: «Մենք բոլորս Ժորա» ենք վանկարկումներով աշակերտները երթով շարժվում են դեպի Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ այս պահին բուժում է ստանում տղան: Այդ կերպ դպրոցականները կոչ են անում դադարեցնել ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ իրականացվող բռնությունը:

Նշենք, որ ոստիկանությունը հերքել էր այն տեղեկությունը, որ կատարվածը միտումնավոր է եղել: Ըստ ոստիկանության` կատարվածի պատճառ է հանդիսացել ճանապարհի երթևեկելի մասում հավաքի մասնակից քաղաքացիների, ինչպես նաև ավտոմեքենաների արհեստական, միտումնավոր և հակաօրինական կուտակումը: Ճանապարհահատվածը երթևեկելի դարձնելուն ուղղված աշխատանքների ընթացքում ոստիկանության ավտոմեքենայի վարորդը չի հասցրել արգելակել այն պատճառով, որ երեխան երթևեկելի հատվածում անօրինական հավաքի մասնակիցների շարքում պարզապես վազքով անցնելիս ինքն է հայտնվել մեքենայի դիմաց, ինչին նպաստել է նաև առջևից ընթացող ավտոմեքենայի անակնկալ և ոստիկանի պահանջներին հակառակ արգելակելը: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ ոստիկանը տեղում հրահանգ է ստացել այդ կերպ վախեցնել ցուցարարներին, արդյունքում միտումնավոր վրաերթի է ենթարկել երեխային:

Մեկնաբանություն
X