Իսկ ու՞ր է հոգեւոր Հայաստանը

Ավելի վատ տպավորություն, քան թողեց Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյանյան հանդիպման կարճ տեսագրությունը, նողկալի երազում անգամ պատկերացնելի չէր: Նախկին նախագահն ու գործող վարչապետը բանակցությունների էր եկել էթիկետի բոլոր կանոնների, նրա զրուցակիցը՝ խունվենբիական կեցվածքի ողջ «պերճանքով»: Ընդդիմության կամ «Ելք» դաշինքի առաջնորդի կողմից դա քամահրանք էր ոչ թե Սերժ Սարգսյանի անձի, այլ՝ պետականության հանդեպ առհասարակ: Նրա երթա-դաշտային «էպիկիրովկան» արդեն իսկ խոսում էր այն մասին, որ Փաշինյանը գալիս է «հաղթանակած հրապարակից» եւ «մեծահոգաբար պատրաստ է անվտանգության եւ անձնական ապահովության երաշխիքներ տալ իշխանությունը կորցրած» Սերժ Սարգսյանին:

Վարչապետն, ընդհակառակը, անթերի էր ընտրել եւ հագուստ-կապուստը, եւ ներածական խոսքի տոնը, եւ, առհասարակ, բանակցությունների մարտավարությունը, որ նախապես մի բան էր հուշում. «Ես ընդունում եմ, որ ինչ-որ տեղ վրիպել եմ եւ պատրաստ եմ միասնաբար որոնել բացերը փոխլրացնելու հնարավորությունը»: Փաշինյանը, ցավոք, տպավորված էր նախորդ օրվա բազմամամարդ ցույցի բարձր հուզականությամբ : Շարունակությունը հայտնի է, բայց դրանից չի հետեւում, թե խորհրդարանի երեք պատգամավորներ պետք է անհապաղ բերման ենթարկվեին, ձերբակալվեին եւ արգելափակվեին: «Մի՞թե ձեր երազածը մի հայ ոստիկանի երկիր է»,- 1915-ի ահավոր տարում ընդդիմախոսին հարց էր ուղղում Վահան Տերյանը եւ դրական պատասխան ստանալով՝ հակադարձում. «Մենք չենք ուզում մի այդպիսի հայրենիք»: Մեկ դարից ավելի ժամանակ է անցել, եւ մենք բոլորով պետք է աղաղակենք. «Մենք չենք ուզում հայ ոստիկանի հայրենիք»:

Մենք չենք ուզում մի հայրենիք, որտեղ խորհրդարանի պատգամավորն անձամբ բռնություն է գործադրում ցուցարարի դեմ: Մենք չենք ուզում մի հայրենիք, որտեղ իշխանական մեծամասնությունն իր շահատակություններն արդարացնելու համար զբաղվում է բարոյական դիակապտությամբ՝ ցիտելով Նժդեհի որեւէ օրախնդիր եւ մեծամասամբ պատմաքաղաքական փորձությանը չդիմացած հոդվածներիից ինչ-որ անհոդաբաշխ մտքեր: Մենք չենք ուզում մի հայրենիք, որտեղ քաղաքական կոալիցիայի անհրաժեշտություն բացարձակապես չկա, բայց ընտրություններում մեծամասնություն շահած ուժն, այնուամենայնիվ, կառավարություն է կազմավորում երկրորդ կուսակցության հետ: Մենք չենք ուզում մի հայրենիք, որտեղ խորհրդարանում փաստացի ներկայացվածությամբ երկրորդ կուսակցությունը ֆորմալ ընդդիմադիր է, գործնականում ՝իշխող ուժի համկալը: Մենք չենք ուզում մի հայրենիք, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը Ֆիդել Կաստրոյի դերն է խաղում:Անցած մի օր հրապարակի հարթակ էր բարձրացել Ռուբեն Հախվերդյանը եւ, թող ներվի, հոդաբաշխ ասելիք չուներ: Մինչդեռ բոլորն սպասում էին ՆՐԱ՝ հոգեւոր Հայաստանի, զգաստացնող խոսքին: Չկա, հոգեւոր Հայաստանը դիակ է, որի թաղման հանդեսը վերածվել է տեւական խեղկատակության: Եւ հազար անգամ արդարացի է քարվաճառցի Ալեքսանդր Քանանյանը, երբ ֆեյսբուքում ձեւակերպում է, թե «այսօր մի գյուղացի Աբո առնվազն տասնհինգ Սերժ Թանկյան արժե»:

Մենք, ահա, կորցրել ենք այն զսպող, զգաստացնող, բոլորիս կարգապահության եւ բարեկրթության կոչող կերպարի զգացողությունը: Մենք մեռցրել ենք հոգեւոր Հայաստանը: Մեր երգարվեստը դարձել է շոու-բիզնես, եւ նույնիսկ Թաթան է պահանջված կերպար, թատրոնը վերածվել է խեղկատակության, երեկ Հրանտ Թոխաթյանը «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնն էր վարում, այսօր միանում է ցուցարարներին, գրականությունը դարձրել ենք «պարապ վախտի խաղալիք», պետական պարգեւ ստացած գրողն ասում է՝ «նախագահը Սերժն է, իր ձեռքից եմ մեդալ ստանում,Պողոսը լիներ՝ իրենից կստանայի»,- մամուլը լուռ տապակվում է պրոֆեսիոնալ պարտքի եւ ֆինանսական ստնտուի քմահաճույքների միջակայքում... Եւ արդյունքում ունենում ենք անթրաշ, ուսապարկի տեղը չիմացող՝ ընդդիմության առաջնորդ, որի երկխոսությունը Սերժ Սարգսյանի հետ ընդհատվում է երրորդ րոպեից, որովհետեւ նման մարդու հետ իրեն հարգող ոչ մի պաշտոնյա, ուր մնաց թե՝ պետության փաստացի ղեկավարը, երկխոսության ցանկություն պարզապես չի՜ ունենա:

Ցավալի է...Իշխանության համար հոգեւոր Հայաստանը սոսկ ատրիբուտիկա է: Ընդդիմությունը, մինչդեռ, իր հակափաստարկներում պետք է մշտապես հղում անի այն մեծ ժառանգությանը, որի վրա, ըստ էության, գոյում է այսօրվա Հայաստանը: Իշխանության բնույթն է՝ մատնանշել փաստացի-առարկայական-առօրեական իրողությունները: Իշխանության սահմանը, սակայն, սեփական լիարժեքության եւ հոգեւոր Հայաստանի անանցանելիության հստակ գիտակցումն է: Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան կարճառոտ երկխոսության ոչ տեքստում, ոչ ենթատեքստում հոգեւոր Հայաստանը, դժբախտաբար, չդրսեւորվեց: Դա բոլորիս ճակատագրական վրիպումն է՝ որ իշխանությունը եւ ընդդիմությունը շեշտը դնում են «հայ ոստիկանի հայրենիքի վրա»: Դժվար է քաղաքակրթվածության դասեր տալ, մանավանդ երբ ինքդ ոչ մի ոլորտի պրոֆեսիոնալ չես, բայց առանց այդ ընդհանուր ջանքի, երբ հայ ոստիկանը պիտի դիտվի հայ ուսուցչի հետ նույն հարթության վրա, անհնար է հեռապատկերել հայրենիքի ապագան:

Մեկնաբանություն
X