Հասկանալի եւ անհասկանալի շարժում

Տիեզերքից բացի, ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ: Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը բացառություն չէ: Քչերն էին հավատում, որ փոքր խմբի սկսած քայլերթը կվերածվի նման ընդգրկում ունեցող շարժման: Պատճառը, թերեւս, Նիկոլ Փաշինյանի փողոց գնալու որոշման տուպիկայնությունն էր: Նրան չէին հավատում նույնիսկ սեփական խմբակցության անդամները: Սա չենք կարող ժխտել: Հետեւաբար, պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանի հաշվարկներն այլ բանի վրա էին կառուցված: Մեր համեստ կարծիքով` նա հույսը դրել էր այն մեխանիզմների վրա, որոնց շնորհիվ ժամանակին ստեղծեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Դա ազատ քաղաքացիների կուսակցություն է, նրանց ցանկությամբ, նրանց կամքով ստեղծված կուսակցություն, այստեղ հավաքված են քայլ անելու ընդունակ մարդիկ: Այսօրվա շարժումը ձեւավորման մեխանիզմների առումով ոչնչով չի տարբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Նույնն են անգամ հռետորաբանությունը, ոգեւորությունը, ակցիաների տրամաբանությունը: Շատ էլ իրարից տարբեր չեն մարդու ավտոտնակի կտուրը բարձրանալը, պատուհանների ճաղերից կախվելն ու դրանց տակ բարձրախոսները զլելը եւ, ասենք, փողոցում մարդկանց, տրանսպորտի առաջը կտրելն ու միանալու կոչեր անելը: Մեխանիզմներն աշխատեցին նաեւ այս դեպքում, ինչին մեծապես նպաստեց նաեւ կուտակված հանրային դժգոհությունը: Բայց այս ամենը, անկախ ամեն ինչից, պետք է նաեւ վերջ ունենա, հանգուցալուծում, այն չի կարող անվերջ շարունակվել, որովհետեւ շարժումը, այնուհանդերձ, կուսակցություն չէ եւ չի կարող իր բազմաբղետ կազմով հարատեւել տարիներ: Ավելին ասեմ` դեռ պետք է կարողանալ կարճ ժամանակամիջոցում ցանկացած շարժում հասցնել տրամաբանական ավարտի, այլապես այն կարող է դառնալ ձանձրալի եւ հիասթափեցնող: Կուսակցությունը կարող է ունենալ վերելքների եւ վայրէջքների տարիներ, իսկ շարժումը, եթե կա դրա դրական արգասիքը տեսնելու ցանկություն, պետք է իր տրամաբանական ավարտին հասցնել վերելքի մեջ` բաց չթողնելով դրա բարձրակետը, այլապես ստիպված կլինես դժգոհել նոսրացող հրապարակից, ընդհուպ վիրավորել այն մարդկանց, որոնք ողջ վերելքի ընթացքում իրենց ուսերին են կրել շարժումը: Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, թույլ չի տա ինձ ստել, որովհետեւ անձամբ է ականատես եղել Ազատության հրապարակի նոսրացող պատկերներին եւ «իրավացիորեն» դժգոհել դրանից:

Ի՞նչ ունենք այսօր: Մեկ ընդդիմադիր գործիչ, որին հաջողվել է ինքնաբուխ մարդաշատ հանրահավաքներ կազմակերպել հրապարակում, ոտքի հանել երիտասարդության հոծ բազմություն եւ ժողովուրդ (ես համաձայն չեմ Սերժ Սարգսյանի այն դիտարկման հետ, թե դա փոքր թիվ է կազմում), ընդդիմադիր գործիչ, որն իրավունք չունի տապալել շարժումը, եւ ունենք իշխանություն, որ պարտավոր է չդիմել ինքնաբուխ քայլերի, այլ Սահմանադրության ուժով կարգավորել անհնազանդության նորահայտ ալիքը: Ի՞նչ հանգուցալուծումներ են հնարավոր այս իրավիճակում:

Հանգուցալուծումներից մեկը` ամենաանցանկալին, միշտ կա: Դա առճակատումն է: Ո՛չ ԱՄՆ ներկայացուցիչները եւ ո՛չ էլ, մանավանդ, Մոսկվան թող մեզ չասեն, թե ինչ պետք է անի պետությունը, երբ անհնազանդությունների արդյունքում առաջանում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգ: Մենք ականատես ենք եղել թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում իրենց պետությունների գործողություններին, 2016-ին մենք տեսանք ՆԱՏՕ-ի անդամ երկրում հեղաշրջման փորձի վերջաբանը, նաեւ գիտենք, թե մեր հարեւան Ադրբեջանում ինչպես են ցրվում ջրի հերթերը, երբ դրանց մեջ մարդիկ բողոքում են իշխանություններից: Վերջապես՝ մենք ունեցել ենք Մարտի 1: Մեր դեպքում, գոնե այս պահին, չկա պետության կոշտ արձագանքի անհրաժեշտությունը, եւ, տա Աստված, բանը չհասնի դրան: Օգտվելով առիթից` կցանկանայի ՀՀԿ-ական առանձին գործիչների խնդրել, որ նրանք դադարեն ամեն անգամ արտասանել հետեւյալ ֆրազը․ «Մի շահագործեք ոստիկանության համբերությունը»: Ոստիկանությունը հույզերով առաջնորդվող կառույց չէ, եւ չի կարելի ամեն անգամ ոստիկանության խղճի վրա ծանրացնել տհաճ երեւույթների բեռը կամ ոստիկանությանը դարձնել «կրայնի»` քավության նոխազ: Ոստիկանությունը գործում է պետության համապատասխան ինստանցիայի հրամաններով: Վերջ:

Մյուս հանգուցալուծումը` խաղաղ շարժումը խաղաղությամբ ավարտելն է: Դա կարող է տեղի ունենալ երկու ձեւով․ առաջին` թողնելով, որ այն գնա ինքնասպառման, եւ երկրորդ` երկխոսությամբ, որ, մեր կարծիքով, ամենացանկալին է այս դեպքում: Ցանկալի այն առումով, որ դրանից կարող են շահել թե՛ Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը եւ թե՛ պետությունն ու ժողովուրդը: Կարեւոր է հասկանալ, որ, մի կողմից, շարժումն արդեն իսկ ասել է իր ասելիքը, իսկ մյուս կողմից էլ իշխանություններն են պատրաստակամ` փարատել եղած դժգոհությունները: Չհամագործակցելն այս պարագայում չի հասկացվի, որովհետեւ դրա այլընտրանքը կարող է դառնալ կա՛մ ընդդիմության առաջնորդի վերածված Նիկոլ Փաշինյանի գլխահակ հեռացումը, ինչը ցանկալի չէ, կա՛մ էլ ընդդիմություն-իշխանություն կառուցողական համագործակցության հույսերի փլուզումը, որ անընդհատ խոչընդոտ է դառնալու հետագա փոփոխությունների իրականացման ճանապարհին:

Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը չի նկատել, թե ինչպես են այս օրերին առանձին ուժեր ու գործիչներ փորձում խեղաթյուրել ու այլ նպատակների ծառայեցնել շարժումը, կամ, ինչպես Փաշինյանն է ասում` թավշյա հեղափոխությունը: Նաեւ չեմ կարծում, թե ես պետք է նրան բացատրեմ, որ այս շարժման ամենախոցելի տեղը քաղաքական ասելիք ու անելիք չունենալուց զատ նաեւ հնարավոր արտաքին միջամտություններից պաշտպանված չլինելն է: Երբ Նիկոլ Փաշինյանն արհամարհում է այս վտանգը եւ ցուցարարներին տանում է, օրինակ, Իսակովի պողոտայում լենուբոլ փռված ԱՄՆ դեսպանատան առաջ «մերժիր Սերժին» գոռալու, ես դժվարանում եմ հասկանալ նրան, ինչպես չեմ հասկացել նաեւ 2008-ին Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների մոտ տեղափոխված «ինքնաբուխ» հանրահավաքի «նպատակը»: Մենք այսօր ունենք մի Սահմանադրություն, որ անցել է արեւմտյան ամենահեղինակավոր կազմակերպությունների պրիզմայով եւ գրաքննության միջով: Եթե հնարավոր լիներ այդ Սահմանադրությամբ «մերժել Սերժին», ապա նույն այդ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ մեկ ուրիշը վաղուց մերժած կլինեին: Հիմա ի՞նչ ենք փնտրում ԱՄՆ-ի քթի տակ` Իսակովի պողոտայում, անկարգությո՞ւն, քաշքշո՞ւկ, կրակո՞ց… Արտասահմանից փող ստանալը լավ բան է: Բայց աղբյուրներն ստուգե՞լ եք: Ձեր ցույց տված սփյուռքահայերը, որոնք, որպես կանոն, խոսում են Երրորդ մասի բարբառով, շատ տարբեր են իմ իմացած սփյուռքահայերից: Հայաստանից փախած պատեհապաշտներին մի խառնեք այս շարժմանը, որովհետեւ դա լուրջ չէ, եւ երբեք չի կարելի բացառել, որ դրսի ուժերը հենց նրանց կարող են օգտագործել` դեպի Հայաստան «հարամ» փողեր ուղարկելու համար:

Վերջում երկու խոսք կուզենայի ասել նաեւ Սահմանադրության մասին: Հասկանալի է, որ Հայաստանն այսօր խորհրդարանական կառավարմամբ միակ երկիրը չէ, եւ մեր գործող Սահմանադրությունն էլ մյուսների ունեցածից վատը չէ: Հարց է առաջանում` գուցե մե՞նք ենք վատը, որ չենք կարողանում տեսնել նոր կարգերի առավելությունը հենց թեկուզ այն առումով, որ այս Սահմանադրությամբ, վերջապես, մենք նաեւ իշխանափոխության ռեալ հնարավորություն ստացանք: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այսուհետ, այո, իշխանությունը լինելու է փողոցում, եւ ժողովուրդն ում ձայն տա, նա էլ վերցնելու է այդ իշխանությունը: Թող 2022 թվականին դա լինի Նիկոլ Փաշինյանը, խնդիր չկա, կկարողանա՞ այնքան լավ աշխատել, որ 3-4 անգամ նրան քվեարկի ժողովուրդը, դարձյալ խնդիր չկա: Պատկերացնո՞ւմ եք, որ այդ ժամանակ Շարմազանովն ու Աշոտյանը դուրս գան փողոց ու պահանջեն` մերժել Նիկոլին: Մի ծիծաղեք: Այսօր հենց դա է տեղի ունենում, միայն դերակատարներն են տարբեր դիրքերում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X