Թատերականն էլ արեց իր քայլը՝ միացավ դասադուլին (տեսանյութեր)

>

Այսօր վաղ առավոտից Թատերական ինստիտուտի ուսանողները նույնպես միացել են «Իմ քայլը» նախաձեռնությանը՝ վանկարկելով «Դասադուլ» եւ «Միացիր» կոչերը։

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Դավիթ Մուրադյանն ասաց, որ առաջարկել է ուսանողներին հավաքվել դահլիճում եւ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, բայց ուսանողները չեն համաձայնել․ «Հիմա ինստիտուտում նրանք ֆլեշմոբեր են անում, երգում են, պարում են, նաեւ մոտենում ինձ հետ զրուցում են, իմ դիրքորոշումն են հարցնում»։ Իսկ ո՞րն է իր դիրքորշումը այս հարցում․ «Ես այն կարծիքին եմ, որ ազատությունը միակողմանի չի լինում, կողմ եմ, որ իրագործեն դա, քանի որ նրանք ազատ Հայաստանի ազատ քաղաքացիներ են եւ մենք ազատ Հայաստանում ապրելու համար հոգու խորքում պետք է շնորհակալ լինենք այն սերնդին, որ այդ ազատությունը նրանց համար ապահովեց, բայց թող մի քիչ էլ ուրիշի ազատությունը նկատեն»,-հորդորեց Մուրադյանը։

Թատերականի ռեկտորից հետաքրքրվեցինք, ինչպե՞ս է նայում ուսանողների քաղաքացիական այս դիրքորոշմանը, այս օրերին մի շարք բուհերում փորձում են ուսանողներին ճնշել բացակաների միջոցով, փակել բուհի դռները․ «Մեր դուռը բաց է եղել, մենք շփման հաղորդակցության պատրաստ ենք, ի վերջո մանկավարժ ենք, նաեւ ծնողներ ենք, մեր տներում այդ երեխաների պես երեխաներ կան։ Ամբողջ հարցն այն է, որ պետք է կարողանանք մեր կենսափորձը գումարել նրանց էնտուզիազմին։ Հիմա այսպիսի էլեկտրականացված ժամանակ է եւ մեր բոլորի խնդիրն է գոնե մեր կողմից հնարավորինս մանկավարժական տակտով մեր ուսանողության հետ ունենալ մշտական կապ, որպեսզի այս ամենը ազնիվ կամ ոչ այդքան ազնիվ քաղաքացիական պոռթկումից ավելի չանցնի օրենքի եւ բարոյականության սահմանները»,-ասաց նա։

Մեկնաբանություն
X