Գաղափարով լցված 30 հոգին ավելի հզոր են, քան 3 հազար անգաղափար զորքը

Սիրված դերասան Աշոտ Ադամյանը, ով վերջին ամիսներին ԱՄՆ-ում էր գտնվում, այս օրերին ակտիվորեն մասնակցում է «Իմ քայլը» արշավի հանրահավաքներին։ Հենց Հանրապետության հրապարակում էլ երեկ հանդիպեցինք նրան, ով ասաց, որ բավականին երկար կմնա այստեղ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ այս ամենը կծառայի նպատակին։

- Պարոն Ադամյան, շարժմանն աջակցելու նպատակո՞վ եք եկել Հայաստան։

Բնականաբար՝ այո։

- Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկրում արդեն սկսվել է թավշյա ժողովրդական հեղափոխություն։ Այդ հեղափոխական վիճակը Դուք իսկապե՞ս տեսնում եք այստեղ՝ հրապարակում, փողոցներում, մարդկանց տրամադրություններում։

Ես կարծում եմ՝ ճիշտ հայտարարություն է արված, որովհետեւ վաղուց է օդում կախված ժողովրդական ցասումը, դժգոհությունը։ Իսկապես իրավիճակը փոխվել է, ինչո՞ւ՝ որովհետեւ պատսպարված ավազակներն ինչ-որ բաներ են ընտրում։ Դա արդեն լավ է՝ բացասական իմաստով։ Ինչպես ասում են՝ փախնող առնետները գրավել են նկուղը, եթե առնետները գրավել են նկուղը, ուրեմն վիճակը փոխվել է։ Հետո՝ ինձ համար էլ է փոխվել իրավիճակը, որովհետեւ «Էլեկտրիկ Երեւանի» իմ հիասթափությունից հետո, երբ տեսա մասնատված, բզկտված երիտասարդություն, հանկարծ այսօր ես տեսնում եմ ծիլեր, որոնց ցավը ես տանեմ։ Եթե ունեմ ծիլեր, ուրեմն այգիս ծաղկելու է, հույսս չի կոտրվում, թող հույս չունենան, որ այս երկիրը սարքելու են բոստան, ինչպես որ այլանդակել են Երեւանը։ Ես շատ ուրախ եմ այս ամենի համար, որովետեւ իրավիճակը փոխված է, Նիկոլը դետոնացրեց այն։ Ես հեռու եմ քաղաքականությունից, եւ ինձ համար կուսակցականությունն անընդունելի է, ավելին՝ դա իմ համար ամենավատ բաներից մեկն է, բայց կուսակցությունների քաղաքական էլեմենտը չենք կարող դեռեւս բացառել։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, այն առաջարկը, որ հենված է նրա վրա, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր ազատ, անկաշկանդ, արժանապատիվ կամքը, սրա համար արդեն կարելի է ուրախանալ։

- Հիշեցիք «Էլեկտրիկ Երեւանը»․ այս օրերին ակամայից բոլորն են համեմատություն անում նախկին քաղաքական եւ քաղաքացիական շարժումների հետ, ինչպե՞ս կգնահատեք սրա պոտենցիալը։ Հատկապես որ Դուք նաեւ 2008-ի շարժման ակունքներում էիք, կա՞ն տարբերություններ, շատերն ասում են՝ այն ժամանակ հրապարակն ավելի բազմամարդ էր։

Ես չեմ ուզում տեսնել տարբերություններ եւ խնդրում եմ՝ մի համեմատեք 2008-ը 2018-ի հետ, մի համեմատեք Թոնդրակյանների շարժումը այս մեր շարժումների հետ։ Այն, ինչ կա պատմության գրքում, դա դասագիրքն է, բարի եղեք սովորել, թե ինչ է եղել, իսկ այսօր պետք է անել այն, ինչ պարտադրվում է այսօր։ Ոչ մի համեմատություն չեմ ուզում անել եւ քար գցել որեւէ մեկի բախչեն, բացի ստրուկներից ու հանձնվածներից՝ ՀՅԴ-ՄՅԴ, ՀՀԿ-ՄՀԿ, ԳՏՕ-ԲՏՕ։ Ես մի պահանջ ունեմ բոլորից՝ միասնականացեք, հերիք է գզեք իրար, բավական է, զզվացրել եք։

- Թեեւ 2008-ին ավելի բազմամարդ հանրահավաքներ եղան, բայց չհաջողվեց հասնել նպատակին․ ի՞նչ պետք է այսօր անի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ քաղաքացին, որպեսզի չկրկնվեն անցյալի սխալները։

Միասնականություն, ուրիշ խնդիր չկա։ Պատմահորը հիշենք, ողբը կարդանք, մի պահ մոռանանք, որ ողբացող ժողովուրդ ենք, արժանապատվությունը մեր մեջ վերջապես արթնանալու է, միասնականություն քարոզենք եւ իրար վրա կեղտ ու բիծ, տարբեր գույներ ման չգանք։ Հերիք է։ Մեկ խնդրի շուրջ համաձայնության եկեք՝ լուծեք, մնացած խնդիրները՝ ապագա մաքուր Ազգային ժողովում, թող այնտեղ վիճեն, իրար ուտեն, իսկ ժողովրդիս տան պետքական օրենքները։ Իրանց այդ տարաձայնություններն ու տարատեսակ մտածողությունները ժողովրդին պետք է խորապես չհետաքրքրեն։ Ժողովուրդն ուզում է մարդահաճո, բարեկիրթ, ծանր աշխատանքով ծաղկող այգի-երկիր ունենալ։

- Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ եթե հրապարակում լինի 50 հազար մարդ, ապա հեղափոխություն կլինի։

Նիկոլն այնքան խելոք տղա է, որ հենց 50 հազար հոգի նկատի չունի, նա շարունակական մասնակցությունը նկատի ունի։ Գաղափարով լցված 30 հոգին ավելի հզոր են, քան 3 հազար անգաղափար զորքը, ուստի խնդրում եմ, որ 50 հազարը մարդիկ ուղիղ չընկալեն, ընկալեք տարածականի մեջ՝ համընդհանուր մասնակցության եւ արժանապատվության արթնացման ձեւով, ոչ թե հաշվիչը դնենք ու հաշվենք՝ 50 հազար եղա՞վ, թե՞ ոչ։ Խորհուրդ եմ տալիս նաեւ չքննել ՀԱԿ-ին, «սակ»-ին, «ծակ»-ին, «մակ»-ին, պահանջեք միասնականություն, սրան-նրան փնովելու հավես չունեմ, ոչ էլ այդքան երկիր ունեմ, թող միասնականանան, բայց չեն լինում, բացակայում են քաղաքական պրոցեսից, որն այս պահին տեղի է ունենում եւ արդեն տեղի է ունեցել։

- Եթե այսպես շարունակվի, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

Ես Նոստրադամուսը չեմ, ժողովուրդը թող կանգնի եւ վերցնի իրեն պատկանողը, չի կանգնի՝ թող հացի կես կիլոգրամը դառնա հազար հինգ հարյուր դոլար, որ հասկանա՝ ինքը ստրկացված եւ ստորացված վիճակում է, ուրիշ ձեւ կա՞։ «Արժանապատվություն» բառն արտասանում ենք շատ հաճախ, բայց կորցրել ենք։ Ես հպարտանում եմ այս ջահելներով, բայց տեսնում եմ ջահելների մի ստվար կորսված ու կորուսյալ զանգված, որոնք թեեւ կենդանի են, բայց արդեն մեռել են, չկան, նրանք արդեն ստրուկ են, ծառայող են, բայց այս ջահելներով ես հպարտանում եմ։

- Մտավորականների պահվածքն այս օրերին ինչպե՞ս կգնահատեք, երեկ նրանք հանդիպել են արդեն նոր նախագահ Արմեն Սարգսյանի հետ եւ շրջանցել երկրում տիրող վիճակը, մի շարք քաղաքական, սոցիալական հարցեր։

Մենք մտավորականություն չունենք, չկա՛ տենց բան։ Առանձին-առանձին մտավորական գուցեեւ կա, բայց մտավորականություն չկա՜։ Մտավորական Սոկրատն էր, Արիստոտելը, Պլատոնը, բայց մենք չունենք։ Երբ ժողովուրդը կճանաչի մարդկանց, ովքեր իրենց ճշմարտությունն անդադար տալիս են երեսին եւ ուղեծիր ու ուղեցույցներն են ցույց տալիս, թող այդ մարդկանց անունը դրվի մտավորական։

- Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ իշխանությունները կանե՞ն այն, ինչ արեցին մարտի 1-ի ժամանակ, հատկապես որ նախօրեին արդեն կիրառեցին լուսաձայնային նռնակներ խաղաղ ցուցարարների նկատմամբ, եւ ունեցանք 46 վիրավոր։

Իմ կարծելով չէ, նրանք ամեն ինչի կարող են գնալ։ Այդ երիտասարդությունն է փոխվել, բայց նրանք չեն փոխվել չէ՞, նրանք կարող են ե՛ւ կրակել, ե՛ւ մի պահ տազ մտնել, ես նրանցից ամեն ինչ էլ սպասում եմ, երկիրն են այլանդակել, հիմա մի հատ կրակելն ի՞նչ է, որ չկրակեն։ Ումի՞ց սպասեմ մարդկային վերաբերմունք, իսկ գուշակել չեմ ուզում, ես գուշակությամբ չեմ զբաղվում, դրա համար կան կարտ գցողներ եւ գուշակներ։ Նրանք ամեն ինչի կարող են գնալ, օրինակ՝ գիշերային սադրանքների, որից հետո կասեն՝ դուք եք արել։

- Մտավախություն չկա՞, որ այդպիսի քայլերով կփոշիացնեն շարժումը։

Եթե պիտի փոշիանա, ուրեմն դա շարժում չէ, ինչի՞ց են փոշիանալու՝ Շարմազանովիկի խոսքերի՞ց։ Այսօր տենդենց կա՝ կիրթ խոսելու․ ամբողջ ոստիկանությունը ջանում է ուժերի գերլարումով մահակը ձեռքին կիրթ խոսի ու խփում է։ Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Արդյոք կարո՞ղ են կրակել, պատասխանում եմ ուղիղ տեքստով՝ իհարկե, կարող են, նրանք կրակած են այլեւս, ու բացատրության կարիք չկա։ Թող մի հատ պատասխան տան էն կրակածի համար, բայց չեն տվել, չէ՞։ Ուրեմն կարող են էլի, որովհետեւ մտածում են՝ եթե չկրակենք, պատասխան պիտի տանք։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X