Հայաստանից նոր դիմումնե՞ր կգնան ՄԻԵԴ

Ազատության հրապարակում 2002 թվականին արտոնված ցույցի արդյունքում մի քանի երիտասարդների հետ ձերբակալվեց եւ հետո վարչական տույժի ենթարկվեց ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, այժմ ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը, ով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 5 տարի անց՝ 2007-ին, երկար գործընթացներից հետո, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Հայաստանից ներկայացված հայցով իր առաջին վճիռը, ըստ որի՝ խախտվել է հայցվոր Արմեն Մկրտչյանի խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքը: Արմեն Մկրտչյանին երեկ խնդրեցինք զուգահեռներ անցկացնել հեռավոր 2002-ի եւ այս օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ, հատկապես որ ինչպես առաջ, այնպես էլ այսօր նույն մեթոդներն են կիրառվում խաղաղ ցուցարարների նկատմամբ, բերման են ենթարկվում հարյուրավոր քաղաքացիներ։ Սա նշանակում է, որ իշխանությունը դասեր չի՞ քաղել եւ մտավախությո՞ւն էլ չունի, որ ՄԻԵԴ-ը հնարավոր է այս դեպքերից հետո ստանա նմանօրինակ տասնյակ դիմումներ։

Արմեն Մկրտչյանը նախ նշեց, որ, ՀՌԱՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, հանձնաժողովի անդամը պետք է զերծ մնա քաղաքական գնահատականներ տալուց, որն ինչ-որ չափով սահմանափակում է քաղաքական հարցերում իր արտահայտվելու հնարավորությունը, որից հետո, այնուհանդերձ, տվեց իր իրավական գնահատականը։ «Ես համոզված եմ, որ Եվրոպական դատարանի որոշումները նախադեպային են եւ գրեթե օրենքի ուժ են ստանում, կոնկրետ իմ հետ կապված դեպքից հետո ուժի մեջ մտավ Եվրոպական դատարանի որոշումը, օրենք փոխվեց, եւ էլ իրավունք չունեին քաղաքացիներին նման տիպի՝ առանց բացատրության, վարչական տույժեր տալ։ Դրանից հետո, որքանով ինձ է հայտնի, հիմա օրենքի շրջանակներում այլ սահմանափակումներ են գործում, որոնք արդեն օրենքով ֆիքսված են, իսկ իմ ժամանակ նույնիսկ օրենքով էլ ֆիքսված չէր, եւ այսօրվա իրավապահ մարմինները փորձում են գործել այդ օրենքի շրջանակներում։ Հիմա որքանով է իրենց մոտ դա ստացվում, այդ գնահատականները պետք է տան դատարանները, սկզբից՝ մեր, իսկ մեր դատարանների որոշումները չբավարարելու դեպքում` նաեւ բողոքարկել Եվրոպական դատարան»,- ասում է Մկրտչյանն ու հավելում, որ գուցե իր դիմումն աջակցեց, որպեսզի օրենքով կարգավորվեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ ցույցերին եւ երթերին մասնակցելու համար։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X