Ջինը շշից բաց են թողել

Ազատությունը, ազատ կամարտահայտությունը, քաջությունը, փոփոխությունների պահանջը մարդու բնական, ես կասեի՝ կենսաբանական պահանջներից են։ Անազատությունն ու վախն են օտար եւ անբնական։ Եվ երբ մարդը գիտակցում է, ըմբոշխնում է ազատության շունչը՝ դրա բերած բերկրանքը, նրան այլեւս ոչինչ չի կարող զսպել։

Մարդիկ հանկարծ հասկացան, որ իրենք կարող են ազատորեն արտահայտվել, պահանջներ ներկայացնել իշխանություններին, արտահայտել իրենց բողոքն ու վրդովմունքը, խոսել իրենց կուտակված դժգոհություններից։ Եվ օրեցօր այդ ազատության, պահանջատիրության ոգին սկսեց աճել ու արբեցնել նրանց։ Մարդիկ թոթափել են վախի զգացումը, հասկացել են, որ մենակ չեն, եւ պետական պատժիչ մեքենան իրենց ոչինչ չի կարող անել, անգամ եթե տանի ոստիկանություն եւ վարչական կամ քրեական վարույթ հարուցի։ Սրանք հեղափոխության առաջին պտուղներն են, որից այնքան նյարդայնանում են իշխանության ներկայացուցիչները, եւ որն այնպես դուր չի գալիս ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների։

Նրանք մեծ սիրով կճնշեին ժողովրդական հուզումները, սակայն վախենում են հանրությանն ավելի շատ գրգռելուց։ Եվ այսպես․ հեղափոխության ջինը բաց են թողել շշից, ու հետ վերադարձնելը շատ բարդ է լինելու։ Բազմությունը զգացել է իր ուժը եւ ազատության համն է առել։ Վաղուց նման զգացումներ նա չէր ունեցել։ Արձանագրենք նաեւ, որ 2018-ի շարժումը բավականին տարբերվում է նախորդ բոլոր պայքարի բռնկումներից։ Նախ՝ նրանով, որ նախկինում երբեք պայքարն այնպիսի միանձնյա ղեկավարում չի ունեցել, ինչպես հիմա։ Միշտ մարդկանց խումբ է ղեկավարել։ Բացի այդ՝ երբեք պայքարի մարտավարությունն այսքան անսպասելի, ամեն օր ավելի ու ավելի հնարամիտ եւ կրեատիվ դարձող չի եղել, իսկ պայքարի առաջնորդը՝ այսքան «դուխով»։

Մեկնաբանություն
X