Հույս ունենք, որ Նիկոլը Սատուրնի զոհը չի դառնա

«Հեղափոխությունը Սատուրն աստծո պես է, այն խժռում է իր զավակներին»: Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը պարզապես ողողված է հանճարեղ երկխոսություններով և թևավոր դարձած խոսքերով, իսկ այս մեկը ամենայն ճշգրտությամբ արտահայտում է օրինաչափության ձգտող այն ճշմարտությունը, թե սովորաբար ինչ ավարտ են ունենում հեղափոխականներից շատերը:

Ահա այդպիսի ճակատագրի արժանացավ նաև Ռուսական Մեծ հեղափոխության գլխավոր ճարտարապետներից մեկը՝ Լև Տրոցկին՝ հեղափոխության շարժիչ ուժն ու Կարմիր բանակի հիմնադիրը: Այսօր նրան հիշելը ամենևին էլ պատահականություն չէ, պարզապես Երևանում այսօր թևածում են հենց նրա գաղափարները, չէ՞ որ փողոցային պերմանենտ պայքարը ժամանակակից Տրոցկիզմի առաջնային հիմնադրույթներից մեկն է:

Էս վերջերս ձեռքիս տակ անընդհատ պտտվում են Տրոցկու աշխատությունները և դրանից ելնելով ամեն անգամ առաջ է մղվում հետևյալ հարցադրումը. Ի՞նչ ընթացք կունենար մարդկության պատմությունը, եթե Լենինից հետո իշխանության համար մղվող պայքարում հաղթեր հենց Տրոցկին: Միգուցե աշխարհն այլ տեսք կունենար, հնարավոր է Խորհրդային Միությունը իսկապես կստանձներ համաշխարհային հեղափոխության պլացդարմի դերը և Կոմունիզմի ուրվականը վերջապես երկրային մարմնավորում կստանար: Իհարկե դժվար է ասել, բայց մի բան հստակ է, հաստատապես իշխանության չէին գա հակահեղափոխական մարդակեր գազանները, որոնք խեղաթյուրեցին Լենինիզմի ողջ էությունը:

Չգիտեմ՝ Տրոցկին ինձ դուր է գալիս: Նա պատմական այն կերպարներից է, որ կուզեի նրա փոխարեն լինել, տեսնել խելագարված ամբոխներին, մասնակցել ժողովուրդների մեծ բանտի՝ կայսրության, կործանման ընթացքին և ինչու չէ նաև սիրել Ֆրիդա Կալոյին:

Ես հասկանում եմ, որ ինձ հետևող ստալինիստները հիմա ինձ կպիտակեն որպես տրոցկիստ՝ դատապարտելով գնդակահարության, բայց ինչևիցե. «Пусть ваш голос будет вашей клятвой поддерживать всеми силами и со всей самоотверженностью Совет, который взял на себя великое бремя довести победу революции до конца и дать людям землю, хлеб и мир»։

Ամիսներ առաջ լրացավ Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակը: Ճնշված, ճորտացված և իրավազրկված ժողովուրդը 1917թ․ հարյուրամյակների իր ցասումն ու ատելությունը պայթեցրեց և մի քանի ժամվա ընթացքում մինչև վերջին փշուրը ոչնչացրեց հարյուրամյակների ընթացքում կառացված կայսրությունը:

Թվում է թե, Փետրվարյան հեղափոխությունով ամեն ինչ պետք է ավարտվեր, բայց ո՜չ, հեղափոխությունները երբեք հենց այդպես չեն ավարտվում, փողոց դուրս եկած քաղցած ժողովրդին հնարավոր չէ տուն ուղարկել, նա այլևս ժողովուրդ չէ, այլ՝ քաոսի մեջ անկանոն շարժվող մի գորշ զանգված, որն իր առջև խնդիր է դրել խորտակել ինքնակալությունը:

20-րդ դարի սկզբին ու՞մ մտքով կանցներ, թե Ռուսաստանում կարող է հեղափոխություն լինել, ոչ ոք չէր կարող հավատալ, թե մարքսիզմը կարող է հաղթանակի հասնել ճորտատիրության ճիրաններից նոր-նոր դուրս պրծած Ռուսաստանում: Բայց եղավ անսպասելին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն էապես շեղեց համաշխարհային պատմության ընթացքը:

Ռեֆորմացիայից, Ֆրանսիական Մեծ Հեղափոխությունից հետո դա երրորդ խոշորագույն հեղափոխական ալիքն էր: Ներկայումս սաղմնավորվում է չորրորդ ալիքը; Աշխարհին նոր ռոբեսպիերներ, լենիններ, տրոցկիներ ու մարտինլյութերներ են պետք, հարյուրամյակը մեկ մոլորակի կեղտոտ արյունը պետք է մաքրվի ու զտվի:

Եկատերինա 2-րդի համար գյուղացիները կեղտոտ շներ էին, որոնք երկաթյա ձեռնաշղթաներով կապված էին իրենց տներին՝ ըմբոստության համար ոչ պիտանի: Նրա պես էին կարծում նաև մյուս գահակալները: Վերջում պարզ դարձավ, թե ով շան պես գնդակահարվեց: Երևի թե Եկատերինայի հետ համակարծիք են նաև Հայաստանի իշխանությունները, նրանք էլ չեն հավատում, որ քաղցած գյուղացիները մի օր կհամարձակվեն իրենց ուտել:

Ներկայումս Հայաստանում էլ շատերը չեն հավատում, որ կարող է հեղափոխություն լինել։ Դա նրանց համար ինչ-որ միֆային ցնորք է, իրականությունից կտրված պատրանք։ Բայց չի կարելի այդքան վստահ լինել, որովհետև փողոց դուրս եկած քաղաքացիներին այդքան էլ հեշտ չէ տուն ուղարկել։

Վերջին օրերին Երևանի փողոցներում շրջում էր մի ուրվական: Եվ դա ուրվականն էր հեղափոխության: Բայց ուրվականն այդ այլևս չկա, որովհետև մարմնացել է ու մարդեղացել և հեղափոխության ուրվականին փոխարինելու է եկել մարմնացյալ հեղափոխությունը: Այո՛, այո՛, խոսքն այն հեղափոխական կոմիտեի մասին է, որի մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Հեղկոմի գաղափարն անմահ է ու անպարտ, դա այն մուրճն է, որն իր հարվածներով կարող է կոտրել իշխանական մաֆիայի դիմադրությունն ու կենսունակությունը:

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի մասին այսպիսի մի փոքրիկ տեքստ եմ գրել․ «2008 թ․ մարդկային գիտակցության մեջ երկու հերոսներ կային. մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ մյուսը՝ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ընդհանրապես ջահելների կուռքն էր։ Նա իր հռետորական բացառիկ ունակություններով ալեկոծում էր մարդկային հոգիներն ու ցնցում հարակից շենքերի պատերը՝ ինչ-որ տեղ հիշեցնելով Լև Տրոցկուն։ Այս համեմատության մեջ որևէ չափազանցություն չկա, այդ օրերի Նիկոլը իսկապես ուրիշ էր, նա, կարծես թե, մարդկանց պայքարելու ներշնչանքը լիներ՝ իր ամբողջ կիրքն ու ինքնավստահությունը փոխանցելով «խելագարված ամբոխներին»։ Ես իսկապես մեծագույն ցավ եմ ապրում, որ 2008-ի Նիկոլից այլևս ոչինչ չի մնացել, խորթ ու օտարացած մարդ է դարձել»։

Վստահաբար կարող եմ արձանագրել, որ այս օրերին ոչ թե 2008-ի Նիկոլն է վերադարձել, այլ՝ ներկայիս Նիկոլը ավելի լավն է, ավելի ուժեղ է և իսկապես մեծ հույս ու վստահություն է փոխանցում Հայաստանի քաղաքացիներին և առհասարակ ջահելներին։

Հույս հայտնենք, որ նա «Սատուրն աստծո» զոհը չի դառնա և իր հեղափոխական կոմիտեի հետ միասին արդեն իսկ մարմնացյալ հեղափոխությունը կհասցնի տրամաբանական ավարտին։

Մեկնաբանություն
X